Ինչո՞ւ Հանրապետական կուսակցությունը որոշեց կուսակցական տույժի ենթարկել Պալաչ մականունով հայտնի Արթուր Հարությունյանին, իսկ, ասենք, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով ավելի սկանդալային անձ է եւ մշտապես աղմկոտ իրադարձությունների կենտրոնում է հայտնվում, երբեւէ չի արժանացել ՀՀԿ-ի հրապարակային պարսավանքներին: Կամ` կուսակցական տույժի չենթարկվեցին ԱԺ-ում այլոց փոխարեն քվեարկող ՀՀԿ-ական պատգամավորները, ՀՀԿ-ական այն պատգամավորները, ովքեր սիրում են վիրավորանքներով խոսել ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մասին: Բերեմ ամենաթարմ օրինակները. ԱԺ նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը «Ժառանգությունը» ներկայացնող Ստեփան Սաֆարյանին «խորհուրդ» էր տալիս ականջները լվանալ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանն էլ «Ժառանգության» ղեկավարին ոչ ավել, ոչ պակաս` «ծաղրածու» անվանեց: Պարսավանքի արժանի հանրապետականների ցանկը երկար կարելի է շարունակել:

Ինչ մնում է վերոնշյալ մնացյալ դեպքերին՝ Հովհաննես Սահակյանը հավաստիացնում է, որ բոլոր դեպքերն են ՀՀԿ-ում քննարկման արժանանում եւ եթե հարցի «հիմնավորվածությունը կամ պրովոկացիան ավելի նվազ է կամ ավելի շատ` քան իրական պատկերը, մենք դրան փորձում ենք չանդրադառնալ, որովհետեւ դրա հետքի ազդեցությունը շատ ավելի դժվար է վերացնել»: Դիտարկմանը` ասենք, Սյունիքի մարզպետի հետ եւ շուրջ տեղի ունեցող իրադարձություններում մշտապես պրովոկացիաները գերակշռել են, Սահակյանը հակադարձեց, որ չի ցանկանում անձնավորել` բերելով ՀՀԿ Սպիտակի կառույցում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները, երբ 7-8 կուսակցական ընկերներ, ըստ Սահակյանի, կուսակցությանը հարիր գործունեությամբ չէին զբաղվել, հետեւաբար, համապատասխան կուսակցական պատիժներ կրեցին: «Եթե մականունով ինչ-որ մի երիտասարդ աչքի է ընկել եւ տույժի արժանացել` դա պետք չէ մատի փաթաթան սարքել»,- ասաց մեր զրուցակիցը:

Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































