Լրահոս
Օրվա լրահոսը

Ագարակի քաղաքապետը կառաջադրի իր թեկնածությունը

Հունիս 23,2012 18:28

Սեպտեմբերին Ագարակ քաղաքում կկայանա համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություն: Սյունիքի մարզի 5000-ից ավելի բնակչություն ունեցող  ամենահարավային  քաղաքում  քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվող բոլոր թեկնածուները դեռեւս պաշտոնապես չեն հայտարարել իրենց առաջադրման մասին, բայց քաղաքի բնակիչներն արդեն նախնական  գիտեն, թե  ովքեր են առաջադրվելու առաջիկա ընտրությանը: Ըստ նախնական այդ տվյալների` քաղաքապետի պաշտոնի համար, ամենայն հավանականությամբ, այստեղ  կպայքարեն  3 թեկնածու: Ագարակի ներկայիս քաղաքապետ Մխիթար Զաքարյանը «Առավոտի»  Սյունիքի մարզի թղթակցի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ինքն առաջադրելու է  իր թեկնածությունը երկրորդ անգամ:

«Չկատարված ծրագրեր կան, որոնք ես դեռ  պետք է իրագործեմ Ագարակի համար:   Ես 2008 թվականին շատ ծանր ժամանակ համայնքի ղեկավարի պաշտոնը  ստանձնեցի. ճգնաժամ, կոմբինատը կանգնած, պարտքեր, համայնքային ենթակայության կառույցների` կոմունալի, մանկապարտեզի, երաժշտական դպրոցի 150 աշխատող 4 ամսվա աշխատավարձ չէր  ստացել եւ մի շարք այլ չլուծված խնդիրներ:  Քաղաքապետ ընտրվելուց հետո առաջին 2 տարին նվիրեցի պարտքերը մարելուն, իսկ այսօր արդեն   մենք զարգացման փուլում ենք, բավականին աշխատանքներ են կատարվել քաղաքում,  մի շարք ծրագրեր էլ առաջիկայում  կիրագործվեն քաղաքում: Ես սիրում եմ իմ աշխատանքը, իմ քաղաքը եւ անելիքներ ունեմ այստեղ», – ասել է Մխիթար Զաքարյանը եւ հավելել, որ ինքը դեմ չէ բազմակարծությանն ու այլ  թեկնածուների առաջադրմանը:

Զրուցակցիս կարծիքով սեպտեմբերին Ագարակում անցկացվելու են աննախադեպ դեմոկրատական, ազատ ու  արդար ընտրություններ: «Ես ոչ մեկին  չեմ ստիպելու եւ չեմ ասելու ինձ ընտրել, յուրաքանչյուրը թող այդ օրը գա եւ իր ցանկությամբ ընտրություն անի: Ես նույնիսկ չեմ ուզում նախընտրական շտաբ բացել:  Աշխատանքներից չեմ ուզում շեղվենք. ո’չ  ես  մեկ ամիս  քաղաքապետի իմ աշխատանքից կտրվեմ, ո’չ էլ ժողովրդին իրենց աշխատանքից շեղենք:  Ես տնտեսագետ եմ մասնագիտությամբ  եւ տնտեսագետի աչքերով եմ նայում բոլոր գորընթացներին: Ճիշտ եմ գտնում, որ նախըտրրական կամ ցանկացած գործընթացներիից տնտեսությունը չպետք է տուժի ու եթե այսօր հնարավոր է նախընտրական շտաբ չբացելով ընտրություն անցկացնել` ապա չարժե բացել եւ շեղվել առօրյա գործընթացներից: Ես բազմակարծության կողմնակից եմ եւ յուրանքանչյուրի կարծիքն եմ պատրաստ լսել, եթե ճշմարտության հատիկ  լինի: Ինձ նույնպես հետաքրքիր է, թե ովքեր կառաջադրվեն եւ թե ինչպիսի ընտրություն կկատարի բնակչությունը, որից էլ ես կանեմ իմ հետեւությունները: Կհասկանամ, թե որտե՞ղ եմ թերացել, ի՞նչ անելիքներ ունեմ անելու, ինչպե՞ս է գնահատում ժողովուրդն իմ կատարած աշխատանքը», – հավելում է Մխիթար Զաքարյանը եւ կարծում, որ ագարակցիների կատարած ընտրության արդյունքները  կօգնեն  ճիշտ ուղորդել  իր հետագա գործունեությունը:

«Ագարակ քաղաքը վերջին տարիներին զարգացում է ապրում», -այս մասին փաստում են հենց իրենք` ագարակցիները: Քաղաքում կատարված աշխատանքներին եւ նախատեսված ծրագրերին կանդրադառնանք «Առավոտի» հետագա թողարկումներում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930