Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի կրիմինալն ու խանութպաններն իրար «գլուխ են ջարդում» որդիներին ու փեսաներին ավագանու կոչում գնելու համար

Օգոստոս 04,2012 21:55

Վաղվանից   Գյումրիում, ինչպես և հանրապետության 4 այլ մարզերի  թվով 482   քաղաքներում ու  գյուղերում  սկսվում  է  համանքապետի ու  ավագանու անդամների թեկնածուների առաջադրումները: Եվ մինչև գյումրեցիները սրտատրոփ սպասում են, թե ինչո՞վ է ավարտվելու  իշխանությունների կողմից հրահրված Վարդան Ղուկասյան-Սամվել Բալասանյան «մենամարտը», ի վերջո Ղուկասյան առաջադրվելո՞ւ է, թե՞ այսպես ասած գահընկեց է արվելու ,  պարզվում  է, որ այս քաղաքում թունդ  կռիվ է ընթանում նաև ավագանու անդամ դառնալու համար: Մոտ 200 հոգի, ընդ որում  քաղաքի թաղային հեղինակություններն ու խոշոր խանութատերերը  պայքարում են ավագանու 21 տեղերի համար: Այս մասին այսօր Aravot.am-ի հետ զրույցում  տեղեկացրեց «Շիրակ կենտրոն» հ/կ ղեկավար Վահան Թումասյանը: Մեր այն հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ 200 հոգի արդեն իսկ ոտքի են կանգնել ավագանու անդամ  դառնալու համար, պարոն Թումասյանն ասաց. «Իմ ուսումնասիրություններով, որոնք շատ հիմնած չեն փաստերի վրա, այս պահին ոստիկանությունից մոտ 50 հոգի թուղթ են վերցրել  ավագանու թեկնածուի համար,  մի քանիսն էլ վերցրել են քաղաքապետի թեկնածուի համար, բայց երբեմն ոստիկանությանը դիմել, փաստաթղթեր վերցնելը վերջնական չէ, որովհետև մարդիկ կան, որոնք ուզում են այս միջոցով իրենց վրա ուշադրություն սևեռել, կարևորվել, որպեսզի իրենց մոտենան, այսինքն տարբեր շարժառիթներ կան, առաջադրվելու  ու ընտրվելու  նպատակ չէ, որ բոլորը հետապնդում են:

Բայց ի տարբերություն նախորդ ընտրությունների, կարծես թե ակտիվությունը ավելի շատ է,  որովհետև տեսնում են, որ ավագանին կարող է տարբեր բարիքներից օգտվել, և նոր սերունդ է աճել, աճել է խանութպանների, օբյեկտատերերի, թաղային հեղինակությունների որդիների ու փեսաների սերունդ. իրենց պապաները, հոպարները  կամ աներները ուզում են, որ իրենց ջահելները որևէ կոչում ունենան:Հո չպիտի՞ գնային դոկտոր-պրոֆեսորի  կամ գիտությունների թեկնածուի կոչում  ստանային, ամենահեշտ տարբերակը ավագանի դառնալն է, մարդանց 3000-5000 դրամ կբաժանեն, որոշակի ծախսեր կանեն ու կստանան քաղաքի ավագանու անդամի կոչումը:Սա իրենց  ֆինանսապես- նյութապես ավելի օգտակար է, քան գիտությունների թեկնածու  կամ հասարակական գործիչ դառնալը, որովհետև այս կոչումներից ոչնչի չես հասնի, իսկ ավագանու անդամի կոչումով կարող ես որոշակի խնդիրներ լուծել, ասենք տարածք, գիծ  ձեռք բերել»:  Ի դեպ, ըստ մեր զրուցակցի, Գյումրիում կան մարդիկ, որոնք պատրաստ են ավագանու  անդամ դառնալու համար 20 հազար դոլար ծախսել: Մի՞թե ավագանու անդամ դառնալը այդքան եկամտաբեր է, որ կարելի է  աղքատ քաղաքում նման կարգի գումար ծախսել, մեր այս հարցին, Վահան Թումասյանը պատասխանեց. «Իրենք իրենց թույլ են տալիս 70-80 դոլարանոց մեքենաներ քշել այս քաղաքի ավերակ փողոցների մեջ, որպեսզի ցույց տան իրենց հզորությունը, ավագանին ինչ է, որ դրա համար էդքան գումար չծախսեն»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031