Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին օրը՝ առանց օլիմպիական ուղեգրի

Մայիս 05,2012 13:17

Երեկ Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում մեկնարկեց ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարը, որի արդյունքներով վերջնականապես որոշվելու է, թե որ երկիրը Լոնդոնում կայանալիք ամառային 30-րդ օլիմպիական խաղերում քանի մասնակից է ունենալու:

Բաղձալի ուղեգրին տիրելու համար բոլոր քաշային կարգերում ըմբիշներից պահանջվում էր հասնել եզրափակիչ:

Երկու մրցաձեւերի Հայաստանի ազգային հավաքականները, որոնք արդեն իսկ երեքական ուղեգիր ունեն, մրցավայր ներկայացել են չորսական ներկայացուցչով: Ֆինլանդիայի մրցագորգը առաջինը տրամադրվեց ազատ ոճայիններին: Գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը վերջին փորձամրցումը վստահել է Արթուր Առաքելյանին՝ 60 կգ քաշային կարգ, Մուսա Մուրթազալիեւին՝ 74 կգ, Էդգար Ենոքյանին՝ 96 կգ եւ գերծանր քաշային Ռուսլան Բասիեւին:

Երեկ պայքարի մեջ ներգրավվեցին առաջին երեք ըմբիշները, որոնք, ցավոք, չարդարացրին սպասելիքները: Առաջինը պայքարից դուրս մնաց Էդգար Ենոքյանը, որ պարտվեց հենց մեկնարկային գոտեմարտում: Մեկ անգամ ավելի գորգ մտավ Մուսա Մուրթազալիեւը, որը հարավաֆրիկացուն պարտության մատնելուց հետո՝ հաջորդ փուլում զիջեց բելառուսցի Մուրադ Գայդարովին:

Ուղեգրին տիրելու համար ընդամենը մեկ քայլ չբավականացրեց Արթուր Առաքելյանին: Սկսելով 1/8 եզրափակչից՝ Արթուրն առավելության հասավ մոնղոլացու, ապա՝ կանադացու նկատմամբ ու մտավ կիսաեզրափակիչ: Սակայն այստեղ նա ցավալի պարտություն կրեց: Մեր մարզիկը հաղթում էր միավորների 3:0 տարբերությամբ, սակայն այնուհետեւ նախաձեռնությունը զիջեց մրցակցին ու այլեւս չկարողացավ կորցրածը ետ բերել: Ի դեպ, գերմանացի Թիմ Շլեյչերը մեկնարկային գոտեմարտում առավելության էր հասել Հունաստանի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակից Անդրանիկ Հովսեփյանի նկատմամբ:

Այսօր մրցագորգ է մտնելու ազատ ոճայինների մեր վերջին օլիմպիական հույսը՝ 120 կգ քաշային Ռուսլան Բասիեւը: Մասնագետների վկայությամբ՝ վիճակահանությունը նրա նկատմամբ բարեհաճ է գտնվել: Բասիեւը, որ սկսելու է երկրորդ շրջանից, հանդիպելու է կորեացի Կունգ-Ժին Նամին եւ հաջողության հասնելու դեպքում գոտեմարտելու է Ղազախստանի եւ Բրազիլիայի ներկայացուցիչների պայքարում հաղթողի հետ: Մնում է հուսալ, որ այսօր մեր ազատ ոճայինները օլիմպիական խաղերի չորրորդ ուղեգիրը կնվաճեն:

Միեւնույն ժամանակ այսօր մրցասպարեզը տրամադրվելու է նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշներին, որտեղ մեր հանրապետությունից հանդես են գալու Ռոման Ամոյանը՝ 55 կգ քաշային կարգ, Նորիկ Խաչատրյանը՝ 60, Հովհաննես Վարդերեսյանը՝ 66, եւ Արթուր Շահինյանը՝ 96 կիլոգրամ:

Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձան նրանց մեկնարկային մրցակիցները:

Ռոման Ամոյան-Մարիուշ Լոս (Լեհաստան)

Նորիկ Խաչատրյան-Ալբերտ Բաղումյան-Աղասարյան (Իսպանիա)

Հովհաննես Վարդերեսյան- Իվան Դուկե Արանգո (Կոլումբիա)

Արթուր Շահինյան-Նին Դուան (Չինաստան):

 ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031