Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզում կներկայացվի ԼՂ հակամարտության կարգավորման «նոր մոտեցում»

Հունիս 06,2012 22:49

Այսօր, Բաքվում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե Փարիզում, հունիսի 18-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին կներկայացվի նոր մոտեցում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ։ Այդ մասին հաղորդում է  «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո` արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում Քլինթոնը եւս մեկ անգամ դատապարտել է շփման գծում վերջին օրերին արձանագրվող արյունալի միջադեպերը՝ ընդգծելով, որ այս հարցը եղել է Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկված «առանցքային թեմաներից մեկը»։

«Մենք խորությամբ քննարկեցինք ղարաբաղյան խնդրի կարգավորումը, հատկապես` շփման գծում վերջին միջադեպերը, եւ ինչպես հայտարարել էի ավելի վաղ Երեւանում, ես խորապես մտահոգված եմ լարվածության թեժացման վտանգից, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի եւ աղետալի հետեւանքների։ Անհրաժեշտ է դադարեցնել բռնության եւ վրեժխնդրության այս շրջապտույտը, եւ յուրաքանչյուրը պետք է աշխատի պահպանել խաղաղությունը եւ հետեւել 1994 թվականին ստորագրված հրադադարի պարտավորություններին», – ասել է Հիլարի Քլինթոնը։

Պետքարտուղարը եւս մեկ անգամ վստահեցրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է անել ամեն հնարավորը՝ հասնելու խնդրի կարգավորմանը Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա։

«Ես խնդրեցի Ադրբեջանի նախագահին, իսկ ավելի վաղ՝ նաեւ Հայաստանի առաջնորդին` աշխատել միասին, զսպվածություն ցուցաբերել եւ քայլեր ձեռնարկել խաղաղության, ոչ թե հակամարտության հասնելու ուղղությամբ», – ասել է Միացյալ Նահանգների արտգործնախարարը։

Ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է պետքարտուղարը գնահատում այն փաստը, որ չնայած այդ կոչերին՝ լարվածությունը չի մարում եւ նախօրեին շփման գծում ադրբեջանցի 5 զինվոր է զոհվել, պետքարտուղարն արձագանքել է. – «Ես շատ եմ ցավում։ Նախօրեին էլ, երբ Երեւանում էի, այնտեղ հաղորդեցին 3 հայ զինվորի մահվան մասին։ Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, եւ մենք պետք է մեր կարողությունների սահմանում ամեն ինչ անենք եւ որքան հնարավոր է արագ ճանապարհ հարթենք խաղաղության համար։ Մոտավորապես երկու շաբաթից Փարիզում տեղի կունենա հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ, որտեղ ներկա կլինեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Մենք որոշ նոր մոտեցումներ կառաջարկենք, որոնք ես հնարավորություն ունեցա քննարկել արտգործնախարարների եւ նախագահների հետ»:

Թե կոնկրետ ինչ առաջարկի եւ մոտեցման մասին է խոսքը, Քլինթոնը չի մանրամասնել, սակայն շեշտել է, որ խնդիրը պե՛տք է կարգավորվի. – «Ես կանեմ ամեն հնարավորը` ինչ կարող եմ եւ խոստացել եմ երկու նախագահներին՝ օգնելու կարգավորմանը հասնելու հարցում», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Թեմային անդրադարձել է նաեւ Ադրբեջանի արտգործնախարարը։

«Ներկայիս իրավիճակը չի կարող երկար պահպանվել», – հայտարարել է էլմար Մամեդյարովը՝ հավելելով․ – «Պաշտոնական Բաքուն ակնկալում է Միացյալ Նահանգների ակտիվ մասնակցությունն այս հարցում»։

Ղարաբաղից բացի, Քլինթոնը Բաքվում խոսել է նաեւ ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման մասին՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել թե՛ Ադրբեջանի կառավարության, թե՛ ժողովրդի հետ՝ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության ուղղությամբ։

«Միացյալ Նահանգները, ինչպես միշտ, հորդորում է [Ադրբեջանի] կառավարությանը հարգել իր քաղաքացիների իրավունքները, այդ թվում` կարծիքների ու հավաքների ազատության իրավունքը», – հայտարարել է Քլինթոնը եւ կոչ արել ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ճաղերի ետեւում են հայտնվել ազատ խոսքի, սեփական կարծիքն արտահայտելու կամ մարդու իրավունքները պաշտպանելու համար։

Քլինթոնը այս հարցը քննարկել է նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ ակտիվիստների հետ։ Այս հանդիպման մասին, սակայն, ադրբեջանական լրատվամիջոցները առայժմ մանրամասներ չեն հաղորդում։

Ավելի վաղ՝ օրվա առաջին կեսին, պետքարտուղարը մասնակցել է նավթի եւ գազի արդյունահանմանը նվիրված ցուցահանդեսին՝ ընդգծելով, որ ամերիկյան ընկերությունները 8 միլիարդ դոլար են ներդրել Ադրբեջանի էներգետիկայի ոլորտում։

«Մենք բարձր ենք գնահատում այն առանցքային դերը, որ ունի Ադրբեջանը էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացման ջանքերում», – հայտարարել է պետքարտուղարը եւ ընդգծել, որ Միացյալ Նահանգները սատարում է Ադրբեջանին Հարավային գազային միջանցքի ստեղծման հարցում, որը Եվրամիության գլխավոր էներգետիկ ծրագրերից մեկն է եւ իրականացման դեպքում եվրոպական ընտանիքին հնարավորություն կտա կրճատել կախվածությունը ռուսական աղբյուրներից։

Ադրբեջանում Քլինթոնի հանդիպումները տեւել են 5 ժամ: Բաքվից ԱՄՆ-ի պետքարտուղարը մեկնել է Թուրքիա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930