Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Ինձ չեն համոզել, որ ԲՀԿ-ի՝ կոալիցիա չկազմելը ՀԱԿ-ին ձեռնտու է»

Հունիս 08,2012 22:49

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը «Հանրապետություն» կուսակցության եւ Հայաստանի լիբերալ կուսակցության՝ ՀԱԿ-ից դուրս գալը  ճիշտ է համարում: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Ես ճանաչում եմ այդ  մարդկանց, առաջին տարին չէ: Եվ եթե նրանք այդ որոշումն ընդունել են, ուրեմն դա ճիշտ է իրենց կուսակցության համար: Ես առիթ չունեմ եւ պատճառ չունեմ մտածելու, որ նրանք սխալվել են»:

Պարոն Իգիթյանն էլ չի հավատում, որ Հայաստանում բիզնեսմենը, տվյալ դեպքում՝ Գագիկ Ծառուկյանը, կարող է դեմ գնալ ՀՀ նախագահին ու նրան հակառակ շարժվել: Հարցին՝ Դուք դուրս կգայի՞ք ՀԱԿ-ից՝ պարոն Իգիթյանը պատասխանեց, որ ինքը ՀԱԿ-ում որպես անձ չի մասնակցում. «Ես չգիտեմ, թե ՀԱԿ-ում այլ մարդկանց կարծիքն ինչ է, ես իմ կարծիքն եմ ասում՝ ես կարեւորություն չեմ տալիս ընդհանուր քաղաքական դաշտում, թե ԲՀԿ-ն կոալիցիայի մեջ է, թե կոալիցիայի մեջ չէ: Թե ինչ գործունեություն կունենա ԲՀԿ-ն հետագայում՝ կտեսնենք: Ցավոք, Հայաստանում այսպես է, հիմնական փաստարկը, ապացուցելու, թե այս կամ այն քաղաքական գործիչը կամ հատկապես բիզնեսմենը ընդդիմադիր է թե ոչ՝ սկսվում է այսպիսի գործողություններից: Որովհետեւ այն, ինչ մենք տեսել ենք նախկինում Հանրապետականից դուրս եկած բիզնեսմենների, Խաչատուր Սուքիասյանի հանդեպ, այսինքն՝ եթե Հայաստանում գործիչը ոչ միայն ընդդիմադիր է դառնում, այլ ուղղակի ունի փոքրիկ ինչ-որ շահերի կոնֆլիկտ՝ ընտանիքի կլանի հետ, ինքը միանգամից պատժվում է, ուր մնաց, որ խոշոր բիզնեսմենը համարձակվի ասել, ոչ միայն ասել, այլ ցույց տալ իրականում, որ ինքը ընդդիմադիր է: Մենք այդ բոլոր միջոցները կտեսնենք՝ թե հարկային, թե՛ մենաշնորհային հանձնաժողով, ինչու չէ նաեւ՝ Քրեական , դատախազություն եւ այլն: Ինձ թվում է՝ բոլոր բնիզնեսմենները դա գիտակցում են, եւ դա է զսպիչ վտանգը, որ իրենց զերծ են պահում ընդդիմադիր լինելուց: Ես շատ նորմալ բիզնեսմեններ գիտեմ, որոնք ժամանակին կպցրել են Հանրապետականի նշանը՝ միայն այն բանի համար, որ իրենց բիզնեսը պաշտպանված լինի՝ չկիսելով կամ հեռու մնալով որեւէ քաղաքական գաղափարներից՝ զուտ բիզնեսի համար»:

Պարոն Իգիթյանը համոզված է, որ իշխանությունը շատ մեծ լծակներ ունի ազդելու ԲՀԿ-ի վրա, եթե հանկարծ իրոք ԲՀԿ-ն ցանկություն հայտնի կամ համարձակություն ունենա հանդես գալ որպես ընդդիմադիր քաղաքական ուժ` նրա համար շատ ծանր կլինի:

