Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը «մեսիջ» է ուղարկել ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին (Տեսանյութ)

Հունիս 06,2012 14:49 Share

Նախագահական ընտրություններին այլընտրանքային թեկնածուի պաշտպանելու մասին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ` «մեսիջ» է, որն ուղղված է ընդդիմությանը:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մարտիրոսյանը բացեց Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության փակագծերը. «Ինքը մի փոքր այլ ձեւաչափով է ասում, միանշանակ չի ժխտում իր մասնակցությունը, ինքը ըստ էության  համագործակցության կոչ է անում: Ես այդպես եմ տեսնում` որպես կուսակցական: Եվ կարծում եմ, որ ինքը ունի այդ համագործակցությունը, այդ աջակցությունը ստանալու իրավունքը, որովհետեւ 91-92-ից սկսած` ինքը միշտ ընդդիմադիր դաշտի սպասարկման դաշտերում է եղել, եւ ինձ համար միանշանակ է, որ որպես խարիզմատիկ առաջնորդ` այս պահին նրանից ավելի լավ թեկնածու չկա` ընդդիմադիր դաշտում»:

Մենք խնդրեցինք հստակեցնել, թե ումի՞ց են ակնկալում այդ համագործակցությունը` ՀՅԴ-ի՞ց, ՀԱԿ-ի՞ց, ԲՀԿ-ի՞ց` պարոն Մարտիրոսյանը պատասխանեց` «Ընդդիմադիր դաշտից: Բոլոր նրանցից, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում` դա կլինի թե քաղաքական ուժ, թե քաղաքացի»:

Ենթադրենք, ԲՀԿ-ն ասում է, որ իրեն ընդդիմադիր դաշտում է տեսնում, ուրեմն ժամանակին միասնական շտաբի հետ կապված դուք, որ քննադատության էիք ենթարկում, որ ԲՀԿ-ն այն կուսակցությունը չի, որի հետ քայլեր կարելի է անել, հիմա պատրաստ եք նախագահական ընտրություններում համագործակցե՞լ ԲՀԿ-ի հետ: Մեր այս հարցադրմանը պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Մեր քննադատությունը միշտ եղել է առարկայական, մենք երբեւիցե որեւէ մեկի անվան հետ կապված քննադատություն չենք արել, այլ արել ենք գործընթացի հետ կապված քննադատություն, նաեւ ժամանակը մեր ասածի ճշմարտացիությունը ապացույց եղավ: Ինչ վերաբերում է որեւէ քաղաքական ուժի աջակցությանը, ապա, բնականաբար, եթե հայտը ներկայացնենք, ուղղակի  կսպասենք աջակցություն ընդդիմադիր դաշտ ներկայացնող քաղաքական ուժից: Եթե որեւէ ուժ իրեն համարում է ընդդիմադիր, բնականաբար, մենք այդ ուժերից ենք ակնկալում աջակցություն»:

Մեր հարցին` այսինքն չե՞ք բացառում քայլը ԲՀԿ-ի հետ` պարոն Մարտիրոսյանը պատասխանեց, որ դրա համար առաջին հերթին ԲՀԿ-ն ինքը պետք է հայտարարի, որ ընդդիմադիր քաղաքական ուժ է, մինչդեռ այս պահին իրենք հայտարարել են, որ իրենք ոչ թե  ընդդիմադիր են, այլ` կառուցողական, ուստի սպասենք զարգացումներին:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «այլընտրանքային» կոչված բառեզրը նորություն չէ, եւ որ «Ժառանգությունը» շատ վաղուց այլընտրանքային է եղել. «Նույնիսկ, եթե հիշում եք, ԱԺ-ում ցանկացած ընտրության ժամանակ «Ժառանգությունն» իր այլընտրանքային թեկնածուն միշտ առաջադրել է»: Մարտիրոսյանը նշեց, որ իրենք դեմ չեն, որ ԲՀԿ-ն այդ առումով զբաղեցնի իրենց տեղը:

Մեր դիտարկմանը` տպավորություն կա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մի բան է ուզում, «Ժառանգություն» կուսակցությունն այլ բան է ուզում, որ հակասություններ կան` Արմեն Մարտիրոսյանը հակադարձեց. «Հակասություններ բացարձակ չկան: Այն վայրում, որտեղ «Ժառանգության» որեւէ անդամ գործել է, նշանակում է` այնտեղ գործել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Այն վայրում, որտեղ Րաֆֆի  Հովհաննիսյանը գործել է, նշանակում է «Ժառանգությունն» ինքն է գործել: Պետք չէ տարբերել»:

«Ժառանգությանը» պարբերաբար մեղադրում են ոչ վճռական լինելու մեջ, այս ընթացքում էլ խմբակցության կազմի որոշման հետ կապված, մանդատ վերցնել-չվերցնելու, նախագահի թեկնածու ունենալ-չունենալու հարցերում միշտ ամենավերջինն եք կողմնորոշվում: Մեր այս դիտարկմանը Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ իրենք ամենավճռորոշ ժամանակահատվածներում ամենավճռականն են եղել. «Մենք երբեւիցե չի եղել, որ կոնկրետ հարցի վերաբերյալ լղոզված դիրքորոշում ցուցաբերենք, ուստի այդ մեղադրանքները չեմ ընդունում: Ինչ վերաբերում է ներկուսակցական որոշումներին, դա արդեն քննարկելու առիթ է: Մենք մինչեւ քննարկումներ չենք իրականացնում, այդ որոշումները չենք ընդունում: Մեր ներկուսակցական որոշումների արդյունքից չէ կախված ամբողջ երկրի ճակատագիրը: Մենք ժամանակին հասցնում ենք ընդունել բոլոր որոշումները, ուստի որեւիցե խնդիր չեմ տեսնում: Հայաստանին  վերաբերող ցանկացած վճռորոշ քայլի մենք անմիջապես արձագանքում ենք, որոշում ենք կայացնում եւ ամենավճռական դիրքերում հանդես ենք գալիս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930