Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե անկեղծ եք

Ապրիլ 21,2012 12:46

Ես չեմ վախենում Սերժ Սարգսյանի, չեմ վախենում Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունից: Ես ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում, եթե նախագահ դառնան Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը: Նրանք, իհարկե, տարբեր ձեւով են ղեկավարելու, բայց բանական մարդիկ լինելով, պաթոլոգիկ հակումներ չունենալով՝ կփորձեն պահպանել ներքին կայունությունն ու համերաշխությունը: Միակ մարդը, որի իշխանությունից ես վախենում եմ, Ռոբերտ Քոչարյանն է: Վախենում եմ ոչ անձամբ ինձ համար. պարզապես այդ նախագահի օրոք տեղի է ունեցել առնվազն երկու իրադարձություն՝ Հոկտեմբերի 27 եւ Մարտի 1, որոնք երկու անգամ մի քանի տարով ետ գցեցին մեր երկրի զարգացումը: Վերը թվարկած գործիչներից ոչ մեկը դա թույլ չէր տա: Առաջին նախագահը կարող է անկեղծորեն վիրավորվել, երբ ինչ-որ մեկն իր նման չի մտածում, ներկայիս նախագահն այդպիսի մարդուն կփորձի համոզել իր ճշմարտացիության մեջ: Երկրորդ նախագահը երբ տեսնում է, որ իր հետ համաձայն չեն, զուտ բնազդորեն ձեռքը տանում է դեպի ատրճանակը: Նույն ռեժիմի պայմաններում կա բնավորությունների տարբերություն, եւ Ռոբերտ Քոչարյանի բնավորության առանձնահատկությունները կարող են երկրի համար վտանգավոր լինել: Եթե իմ հարգարժան բարեկամները ՀԱԿ-ից կամա թե ակամա դրան նպաստում են, ապա, ինձ թվում է, սխալ են վարվում:

Երկխոսության մասին: «Ընդդիմադիր կողմը (ՀԱԿ-ը՝ այսինքն-Ա. Ա.) շատ դաժան պայքարից հետո երկխոսության նստեց՝ սկսելով մի այնպիսի նախադեպ, որ պիտի փայփայվի, գուրգուրվի, դառնա ընդդիմության եւ իշխանության Աստվածաշունչը քաղաքական, բայց էլի գտնվեցին մարդիկ, անգամ մի թերթ, որ այդ երկխոսության հիմնական ջատագովն էր, համարում էր, թե այդ երկխոսությունը սխալ է եղել», – երեկ հանրահավաքում ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը : Եթե «մի թերթը» «Առավոտն» է, ապա անձամբ գտնում եմ, որ երկխոսությունը շատ էլ ճիշտ է եղել: (Բնականաբար, մեր թերթում նաեւ այլ կարծիքներ են հրապարակվել): Ավելին՝ ես կողմ էի, որ երկխոսությունը շարունակվեր ու «չլռվեր» պիտբուլների դնչկալների խնդրի վրա. այդ ընթացքում հնարավոր կլիներ իշխանություններից կորզել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը, ընտրական տեղամասերի պարտադիր նկարահանումը եւ շատ այլ բաներ, որոնք հիմա կհեշտացնեին ընդդիմության գործը:

Միացյալ շտաբի մասին: Փառք ու պատիվ ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՀՅԴ-ին, որ կարողացան, մի կողմ թողնելով բոլոր տարաձայնությունները, այդ շտաբը ստեղծել: Առաջին նախագահի հետ միասին չեմ հասկանում, թե ինչու «Ժառանգությունը» չի մասնակցում տվյալ կառույցի աշխատանքներին: Աստված տա՝ այդ շտաբն իր առաքելությունը կատարի ու գոնե որոշ չափով կասեցնի ընտրախախտումները: Իմ առարկությունները վերաբերում են ոչ թե շտաբին, այլ ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններին: Չի կարող պատահել, որ 10 նախարար ունեցող քաղաքական ուժը «գող-ավազակ» է, իսկ 3 նախարար ունեցողը՝ սրբերի հավաքածու: Չի կարող պատահել, որ երկու օլիգարխները բութ եւ անգրագետ լինեն, իսկ մեկը Հարվարդի մակարդակ ունենա: Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանի հետ մեծամասնականով ոչ մի ընդդիմադիր չի համարձակվել առաջադրվել, նրան բանավեճերի հրավիրել եւ այլն: Եթե իսկապես պայքարում եք համակարգի դեմ, ապա պայքարեք ամբողջապես, ոչ թե հատվածաբար: Եթե խաղեր եք տալիս՝ ուրիշ հարց:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30