Լրահոս
Օրվա լրահոսը

Զոլյանը մեկնաբանում է իր մասին գերմանացի պրոֆեսորի հայտարարությունը (Տեսանյութ)

Մայիս 05,2012 17:06

Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը սպասում է, թե գերմանական կողմը երբ է մեկնաբանելու  գերմանացի պրոֆեսոր Մաթիաս Ֆրիցի հայտարարությունը, թե Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ռեկտորի փոփոխությունը դեպի ժամանակակից համալսարանի զարգացման սկիզբ է:

Հիշեցնենք, որ պարոն Ֆրիցը 4 տարի աշխատել է համալսարանում ու 2 տարի ղեկավարել գերմաներենի ամբիոնը:  Aravot.am –ի հետ զրույցում պարոն Զոլյանն ասաց.«Մի մտածեք, որ եթե մարդն աշխատում է Գերմանիայում, ուրեմն լավ աշխատող է: Հիմնականում իր հետաքրքրությունը գիտական ոլորտում է եղել ու ամբիոնի ղեկավարմանը ոչ մի ուշադրություն չի դարձրել,  4 տարվա ընթացքում մեկ թեկնածու էլ չի կարողացել պատրաստել, ու նրան հետ է  կանչել հենց  գերմանական կողմը»:

Պարոն Զոլյանն այսօր նաեւ ասուլիս էր հրավիրել եւ ասաց, որ իր բողոքը այս պահին գտնվում է Վերաքննիչ դատարանում ու ինքը բողոքարկելու է մինչեւ Եվրոդատարան: Իսկ մինչ այդ նա չի հանձնելու ռեկտորի աշխատասենյակի բանալիները ու ամեն օր գնալու է բուհ աշխատանքի: Նախկին ռեկտորի խոսքերով, իրեն անօրինական պաշտոնանկ անելուց հետո բուհում հաստատվել է «կազարմայի» ռեժիմ: «Եթե նախարարը իրեն սերժանտի գործառույթներ է վերապահում, ապա տեսեք ինչ հրամաններ է կատարում ռեկտորի պաշտոնակատարը»,- ասաց պարոն Զոլյանը՝ ընթերցելով ժամանակավոր պաշտոնակատարի հրամանները. «Համալսարանի բոլոր կաուցվածքային ստորաբաժանումներին եւ կենտրոնների ղեկավարներին. Մինչեւ իմ կողմից համապատասխան ցուցում ստանալը արգելում եմ որեւէ հաղորդագրություն կամ նման այլ կարգի փաստաթուղթ տեղադրելը համալսարանի կայքում, համալսարանի գրասենյակը եւ կադրերի բաժինը, նշված բաժինների հետ առնչություն չունեցող անձանց, առանց իմ կարգադրության՝ չտրամադրել փաստաթղթեր եւ մարտի 3-ից սկսած  դասերն ավարտելուց հետո ինչպես նաեւ հանգստյան ու տոն օրերին արգելվում է համալսարանի լսարանների ու աշխատասենյակների դռների բանալիների հանձնումը որեւէ անձի»:

Պարոն Զոլյանը վստահ է, որ  այս հրամաներն իր հետ կապ չունեն: Նա անդրադարձավ նաեւ վերջերս ՀՀ նախագահին ուղղված ու լրատվամիջոցներում տեղ գտած մի խումբ դասախոսների դժգոհություններին, թե իր  ղեկավարած տարիներին բուհում «ստալինիզմ էր», վախի մթնոլորտ.«Դա կապված է այն փոփոխությունների հետ, որը ուսանողին դարձնում է մեր գործընկերը, այլ ոչ թե դասախոսի ճորտը: Քանի որ ես պաշտոն նշանակելու համար կաշառք չեմ վերցնում, այդ մարդկանց ազատելն ինձ համար շատ հեշտ է , նայում եմ՝ այդ մարդը գործ անում է, թե՝ոչ, իհարկե, այդ առումով, շատ մարդկանց համար անհարմար վիճակ է ստեղծվել … բայց պետք չէ այս ամենն իրար խառնել, որովհետեւ ինձ բուհի ռեկտորի պաշտոնից ազատեցին ոչ թե «տեռորիզմի» համար, այլ` Ստրասբուրգում Եվրախորհրդի կոմիտեի նիստին մասնակցելու համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031