Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «ՀՅԴ-ն մեզ հետ չի կարող ոտք գցել»

Ապրիլ 20,2012 20:12

«Ես այսօրվա «Ժառանգությունը» չեմ համարում այն «Ժառանգությունը», որի հետ 5 տարի միասին խորհրդարանում աշխատել ենք: Այսօրվա «Ժառանգությունից», ըստ էության, մնացել է բրենդը եւ գնահատել, որ լրիվ տարբեր տեղերից եկած ու լրիվ տարբեր մարդկանցով մեկ քաղաքական ակումբում հավաքված մարդկանց խումբը ցանկի հրապարակումից 2 օր հետո դառնա թիվ 1 ընդդիմությունը, դա ինձ համար զարմանալի է»,-երեկ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ անդամ Արա Նռանյանը, անդրադառնալով Aravot.am-ի այն դիտարկմանը, որ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը ներկայումս հենց «Ժառանգությանն» է համարում ընդդիմության լիդեր:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը Aravot.am-ի հետ զրույցում Արա Նռանյանին շնորհակալություն հայտնեց, որ վերջինս նման գնահատական է տվել. «Փաստորեն, ամրագրել է, որ անցած 5 տարիներին «Ժառանգությունը որպես ընդդիմություն կայացավ եւ դարձավ բրենդ»: Իսկ ինչ վերաբերում է «Ժառանգության» ցուցակին, տիկին Բախշյանը նորմալ երեւույթ է համարում կուսակցություններում նոր մարդկանց ընդգրկելը. «Իրենք էլ բավականին նոր անդամներ ունեն իրենց ցուցակում եւ հայտնի չէ թե որտեղից են: 100%-ով երաշխիք չկա, որ մեր ցուցակում ընդգրկված բոլո՛ր մարդիկ պիտի այնպես աշխատեն, ինչպես  «Ժառանգության» պատգամավորներն անցած 5 տարիներին»: Այդուհանդերձ, տիկին Բախշյանի վստահեցմամբ`ամեն նոր  անդամի առջեւ պահանջ է դրված «Ժառանգության» նշաձողից միլիմետր անգամ չշեղվել:

«Ժառանգության»` ներկայիս լիդեր լինելու մասին էլ, Անահիտ Բախշյանն  ասաց. «Ժառանգությունը» մշտապես` 2007-ից ԱԺ-ում հայտնվելու պահից մինչ օրս, նույն ընդդիմադիր գիծն է տանում, նույն պահանջատերն է երկրի, քաղաքացու իրավունքի նկատմամբ եւ քաղաքացու ոտնահարված իրավունքների համար: Այս կետով «Դաշնակցությունը» մեզ հետ չի կարող ոտք գցել, համեմատվել. գոնե այնքանով, որ մինչեւ 2009 թվականը ինքը իշխանություն էր, եւ անցած 10 տարիներին էլ էր իշխանություն, եւ այն բոլոր ծրագրերն ու առաջարկությունները, որ իրենք այսօր անում են ժողովրդին իրենց կողմը գրավելու համար, որպես ընդդիմություն, իրենք կարող էին դրանք իրականացնել, երբ իշխանություն էին: Իսկ ես կասեմ ճիշտ հակառակը` Դաշնակցության իշխանություն լինելու ժամանակ ծրագրեր տապալվեցին. Կնշեմ միայն երկուսը»: Եվ տիկին Բախշյանը նշեց կրթության ոլորտում Դաշնակցության ծրագիրը` 12- ամյա կրթության մասին, որն, ըստ պատգամավորի. «Ի սկզբանե ծուռ հիմքերի վրա դրվեց եւ մինեչւ հիմա չենք կարողանում շտկել»: Տիկին Բախշյանը հիշեց նաեւ, որ  դաշնակցական նախարարի ժամանակ էլ Վերահսկիչ պալատը բացահայտել էր, որ մանկատան շրջանավարտների  համար նախատեսված գումարով սահմանված բնակարանները չեն գնվել. «Այդ ամբողջ ծրագիրն այնպես է տապալվել, որ մինչ օրս խելքի չի գալիս: 3 ոլորտ` կրթություն, սոցիալական եւ գյուղատնտեսություն, իրենք են ղեկավարել, ի՞նչ է փոխվել այդ տարիներին, այդ ոլորտներում եւ ինչքանո՞վ են իրենք հանրապետական կուսակցությանը հակառակ գնացել: Իրենք կատարել են այն հրամաններն ու քաղաքականությունը, ինչը հանրապետականն է թելադրել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30