Երբ ԲՀԿ առաջնորդը հայտարարեց կոալիցիա չկազմելու որոշման մասին, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը համարեց դա ՀԱԿ-ի կողմից ճշգրտորեն հաշվարկված քայլ՝ ռեժիմի քաղաքական մեկուսացման համար: Մեր դիտարկմանը` Ձեր կարծիքը տարբերվում է ՀԱԿ-ի ֆրակցիայի կարծիքից, պարոն Իգիթյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ՀԱԿ-ի կարծիքը որն է, որովհետեւ ես ներկայացնում եմ մի քաղաքական ուժ, ես ներկայացնում եմ իմ կարծիքը: ՀԱԿ-ում գտնվող տարբեր քաղաքական կուսակցությունները, որոնք եղել են կամ դուրս են եկել, այս հարցի շուրջ ամեն մեկն ունի իր կարծիքը: Որպես ՀԱԿ-ի հաղթանակ ԲՀԿ-ի՝ կոալիցիայի մեջ լինելը կամ չլինելը` չէի ներկայացնի: Ես ընդհանրապես դա չեմ համարում ՀԱԿ-ի հետ կապված որեւէ քաղաքական հանգամանք: ԲՀԿ-ն ինքը կորոշի՝ ինքը կլինի կոալիցիայում, չի լինի: Չեմ կարծում, որ ինքը ՀԱԿ-ի համար է դա անում, ինքը անում է՝ ելնելով սեփական հաշվարկից, շահերից, ինչու չէ նաեւ՝ բիզնես շահերից: Ես  չգիտեմ ՀԱԿ-ը ինչով է շահում, որ ԲՀԿ-ն կոալիցիայի մեջ չէ, ես չգիտեմ: Առայժմ ինձ չեն համոզել, որ դա ՀԱԿ-ին ձեռնտու է: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին՝ Հայաստանում բիզնեսը շատ խոցելի է իշխանության կողմից եւ վերահսկելի է: Ցանկացած մարդ անպաշտպան է Հայաստանում, հատկապես՝ հարուստ մարդը»:

Իսկ թե որքա՞ն երկար կհաջողվի ԲՀԿ-ին պահպանել այս կարգավիճակը, որ ոչ ընդդիմություն է, ոչ կոալիցիայի կազմում է, իշխանութան մաս չէ, պարոն Իգիթյանը պատասխանեց. «Այդ դիրքը, որն այսօր ունի ԲՀԿ-ն, բոլորին ձեռ է տալիս, որովհետեւ մի կողմից իշխանությունը տեսնում է, որ ԲՀԿ-ն, խաղալով այս կամ այն ձեւով ընդդիմադիր դաշտում, իսկական քաղաքական գործիչներից քաշում է իր մեջ ընտրողների, ձայներ է կլանում: Մյուս կողմից՝ չեմ կարծում, որ ԲՀԿ-ն կարող է մեծ վտանգ ներկայացնել իշխանությանը: Իհարկե, այս իրավիճակում հեշտ չի լինի գործել, որովհետեւ այն ժամանակ իրենք մտնում-դուրս էին գալիս բոլոր կաբինետներով, նախագահի կաբինետը, հիմա մի քիչ ավելի դժվար կլինի: Այն մարդիկ, որոնք ԲՀԿ են  մտել անձնական դրդապատճառներով, երեւի դուրս կգան, եւ այդ արտահոսքը մենք տեսնելու ենք, արդեն  կա արտահոսք»:

Առջեւում նախագահական ընտրություններ են: Ըստ Հովհանես Իգիթյանի, թե ով կլինի Հայաստանի նախագահը՝ մտահոգիչ չէ, մտահոգիչը արտագաղթի սարսափելի թվերն են, որոնք դատարկում են Հայաստանը. «Նախագահական ընտրություններում կիրառվում է մի մոդել, որտեղ հանգիստ անցկացվում է այն մարդը, որը կիրառում է ադմինիստրտատիվ եւ ֆինանսական ռեսուրսներ՝ միաժամանակ: Միայն ֆինանսականը գործոն չի կարող լինել, միայն ադմինիստրատիվն էլ քիչ է, ինչը երեւաց այս ընտրություների ժամանակ, որովհետեւ Սերժ Սարգսյանը, մտածելով, որ ինքը առանց օլիգարխների կարող է գնալ ընտրությունների, վերջին պահին հաշվարկեց ու տեսավ, որ ոչ: Ես հույս ունեմ՝ այս մոդելը ջարդվելու է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930