ՌԱԿ Հանրապետական վարչությունը անհանգստությամբ հետեւում է Սիրիայում ծավալվող իրադարձություններինՙ ամենօրյա կապ պահպանելով Սիրիայի հայ համայնքի եւ տեղի ՌԱԿ շրջանակի անդամների հետ: Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակում հայրենի կառավարությունը պարտավոր է իր տրամադրության տակ գտնվող միջոցները կիրառել սիրիահայության իրավունքները պաշտպանելու համար եւ, միաժամանակ, Մայր հայրենիքում ստեղծել բոլոր պայմանները Հայաստան ժամանող սիրիահայերին դիմավորելու եւ պատշաճ ձեւով նրանց տեղավորումն ու կեցությունն ապահովելու համար:
Այս պայմաններում հատկապես վրդովեցուցիչ է ազգային ավիափոխադրողի կարգավիճակ ունեցող «Արմավիայի» պահվածքը, որն այս օրերին ոչ միայն բարձրացրեց Հալեպ-Երեւան թռիչքների գները, այլեւ սիրիահայ ուղեւորներին ստիպում է գնել նաեւ հետդարձիՙ Հալեպ-Երեւան-Հալեպ ավիատոմսեր, ինչն էլ ավելի է թանկացնում Հայաստան փոխադրվելու ծախսերը: Առավել եւս, որ շատերը չգիտեն, թե իրավիճակը Սիրիայում երբ կհանդարտվի, եւ նրանք կկարողանան վերադառնալ Սիրիա:
Միաժամանակ, ՌԱԿ Հանրապետական վարչությունը հայտարարում է, որ Սիրիայի հայ համայնքը, որը հիմնականում ձեւավորվել է Հայոց ցեղասպանությունից հետո, այս տարիներին դարձել է Սիրիա պետության կայացման եւ հզորացման գործոններից մեկը: Եվ Սիրիայի համար ստեղծված այս դժնդակ օրերին հայ համայնքը պետք է հատկապես միասնական լինիՙ դիմակայելու համար ստեղծված իրավիճակին, ինչը հնարավոր է հայկական ավանդական կուսակցությունների եւ ազգային-եկեղեցական կառույցների միասնությամբ եւ համատեղ ջանքերով:
Սիրիայի հայ համայնքի գոյությունը նաեւ ՀՀ ազգային անվտանգության կարեւոր բաղադրիչներից է եւ հատկապես կարեւոր է այդ համայնքի կայունության ու զարգացման երաշխիքների պահպանումը այդ երկրում: Սիրիայի հայ համայնքի անվտանգության համար հարկավոր է երկխոսել Սիրիայում գործող բոլոր առողջ քաղաքական ուժերի հետ, որոնք հասկանում են, որ քաղաքացիական պատերազմը կործանման ճանապարհ է եւ պատրաստակամ են բանակցությունների միջոցով ելք գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու:
Կարդացեք նաև
Մերձավոր Արեւելքի երբեմնի հզոր պետությանՙ Սիրիայի հայաթափումը չի բխում ողջ հայության եւ ՀՀ ազգային շահերից: Միայն Թուրքիան է, որ շահագրգռված է Սիրիայից հայության հեռացմամբ:
ՌԱԿ Հանրապետական վարչությունն իր կողմից հնարավոր բոլոր ջանքերը կներդնի սիրիահայ համայնքի անվտանգությունը պահպանելու համար, միաժամանակ երկխոսություն սկսելով ՀՀ-ում գործող այն կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների հետ, որոնք հասկանում են Սիրիայում ստեղծված իրավիճակի ողջ լրջությունը եւ պատրաստ են բարոյական ու նյութական բոլոր միջոցները ներդնել սիրիահայության իրավունքների պաշտպանության համար: