Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթի ու մսի հետ մկնդեղ, սնդիկ ու նիկել են ուտում

Մայիս 10,2012 13:24

Սա պարզել են Գիտությունների ազգային ակադեմիայի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մասնագետները՝ ուսումնասիրելով Կապանի ու Քաջարանի շրջակա միջավայրը:

Սյունիքի մարզի Կապան եւ Քաջարան համայնքների բնակիչների շրջակա միջավայրը մարդու առողջության համար լուրջ վտանգ է ներկայացնում:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «ԷկոլոգանՈՈսֆերային» հետազոտության կենտրոնի գիտնականները 4 տարի է՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մասնագետների հետ մեկտեղ հետազոտություն են անցկացրել եւ պարզել, որ սյունեցիների մտահոգություններն իսկապես լուրջ հիմքեր ունեն: Այս բնակավայրերն իրենց հարակից տարածքների հետ միասին ունենալով բազմազան մետաղների շոշափելի պաշարներ՝ նաեւ իրենց վրա կրում են ընդերքի հարստությունների արդյունահանմանն ուղեկցող անցանկալի հետեւանքներ։ Երկու կառույցների բնապահպանների առօրյա հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ծանր մետաղներ, որոնք օդում, ջրում եւ հողում վտանգահարույց են բոլոր կենդանի օրգանիզմների հանար։ Նշենք, որ ծանր մետաղները նրանք են, որոնք Մեդելեեւի պարբերական աղյուսակում իրենց ատոմական կշռով գերազանցում են երկաթին։ Բայց գիտահանրամատչելի գրականության մեջ ծանր մետաղները դիտվում են առաջին վտանգավորության մետաղներ, դրանք են՝ կապարը, մկնդեղը, սնդիկը, կադմիումը եւ քրոմը։

Վտանգն առավել շոշափելի է մետաղական պոչամբարները ծածկող բնահողում եւ պոչամբարներից հոսող ջրերում։ Իսկ հիշյալ վայրերում կան այգիներ, բանջարանոցներ եւ արոտավայրեր, որտեղ արածում են հարյուրավոր ընտանի կենդանիներ։ Գյուղական տնտեսություններն էլ

իրենց առօրյայում անխուսափելիորեն առնչվում են պոչամբարներին եւ դրանցից հոսող ջրերին։ Արդյունքում՝ հողի, ջրի, օդի միջոցով ծանր մետաղները ներթափանցում են մարդու օրգանիզմ։ Կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանի խոսքերով, հանքային հիմնական տարրերից բացի, այդ բնակավայրերում եւ դրանց հարող տարածքներում առկա են նաեւ

երկրորդային տարրեր (տնտեսապես սակավ օգտակար նյութեր)։ Ըստ պարոն Սաղաթելյանի, դրանցից փոքր քանակություններով պարունակում են հանքանյութերում եւ օժտված են բարձր կենսակուտակման հատկությամբ:

Ավելին՝ ազատվելով հանքանյութից՝ ակտիվորեն շարժվում են հողում, ջրում, ներխուժում են բույսերի մեջ՝ գոյացնելով գերնորմատիվային խտություններ: Հետազոտություններից նաեւ պարզվել է, որ տեղում աճեցվող բոլոր մշակաբույսերում կան թույլատրելիից բարձր խտություններով սնդիկ, մկնդեղ եւ նիկել։ Ինչը կնշանակի, որ ծանր մետաղները ներխուժել են սննդային «շղթայի» մեջ։ Մասնագետների խոսքերով, այստեղից էլ ծանր մետաղները «հյուրընկալվում» են կաթին ու մսին, որից հետո՝ ներխուժում մարդու օրգանիզմ։ Այդ նյութերի ներթափանցումից հետո, առաջին փուլում մարդը չի զգում դրանց ազդեցությունը։ Իսկ դրանցից ձերբազատվելու համար բնությունը չունի մաքրման մեխանիզմ։ Մասնագետների հավաստմամբ, ծանր մետաղները ներթափանցելով օրգանիզմի մեջ՝ խախտում են կենսաքիմիական հաշվեկշիռը։ Խոսքը վերաբերում է օրգանիզմում առկա մետաղների անհրաժեշտ հարաբերակցությանը:

Օրինակ՝ ցինկի եւ պղնձի բաժնեչափերի վնասակար փոփոխությունը քաղցկեղի եւ մուտացիաների առաջացման պատճառ կարող է դառնալ։

Արմեն Սաղաթելյանի ներկայացմամբ՝ ծանր մետաղներ առկա են ոչ միայն Կապանի եւ Քաջարանի, այլեւ այն բոլոր վայրերում, որտեղ զբաղվում են հանքային արդյունաբերությամբ:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետները ծանր մետաղների հայտնաբերման վերաբերյալ չորս տարուց ավելի է՝ հաշվետվություններ են ներկայացրել տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուներին, տասնյակ հասարակական կազմակերպություններին, ահազանգել են ՀՀ կառավարություն, սակայն մինչ օրս որեւէ արձագանք չկա:

ԱՐԱՄԱՅԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031