Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը միջնորդեց փորձաքննությամբ պարզել բացակայող վկայի առողջության իրական վիճակը

Հունիս 06,2012 22:06

Հունիսի 6-ին Իջեւանում կայացավ պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հերթական նիստը, որի ժամանակ  հետազոտվեց  վկա Արթուր Մկրտչյանի կողմից «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Նաիրա Բուլղադարյանին Երեւանում, պանթեոնի մուտքի մոտ  տված հարցազրույցի տեսագրությունը: Այդ հարցազրույցում Արթուր Մկրտչյանն ասում է, որ քննիչները  Բերդի ոստիկանությունում իրեն ծեծել են, որ  Մադաթյան Սաքոն եւ մեկ ուրիշը, որի անունը չէր հիշում, ծեծելով իրեն ստիպել են կեղծ ցուցմունք տալ, եւ հավելում է ՝  «տղերքը մեղավոր չեն»: «Տղերքը» ամբաստանյալ զինվորներ Ադիբեկ Հովհաննիսյանը, Մխիթար Մխիթարյանը, Հարութիկ Կիրակոսյանն են: Հարցազրուցում Ա. Մկրտչյանը վկայում է , որ ռազմական ոստիկանությունում ծեծել են գործով ներգրավված բոլոր զինծառայողներին, այդ թվում՝ ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանին:  Վերջինիս պաշտպան Հրանտ Գեւորգյանը  հայտարարեց, որ հարցազրույցում Ա. Մկրտչյանի արած այն պնդումները, թե Հակոբ Մանուկյանը մի քանի անգամ ծեծել է Արտակ Նազարյանին՝ ճիշտ չեն, իր պաշտպանյալը Ա. Նազարյանին չի ծեծել, որ նրանք վիճել են որպես՝ հավասար կողմեր, որ այդ վեճերը չէին կարող Ա. Նազարյանին ինքնասպանության մղել: Հրանտ  Գեւորգյանն ասաց, որ վկաները եւ ամբաստանյալները ռազմական ոստիկանությունում հարցաքննվել են անմարդկային պայմաններում, եւ միջնորդեց տեսաերիզի այն   հատվածը, ուր Ա. Մկրտչյանը հայտարարել է  ռազմական ոստիկանությունում ծեծի եւ ճնշման ենթարկվելու մասին, ճանաչել որպես՝ ապացույց:

Ամբաստանյալ 3 զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանն ասաց, որ վկան անկաշկանդ պատասխանելով լրագրողի հարցերին՝  հայտարարել է, թե ամբաստանյալ զինծառայողներն անմեղ են: Պաշտպանը միջնորդեց տեսաերիզը կցել գործին:  Մեղադրողներ Հայկ Հարոյանը եւ Հարություն Հարությունյանը  դեմ էին տեսաերիզը որպես ապացույց գործին կցելուն: Նրանց խոսքերով՝ այդ հարցազրույցը վկան տվել է  ամբաստանյալ զինվորների  ծնողների ճնշման տակ,  որ   Ա. Մկրտչյանը  ճշմարտությունն  ասել  է դատարանում, ուր նա ստորագրել է  սուտ ցուցմունք տալու դեպքում պատասխանատվության ենթարկվելու  վերաբերյալ: Պաշտպան Ալվարդ Մնացականյանը դատարանում ընթերցեց  ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի  գրությունը, որ առանցքային վկա Արման Մնացականյանը  ամբուլատոր բուժման մեջ է՝ սրտի ռիթմի խանգարման պատճառով: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն  Մարտիրոսյանը դատարանին միջնորդեց բժշկական հանձնաժողովի փորձաքննության միջոցով ստուգել, իր խոսքերով՝ առողջ եւ առույգ վկա Արման Մնացականյանի առողջական իրական վիճակը: Ռուբեն Մարտիրոսյանը դատարանին միջնորդեց նաեւ դատական նիստերն արտագնա կարգով անցկացնել Երեւանում, քանի գործում ներգրավված բոլոր կողմերի համար այդպես ավելի հարմար է, Երեւանում նիստերն  ավելի  հաճախակի կանցկացվեն:

Դատավորն  իր աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով մերժեց նիստերը Երեւանում անցկացնելու միջնորդությունը՝ ասելով, որ հետագայում եւս  կարող են անդրադառնալ այդ միջնորդությանը:  Արման Մնացականյանի առողջական վիճակը բժշկական հանձնաժողովի կողմից ստուգելու միջնորդության վերաբերյալ  դատարանը որոշում կընդունի դատավարության հետագա փուլերում: Հաջորդ նիստը  նշանակված է  հունիսի 12-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930