
Հենց այս «լոդրանոցի» հարակից տարածքում էլ մեկնարկեց «Ժառանգության» հանդիպումը, որի ընթացքում բացի Րաֆֆի Հովհաննիսյանից, որն ասաց, թե պետական ու հանրային շենքերից պետք է իջեցնել կուսակցությունների դրոշներն ու բարձրացնել եւ խոնարհվել միայն մեկի՝ Հայաստանի Հանրապետության դրոշի առաջ, ելույթ ունեցավ նաեւ Կարապետ Ռուբինյանը: Նա չարենցավանցիներին կոչ արեց անկախ այն բանից, թե նրանք որ կուսակցությանը կամ քաղաքական գործչին են համակրում՝ քվեարկությանը օրը գնան հստակ գիտակցումով, որ «մենք այս ընթացքով տանուլ ենք տալիս մեր երկիրը, այսպիսի ընթացքով այլեւս չենք կարող շարունակել, որովհետեւ այն տանում է կործանման, եւ երկիրն ամայանում է»: Նա արձանագրեց, որ Հայաստանում աղքատների թիվը հասել է վտանգավոր՝ 60 տոկոսի շեմին, եւ այս վիճակի պատասխանատուները հիմա հայտարարում են, թե մենք նորից իրենց պիտի հավատանք: «Ես կարծում եմ, որ դա՝ մեր երկրի համար այդպիսի ընթացք ընտրելը, անթույլատրելի է այն մարդկանց համար, ովքեր ուզում են մնալ ու շարունակել ապրել Հայաստանում, մնալ այս երկրի քաղաքացի»,– ասաց Ռուբինյանը՝ հորդորելով, որ չարենցավանցիները, անկախ նրանից, իրենց շահագրգռե՞լ են, թե՞ ոչ՝ քվեարկեն հենց այն գիտակցումով, որ այսպես շարունակել չի կարելի: «Ու մի հավատացեք նրանց, ովքեր ասում են թե՝ միեւնույնն է՝ ամեն ինչ մեր փոխարեն որոշված է, եւ ոչինչ փոխել հնարավոր չէ: Տեսնենք՝ եթե մեր ժողովրդի 90 տոկոսը գնա քվեարկության եւ ընտրություն կատարի, էդ ո՞նց են կարողանալու կեղծել այդ քվեարկության արդյունքները: Այսօրվա վիճակը փոխել հնարավոր է, համոզված եղեք, եւ «Ժառանգությունը» եկել է ասելու, որ ի վիճակի է պատասխանատվություն ստանձնել, մնացածը դուք եք որոշելու»,- հայտարարեց Ռուբինյանը:
Հենց նրա ելույթի ընթացքում էր, որ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը մոտեցավ Զարուհի Փոստանջյանին ու մի կողմ տարավ՝ ասելու համար, թե միջոցառումը տեղի է ունենում առանց քաղաքապետարանին համապատասխան ծանուցում ներկայացանելու: Ու մինչ Զարուհին բացատրում էր, թե սա նախընտրական հանդիպում է, որին 100-ից ավելի մարդ էլ չի մասնակցում, ո ւստիեւ ոչ մի ծանուցման անհրաժեշտություն չկա էլ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն ինքը քաղաքապետին մի կողմ հրավիրեց ու կեսկատակ-կեսլուրջ ու «Ժառանգության» «Գալիս ենք» կարգախոսի մոտիվներով բառախաղ անելով ասաց. «Իմ հեռախոսը ԱԱԾ-ն օր ու գիշեր լսում է, ուրեմն՝ դուք պիտի որ արդեն իրազեկված ու տեղյակ լինեիք, որ մենք գալու ենք»:
Արդեն իր ելույթում Փոստանջյանը ի պատասխան, նրա ձեւակերպմամբ՝ «հուզված քաղաքապետի», հայտարարեց, որ հավաքներ անցկացնելը ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքն է, որի համար նրանք որեւէ մեկի թույլտվությունը ստանալու խնդիր չունեն:
Ի դեպ, չարենցավանցիներից մի քանիսը միջոցառումից հետո հուսախաբված էին, որովհետեւ պարզել էին, որ «Ժառանգությունը» նրանց գումար չի բաժանում ու չի խոստանում, մինչդեռ, ինչպես տեղացիներն ասացին՝ այստեղ իրենց այլ կուսակցությունները 5-10 հազար դրամ են առաջարկում:


















































