Այսօր` հունիսի 6-ին, Կապան քաղաքի մի մասն առանց ջրի է մնացել: Մարզկենտրոնի բաժանորդները ծորակները բացելիս անակնկալի են եկել, ծորակներից ջուր չէր գալիս, իսկ կենցաղում օգտագործման ու խմելու համար ջրի պաշար շատերը նախապես չէին հավաքել, քանի որ չէին էլ ենթադրում, որ ամառվա այս շոգ եղանակին առանց ջրի կարող են մնալ: Կապանցիների մի մասը խմելու համար ջուր ստիպված է եղել ձեռք բերել խանութներից: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանը «Առավոտին» փոխանցեց, որ այսօր առավոտյան ժամը 7-ին վթար է տեղի ունեցել Կապան քաղաքը սնուցող Գեղիի մայր ջրատարի վրա, որի հետեւանքով Կապանի մի մասը ջրազրկվել է: «Այս պահի դրությամբ դեռ շարունակվում են վթարի վերականգնման աշխատանքները: Մենք օրակարգավորիչ ջրամբարներում ունենք պահեստավորված ջուր, որն այսօր անպայման կբաշխենք բաժանորդներին եւ կապահովենք ջրով, իսկ վաղվանից արդեն ջուր կմատակարարվի կրկին սահմանված գրաֆիկով», – նշել է Հովհաննես Գեւորգյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: