
«Դրական եմ գնահատում մարզային գրասենյակների ստեղծումը: Ուրախ եմ, որ Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ այսօր Հայաստանում գործում են Մարդու իրավունքների պաշտպանի մարզային վեց գրասենյակները: Այնուամենայնիվ, մեծ հույսեր ունեմ, որ մոտ ապագայում մարզային գրասենյակներին ֆինանսապես կօժանդակի նաև մեր պետությունը»,- ասաց Պաշտպան Կարեն Անդրեասյանն իր ելույթում:
Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Հրիսթեան, իր հերթին, նշեց. «Մարդու իրավունքների պաշտպանությունը ընտրությունների ընթացքում երաշխավորելուն զուգահեռ` մարզային վեց գրասենյակները հանդես են գալու, որպես Մարդու իրավունքների պաշտպանի կենրոնական գրասենյակի` մարդու իրավունքների «ներկայացուցչական գրասենյակներ»»:
«Մարզային գրասենյակների հիմնադրմամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առավել հասանելի կդառնա մարզերի բնակիչների համար և կաջակցի մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչը շատ կարևոր է հատկապես ընտրությունների շրջանում»,- իր ելույթում ընդգծեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սորոկինը:
Կարդացեք նաև
Միջոցառմանը ներկա էին նաև մի շարք տեղական հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Տարածքային գրասենյակներ արդեն իսկ գործում են հանրապետության հինգ այլ մարզկենտրոններում. Գավառ, Իջևան, Գյումրի, Եղեգնաձոր, Կապան: Յուրաքանչյուր գրասենյակ ունի երեք աշխատակից, որոնցից երկուսն իրավաբաններ են, իսկ երրորդը՝ համակարգում է գրասենյակի աշխատանքը: Գրասենյակները հագեցած են համապատասխան տեխնիկայով, ինչպես նաև մեքենաներով` մարդու իրավունքների հնարավոր ոտնահարման դեպքերի պատշաճ արձագանքումն ապահովելու համար:
Մարզային գրասենյակների երկամսյա գործունեությունը հեռավոր մարզերի բնակիչներին հնարավորություն է տվել առանց մայրաքաղաք ժամանելու իրենց իրավունքների խախտման դեպքերի մասին հայտնել Պաշտպանի աշխատակազմին, մասնավորապես ընտրությունների շրջանում:
Գրասենյակները նաև համագործակցում են տեղական իրավապաշտպան կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ` մոտ ապագայում մարդու իրավունքների ոլորտին առնչվող թեմաների շուրջ համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:
Մարզային գրասենյակների գործարկմանն աջակցել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Եվրոպական միության կողմից տրամադրած ֆինանսական օժանդակությամբ` «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ծրագրի շրջանակներում:



















































