Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» ԱԺ մոնիթորինգային խմբում երբեք չի եղել, որ հիմա էլ հեռանար

Ապրիլ 19,2012 13:30

«Ես՝ որպես «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ, արդեն ասել եմ, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի գրավոր հրավերը՝ քննարկելու ԱԺ նախագահին կից մոնիթորինգի աշխատանքային խումբ ստեղծելու գաղափարը, ուղղված է եղել խորհրդարանական բոլոր խմբակցություններին: Երկու թե երեք աշխատանքային հանդիպում է եղել, որոնք ավելի շատ նախապատրաստական բնույթ են կրել, որոնց ես մասնակցել եմ, եւ, այո, իմ կուսակցությունը հենց սկզբից էլ ինձ հանձնարարել էր՝ քանի դեռ պարզ չեն, թե արդյոք կընդունվե՞ն «Ժառանգության» առաջարկները, եւ արդյոք այդ խումբն ընտրությունների ընթացքը վերահսկելու իրական հնարավորություններ կունենա՞, որեւէ վերջնական պատասխան՝ այս խմբին «Ժառանգություն» խմբակցության մասնակցության վերաբերյալ չտրվի: Եվ հենց առաջին նիստում ու դրանից հետո էլ կրկնել եմ, որ «Ժառանգությունն» այս բավականին լարված վիճակում որեւէ ցանկություն չունի իր ժամանակն ու մարդկային ռերսուրսները ներդնել մի բանում, որը ոչինչ չի փոխելու ընտրությունների որակի իմաստով: Դրանից հետո թե գրավոր, թե բանավոր ներկայացրել ենք մեր պատկերացումները ընտրությունների ընթացքի վերահսկողության կապակցությամբ: Երբ մեզանից պահանջվել է ներկայացուցիչ նշանակել խմբում, իսկ դա արվել է եւ գրավոր, եւ հեռախոսազանգով, եւ նիստի ժամանակ՝ իմ կողմից հստակ ասվել է, որ որեւէ մեկը իմ մասնակցությունը խմբի նախապատրաստություններին թող չհամարի խմբին «Ժառանգության» մասնակցության վերաբերյալ վերջնական պատասխան, հետեւաբար՝ որեւէ ներկայացուցիչ չի նշանակի եւ որեւէ փաստաթուղթ չի ստորագրի, քանի դեռ հստակ չէ, թե ուր մեզ տանում այս խումբը եւ ինչ կարող է անել»,- հայտարարեց Ստեփան Սաֆարյանը ի պատասխան Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք «Ժառանգությունը» երբեւեէ եղե՞լ է ԱԺ նախագահին կից ստեղծված ընտրությունների մոնիթորինգային աշխատանքային խմբում եւ արդյոք միայն երե՞կ է հեռացել խմբից՝ ինչպես գրում է մամուլը:

Ստեփան Սաֆարյանը մեր զրույցում նաեւ հավելեց, որ «Ժառանգությունն» իր դիրքորոշումը՝ այս խմբի աշխատանքների եւ դրան խմբակցության մասնակցության վերաբերյալ, գրավոր եւ հայտարարության տեսքով հայտնել է մի քանի օր առաջ, երբ ԱԺ-ն ապացուցեց իր անկարողությունը՝ իր անմիջական գործառույթների եւ առաքելության կատարման մասով: Ստ. Սաֆարյանը նկատի ուներ այն, որ ԱԺ նստաշրջանի արդեն երկրորդ քառօրյան է, որ քվորումի բացակայության պատճառով տեղի չի ունենում: «Պետք է արձանագրել, որ այսօր Հայաստանում Ազգային ժողով չկա, որովհետեւ ԱԺ երկու քառօրյա ձախողվեց միայն այն պատճառով, որ նախագահությունը անզոր էր աշխատանքի, իր պարտականությունները կատարելու հրավիրել այն մարդկանց, ովքեր հավակնում են լինել նաեւ հաջորդ գումարման խորհրդարանում եւ այսօր ընտրական գործընթացների մասնակիցներ են: Այդ առնչությամբ իմ կուսակցությունը մեկ շաբաթ առաջ համապատասխան հայտարարություն տարածեց»,- հիշեցրեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով այսօր մամուլում հրապարակված տեղեկություններին, թե ինքը երեկ հայտարարել է, որ «Ժառանգությունը» «դուրս է գալիս ԱԺ նախագահին կից ստեղծված մոնիթորինգի հանձնաժողովից», եւ դրա մասին պաշտոնական նամակ է ներկայացվել Սամվել Նիկոյանին: Սաֆարյանը կարծիք հայտնեց, թե «հայաստանյան մամուլը ուշ է ծանոթացել դեռ մեկ շաբաթ առաջ տարածած մեր հայտարարությանը», նաեւ հավելեց, թե երեկ «Ժառանգությունն» իսկապես չի մասնակցել աշխատանքային խմբի առաջին նիստին, իսկ նախորդները, ի տարբերություն այս մեկի, նախապատրաստական աշխատանքային հանդիպումներ են եղել:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30