Լրահոս
Օրվա լրահոսը

Նարիշկինը շնորհակալ էր ռուսերենը բարձր մակարդակի վրա պահելու համար

Հուլիս 24,2012 17:27

«Մեզ համար շատ թանկ են հայ-ռուսական հարաբերությունները: Դրանք երկու գործընկերների, ռազմավարական գործընկերների հարաբերություններ են եւ մենք դրական ենք գնահատում գրեթե բոլոր ոլորտներում դրական համագործակցությունը»,- քիչ առաջ ՀՀ ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ իր ռուսաստանցի գործընկերոջ հետ այսօր քննարկել են գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության հարցեր: Հայաստանի խորհրդարանի նախագահն ասաց, որ առանձնահատուկ կարեւորվել են խորհրդարանական համագործակցության խորացման հարցերը, միջազգային խորհրդարանական կառույցներում խորհրդարանական փոխգործակցության առավել սերտացումը:

«Փոխադարձ կարեւորություն ներկայացնող հարցերում հատուկ շեշտվեց միասնական դիրքորոշում ներկայացնելու անհրաժեշտությունը եւ խորհրդարանական դիվանագիտության դերը` միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը` հավելելով, որ արդյունավետ համագործակցություն է արձանագրվել ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Նա տեղեկացրեց նաեւ, որ սեպտեմբերին Երեւանում կկայանա ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների անվտանգության եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովների նախագահների առաջին խորհրդակցությունը: Հայկական կողմի առաջարկով կքննարկվի նաեւ ՀՀ ԱԺ-ում եւ ՌԴ Պետդումայում երկու խորհրդարանների ներկայացուցիչների ինստիտուտի ձեւավորման հնարավորությունը: Կակտիվացվի նաեւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովների գործունեությունը:

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն էլ, ով ՀՀ առաջին անգամ էր այցելում այդ կարգավիճակով, ի թիվս շնորհակալական շռայլ խոսքերի` լավագույն ընդունելության համար, նաեւ ասաց, որ դրական է գնահատում երկու երկրների միջեւ աճող առեւտրատնտեսական հարաբերությունները: Նկատեց, որ ՀՀ-ում ռուսական ներդրումների քանակը 2011-ի համաշխարհային ճգնաժամից հետո կազմում է երեք միլիարդ դոլար: Նա ասաց, որ թե նախագահի, թե վարչապետի, թե խորհրդարանի ներկայացուցիչների հետ շատ է քննարկվել Եվրասիական միության շրջանակներում համագործակցության հնարավորությունները: Ինչպես հայտնի է Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը սկսեցին այդ համագործակցությունը եւ, ըստ Սերգեյ Նարիշկինի, այդ համագործակցությունն արդեն իր արդյունքները տալիս է` երեք հանրապետությունների միջեւ փոխադարձ առեւտրի շրջանառությունը 2010-ի համեմատ, 2011-ին ավելացել է 30 տոկոսով: Նարիշկինի խոսքով, ՀՀ իշխանություններն ուշադրությամբ են հետեւում այդ զարգացումներին` փորձելով հստակեցնել իր տեղն այդ համագործակցության մեջ, հասկանալով որ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար դա կարեւոր օղակ է: Նա ասաց նաեւ, որ ուրախությամբ է ընդունել այն փաստը, որ ՀՀ իշխանություններն արդեն իսկ փորձում են գործնական դաշտ բերել ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի գոտու մասին արդեն իսկ ստորագրված համաձայնագիրը: Արդեն աշնանն այդ համաձայնագիրը կվավերացվի եւ Ռուսաստանը, Բելառուսն ու Հայաստանը կգործարկեն ազատ առեւտրի մասին համաձայնագիրը:

Սերգեյ Նարիշկինը հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանություններին` մեր երկրում ռուսաց լեզուն բարձր մակարդակի վրա պահելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031