Լրահոս
Օրվա լրահոսը

Սաշիկ Սարգսյա՞նն է «խաղի մեջ» մտցրել

Մայիս 04,2012 14:13

Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների շուրջ: Հիշեցնենք, որ այստեղ հիմնական մրցակիցներն են ՀՀԿ ներկայացուցիչ Հայկ Գրիգորյանը, ինքնաառաջադրված առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, ՀԱԿ-ից վերջերս հեռացած, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը եւ նրա երբեմնի տեղակալ, ՀԱԿ-ի կողմից առաջադրված Վարազդատ Վարդազարյանը: Շրջանառվող խոսակցությունների համաձայն, առողջապահության նախկին փոխնախարարին ընտրական «խաղի մեջ» է մտցրել նախագահի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, այդ ընտրատարածքում գործող պատգամավորը: Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն  Aravot.am-ի հետ զրույցում պնդեց, որ ինքն էլ է լսել նման խոսակցություններ եւ համոզված է, որ դա իր դեմ է արված: Ի դեպ, Սամվել Հարությունյանը պատմեց, որ իր քարոզչական խումբը ընտրական նոր տեխնոլոգիա է մշակել, որը մեծ ազդետություն է թողնում ընտրողներին քաղաքացիական գիտակցության բերելու առումով: Ընտրատարածքի բոլոր բակերում իրենք օրը մի քանի անգամ ձայնագրություն են միացնում՝ հնչում է ռազմահայրենասիրական երգ, ապա իր թիմակիցներից մեկը ներկայացնում է իրեն՝ թեկնածուին, այնուհետեւ  իր խոսքում Սամվել Հարությունյանը կոչ է անում չվախենալ եւ իր թիմի հետ միասին մայիսի 6-ին դուրս գալ ստրկատիրության դեմ: Այդ տեխնոլոգիան, ըստ Հարությունյանի, հունից հանել է նաեւ Սուրիկ Խաչատրյանին: Այն բակում, որտեղ նա է բնակվում, նույնպես օրական մի քանի անգամ միացնում են ձայնագրությունը:

Aravot.am-ը առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանին խնդրեց մեկնաբանել խոսակցությունները, որ իրեն ընտրական «խաղի մեջ» է մտցրել նախագահի եղբայրը: «Ոչ: Դա իրականությանը չի համապատասխանում: Ես ոչ մի խաղի չեմ մասնակցում: Ես մասնակցում եմ ԱԺ պատգամավորության ընտրությունների»,- ասաց պարոն Հակոբյանը: Խոսակցություններ կան, որ Հակոբյանն իր քարոզարշավը «տեղային բաժանման» սկզբունքով է տանում՝ սիսիանցիներ-գորիսեցիներ տարբերակմամբ: Հակոբյանը դա էլ հերքեց եւ ասաց, որ ինքը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Գորիսի տարբեր համայնքներում՝ արժանանալով ջերմ ընդունելության: Մեր զրուցակիցը ասաց , որ շատ արդյունավետ քարոզարշավ է անցկացրել եւ «շատ բարձր հավակնություններ» ունի: Ի դեպ, Թաթուլ Հակոբյանն աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում եւ ենթադրաբար, բավականին բարձր է վճարվում. հետաքրքրվեցինք՝ ո՞րն է խնդիրը, որ նա որոշել է հրաժարվել բարեկեցիկ կյանքից եւ թիվ 37 ընտրատարածքի ընտրողներից պատգամավորի աշխատանք է հայցում՝ 500-600 ԱՄՆ դոլար աշխատավարձով: «Իմ ամբողջ աշխատանքային, մասնագիտական եւ այլն, այն ամեն գիտելիքները, հմտությունները, փորձառությունները, ինչը որ ես կուտակել եմ՝ դնել ի բարօրություն ՀՀ քաղաքացու եւ մարդու»,- ասաց նա: Իսկ թե ի՞նչն է իրեն ստիպում նման ինքնազոհության գնալ՝ Հակոբյանը պատասխանեց. «ՀՀ քաղաքացու համար ավելի բերկրալի բան չի կարող լինել, քան ծառայել սեփական ժողովրդին եւ պետությանը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031