Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես գնում եմ հարցազրույցի նախարարի մոտ, ինչու՞ չգրեմ նաև, թե միջանցքում ինչքան սպասեցի ու այդ ընթացքում ինչ տեսա». Շուշան Բլանշ

Հուլիս 04,2012 19:37

«Ես հացթուխ եմ», – այսպես սկսեց պատմել իր մասին 24-ամյա լրագրող, բլոգեր Շուշան Հարությունյանը ( Շուշան Բլանշ): Նրա խոսքով՝ մեդիա ոլորտում բոլոր աշխատողները հացթուխներ են. նրանք թխում են մի բան ու եթե ժամանակին չհասցնեն՝ այն կհնանա ու պահանջարկ չի ունենա: «Հացթուխ» է աշխատում արդեն 7 տարի և շատ ուրախ է դրա համար, քանի որ ինչպես ինքն է ասում՝ մեդիան այն քիչ մասնագիտություններից է, որը թույլ է տալիս նեղ մասնագիտական ոլորտը փոխել: Նա եղել է և՛ հասարակական-քաղաքական ոլորտի լրագրող, և՛ բնապահպանական ոլորտի, աշխատել նաեւ որպես ռադիոհաղորդավար, այժմ էլ կանանց ամսագրի խմբագիր է: Լրագրողական առաջին քայլերն արել է թղթակցելով տարբեր թերթերի, հետագայում արդեն սկսել է վարել «Ա1+»-ի բլոգը. այն նրա համար ոչ թե հոբբի էր, այլ` աշխատանք, որի դիմաց նրան վճարում էին:

2006թ.-ին արդեն Շուշանը որոշեց բացել իր անհատական բլոգը, նա առաջինն էր նաև համալսարանում, ով բլոգինգի մասին թեզ գրեց. «Չգիտեին, թե այն որ ամբիանում դնեին, այն ժամանակ միայն մեդիաներ էին», – ասում է նա: «Շուշան Բլանշ անունը շատ պատահական է ընտրվել, «բլանշ» ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է սպիտակ», – նշում է բլոգերն ու պատմում. «Ա1+»-ի բլոգում սկզբնական շրջանում որոշվել էր, որ պետք է կեղծանվամբ հանդես գայի  և սկսեցի ներկայանալ որպես Բլանշ»: Սա իր հետ բերեց «Բլանշ» կեղծանվան հետ կապված հետաքրքիր պատմություններ, «Մի անգամ Հյուսիսային պողոտայում նկարահանման էի գնացել, երկու տղա մոտեցան ինձ ու ասացին՝ դուք «Ա1+»-ից եք, չէ՞, ասացի՝ հա, հարցրեցին՝ էդ Բլանշն ո՞վ ա, տղա՞ ա, թե՞` աղջիկ, «աղջիկ է, բայց ես նոր եմ ու իրեն լավ չեմ ճանաչում», պատասխանեցի ես, հետո պարզվեց, որ ընկերների հետ գռազ էին եկել», – ասում է Շուշանը: Սակայն եղել են դեպքեր, երբ Շուշանին, որպես Շուշան Բլանշ, ճանաչել են նաև իրական կյանքում, ու դա ինչպես պարզվեց իր դրական ազդեցությունը նույնպես ունեցել է. «Վերջերս երբ գնացի հեռախոսահամարս փոխելու, այնտեղ հերթ էր գոյացել, ու մի աղջիկ ինձ ասաց՝ Դուք Շուշան Բլա՞նշն եք, ես էլ ասացի՝ այո, ու իմ հերթը առաջ գցեցին, ես էլ չարամտորեն օգտվեցի այդ առիթից, որովհետև իսկապես շատ էի շտապում», – ծիծաղում է: Շուշանը բլոգն ընկալում էր որպես սովորական օրագիր, ու գրում այնտեղ այն, ինչ կատարվում էր. «Մտածեցի, որ եթե ես գնում եմ հարցազրույցի նախարարի մոտ, ինչու՞ չգրեմ նաև թե միջանցքում ինչքան սպասեցի ու այդ ընթացքում ինչ տեսա, ինչը  չէի կարող գրել իմ լրագրողական նյութում, – ասում է Շուշանն ու ավելացնում,-վերջին շրջանում սակայն բլոգը դարձել է պահոցի նման մի տեղ. երբ ինչ- որ հետաքրքիր բան եմ գտնում, բլոգում եմ դնում, որ այն չկորի, ու այնպես է ստացվում, որ այդ ամենն ուրշներն էլ են կարդում, և դա ինձ շատ է ուրախացնում, ձգտում եմ բլոգում ուրախ գրառումներով կիսվել. տխուր բաների մասին չեմ սիրում գրել», – ասում է նա: Եղել են նաև գրառումներ, որոնք բուռն քննարկումների ու քննադատությունների են ենթարկվել, ընթերցողները բազմաթիվ մեկնաբանություններ են թողել, որոնց, ինչպես նշում է Շուշանը՝ պարտադիր պատասխանում է: Օրեցօր ավելացող բազմաթիվ ու բազմաբովանդակ բլոգների մասին էլ լավ կարծիք ունի, ասում է՝ ինչքան շատ լինեն, այնքան ավելի լավ,  ցանկանում է, որ դրանցում քիչ լինեն «քոփի-փեսթ»-երը, ու բլոգերները հիմնականում գրեն հեղինակային, վերլուծական տեքստեր:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031