Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հաշվարկներ ունի ՀԱԿ-ը՝ ԲՀԿ-ի հետ կապված

Հուլիս 09,2012 20:52

ՀԱԿ-ի քարոզարշավների ժամանակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակը վատացավ,  քաղտեխնոլոգներն ասացին, որ դրանից ՀԱԿ-ի ձայները պակասեցին: Այս առնչությամբ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Այնտեղ լուրջ խնդիր չի եղել: Այն քարոզարշավը, որ տանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, նույնիսկ 20 տարեկան երիտասարդը չէր կարող դիմանալ: Ամեն օր 5-6 տեղ մարդը ելույթներ էր ունենում եւ շատ ակտիվ  ելույթներ, որի արդյունքում մարդը կարող էր հոգնել: Ես երբեմն բաց էի թողնում, որովհետեւ հոգնում էի, կարող եմ հասկանալ, թե ինչ ծանր բեռ էր վերցրել իր վրա»:

Ինչ վերաբերում է ձայներ կորցնելուն՝ տիկին Սարգսյանի խոսքերով՝ ՀԱԿ-ի ձայները չեն պակասել. «Եթե հաշվի առնենք, թե ինչ կարուսելներ են կիրառվել, ինչ գումարներ են տրվել, երբեմն ահաբեկել են մարդկանց, ովքեր գումարները չեն վերցրել, այսինքն՝ մարդը, եթե նույնիսկ չի ուզում վերցնել, ապա միեւնույն է, վտանգում է իրեն: Այստեղ կիրառվել են բազմաթիվ մեխանիզմներ, որի արդյունքում իրենք գրանցեցին այդ տոկոսը ՀԱԿ-ի համար: Ես կարծում եմ, որ դա իրենց կողմից նախօրոք ծրագրավորված աշխատանք էր, եւ նրանք բերեցին եւ ավարտեցին մայիսի 6-ին»: Մեր հարցին՝ այսինքն որոշված էր, որ ՀԱԿ-ին 7 մամդատ պիտի տան՝ լռելու դիմա՞ց, նա պատասխանեց. «Ոչ թե լռելու դիմաց, այլ ավելին նրանք չէին կարող թույլ տալ, որովհետեւ կորցնում էին մեծամասնությունը, այսինքն լրիվ հաշվարկած էր: ՀԱԿ-ը, եթե ունենում էր 10-12 պատգամավոր, այդ դեպքում դաշնակցությունը՝ 1-2 պատգամավորով ավելի, ապա Հանրապետական կուսակցությունը բացարձակ մեծամասնություն չէր ունենում, որը վտանգում էր Սերժ Սարգսյանի գոյությունը: Իրենց կողմից ամեն ինչ հաշվարկված էր: Մենք պայքարում էինք ազնիվ, ամենօրյա այցելություններով, քարոզչություններով»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Դուք խոսում եք ՀՀԿ-ի հաշվարկների մասին, իսկ ՀԱԿ-ը ի՞նչ հաշվարկներ ունի՝ ԲՀԿ-ի հետ կապված՝ նա պատասխանեց. «ՀԱԿ-ը կարող է շատ բան հաշվել, բայց լծակներ չունի: Այսօր լծակներ չունի»: Մենք նաեւ փորձեցինք ճշտել՝ ի՞նչ եք սպասում ԲՀԿ-ից, ֆինանսնե՞րով ձեզ կօգնեն, ռեսուրսներո՞վ, թե՞ ինչ՝ ՀԱԿ պատգամավորը վստահեցրեց, որ ֆինանսների կամ այլ աջակցության մասին մասին խոսք չկա. «Եթե «Բարգավաճ Հայաստանը» համենայնդեպս, չի մտնում կոալիցիա, Սերժը դրանից չի ուժեղանում, այսինքն՝ եթե կարող ես թուլացնել դիմացինին, պետք է թուլացնել: Ընդամենը»: Բայց որ կոալիցիա չկազմեց ԲՀԿ-ն, դա դուք համարում եք ՀԱԿ-ի՞ շնորհքը, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մենք մեր մեծագույն լուման ունենք այդ գործում»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ԲՀԿ-ին ուղղված մեսիջներին, Լյուդմիլա Սարգսյանը վստահեցրեց, որ Տեր-Պետրոսյանը մեսիջ չի ուղարկել. «Նա ընդամենը ներկայացրեց իրերի իրական վիճակը, որի հետ ես համամիտ եմ»: Կոնգրեսի առաջնորդը նաեւ իր ելույթում այնպես ներկայացրեց, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է, ուղղակի վախենում է այդ բառից` «ընդդիմություն», նա նաեւ կոչ էր անում չվախենալ այդ բառից, որովհետեւ ընդդիմություն լինելը պատիվ է: Այս առնչությամբ տիկին Սարգսյանին հարցրեցինք՝ Ձեր համար ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է, նա պատասխանեց. «Ես չեմ ուզում մեկնաբանել Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածները: Ես ժամանակից առաջ չեմ անցնում, ես սպասում եմ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որտեղ դաշտը կհստականա, բոլոր քաղաքական ուժերը արդեն բացահայտ հայտ կներկայացնեն եւ այդտեղ ամեն ինչ կհստականա»: Ամեն դեպքում, որպես միասնական թեկնածու, տիկին Սարգսյանը չի տեսնում Գագիկ Ծառուկյանին. «Ես այսօր չեմ տեսնում ոչ մեկին` որպես միասնական թեկնածու, բացառությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ում հետ 5 տարի ճանապարհ եմ անցել եւ վստահում եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031