Լրահոս
Օրվա լրահոսը

Հ/Կ-ներից շատերը մերժում են Սամվել Բալասանյանի հրավերը

Օգոստոս 18,2012 11:57

Գյումրու քաղաքապետի իշխանական թեկնածուն` Սամվել Բալասանյանը,  այսօր կեսօրին պատրաստվում է հանդիպել  հ/կ-ների ներկայացուցիչների հետ: Դեռևս մի շաբաթ առաջ վերջինս  իրեն պատկանող գարեջրի գործարանի էլեկտրոնային հասցեով անհատական նամակներ էր  հղել  թիմային կարգով ավագանու անդամի թեկնածություն  առաջադրած «Քաղաքը մերն է»  քաղաքացիական նախաձեռնության անդամներին` հրավիրելով  իր նախընտրական ծրագրի համալրմանն ու մշակմանը: Սա ինչ-որ տեղ զարմացրել, անակնկալի է բերել  հ/կ-ների ղեկավարներին, որոնք երկար ժամանակ քննարկում էին այն հարցը, թե արժե՞ գնալ հանդիպմանը, թե՞ոչ և իրականում ո՞րն է Սամվել Բալասանյանի նպատակը: «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության խմբի վերջին խորհրդակցության ժամանակ նույնիսկ առաջարկ հնչեց պարոն Բալասանյանից ճշտել, թե որպես ի՞նչ է իրենց հրավիրում: «Թող ինքն իր համախոհներով մշակի իր ծրագիրը, ես ի՞նչ գործ ունեմ նրա ծրագրի հետ , չպիտի գնանք նրան լսենք, որ ինքն իրեն լավ զգա , բայց եթե անգամ գնամ, ապա գնալու եմ մի ճշտող հարց ուղղեմ`  2003 թվականի նախագահական ընտրություններին ո՞ւմ է սատարելու Սամվել Բալասանյանը: Հասկանալի է, որ ինքն  ուզում է ցույց տալ, թե հասարակության բոլոր շերտերի հետ  պատրաստ է  հանդիպել, պարզապես մի մտավախություն ունեմ, սա հանկարծ չօգտագործվի մեր դեմ», -նման կարծիք հնչեցրեց Գյումրու ավագանու անդամի թեկնածուներից մեկը` ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը:

Եղան ավելի  կտրուկ արտահայտվողներ, օրինակ` ռեժիսոր Արթուր Հարությունյանը հայտարարեց. «Ես հասկանում եմ, որ այս տեսակ անմակարդակ հրավերով թակարդ են հյուսում մեր դեմ, հ/կ-ներ անվան տակ բերում ու մեզ չակերտավոր ասած փչացնում են: Ես դեմ եմ նման հրավերի ընդունմանը»:

Փոքր-ինչ  տարբեր էր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի   դիրքորոշումը: «Անկախ իրենց մոտիվացիաներից` այն գնահատելի է: Իսկ մենք  պարտավոր ենք կանխատեսել մոտիվացիաները , մեր թեկնածուները ծայրից ծայր պետք է կարդան  մեր մշակած էթիկայի կոդեքսը, որպեսզի հանդիպումների ժամանակ չօգտագործվենք բառի անդուր իմաստով:Կարելի է այսպես ասած ինդիկացիոն`(ճշտող, ստուգող)   առաքելությամբ պատվիրակություն ուղարկել, որոնց մեջ կլինեն  մարդիկ, ովքեր չոր, հստակ հարցեր կտան Բալասանյանին: Նման հրավերքը չի կարելի անարձագանք թողնել,  որովհետև պատմության դասագրքերում ուզենք, թե չուզենք գրվելու է` առաջին անգամ քաղաքապետի թեկնածուն ծրագիր մշակելու համար կանչում է հ/կ ներկայացուցիչներին»:

Երեկ «Առավոտը» պարոն Բարսեղյանից  մեկ անգամ ճշտեց ի վերոջ ընդունելո՞ւ է հրավերը, թե՞ ոչ, որին ի պատասխան նա տեղեկացրեց, որ ագրեսիվ մերժմանը ինքը դեմ է,  բայց իրենք զբաղված են, դեռևս ամիսներ առաջ հենց այդ օրն է նշանակված «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության խմբի հերթական ժողովը, այնպես որ Բալասանյանի հետ հանդիպումը  հարմար չի լինի: Բացի այդ, ըստ պարոն Բարսեղյանի, հրավերը եղել է անահատական, ոչ թե ուղղված «Քաղաքը մերն է» նախաձեռնության խմբին,  հետևաբար և յուրաքանչյուր անդամ ինքը կորոշի գնա՞լ, թե `ոչ: « Իհարկե որոշ հարցեր կգրեմ ու կուղարկեմ պարոն Սամվել Բալասանյանին, բայց կարծում եմ, «Քաղաքը մերն է» խմբի անդամների մեծ մասը չեն գնա այդ հանդիպմանը` որոշ նկատառումներից ելնելով, եթե գնանք` մեզ այդ դեպքում հաստատ կասոցացնեն Սամվել Բալասանյանի թիմի հետ,կգրեն, կնկարեն, ցույց կտան, հաստատ կասեն, թե նրա թիմից ենք», -մեկնաբանեց Լևոն Բարսեղյանը:

«Քաղաքը մերն է» խմբի անդամներից  խիստ տարբեր է  միայն «Շիրակ կենտրոն»  հ/կ նախագահ Վահան Թումասյանի կարծիքը: «Եթե ես պիտի վախեցած ապրեմ, դիմացինին տեսնելուց չբարևեմ, թե նրա ռեյտինգը հանկարծ  կբարձրանա, ես համաձայն չեմ դրան, մեր գործունեությունը պետք է ուղղված լինի քաղաքական մշակույթի հարստացմանը: Վարդան Ղուկասյանի ռեժիմից ազատվելու համար ես կհամագործակցեի  ԱԺ պատգամավոր  Մարտուն Գրիգորյանի ու Գյումրու մանկավարաժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի հետ, եթե ԲՀԿ-ն Բալասանյանի փոխարեն նրանց քաղաքապետի  թեկնածու առաջադրեր և ով որ Գյումրու իրավիճակը փոխելու ռեալ շանս ունենար: Ես համոզված եմ, որ նման հանդիպումը դրական ազդեցություն կթողնի և քաղաքացիական  հասարակության  կայացման և քաղաքի խնդիրների համատեղ լուծման համար: Եթե քաղաքապետի ուրիշ  թեկնածուներն էլ հանդիպման հրավիրեն` բարի ցանկություններով, ես կգնամ: Անհատական  հրավերք է, ովքեր ցանկանում են թող գնան, բայց այստեղ նստածները չգիտեն, թե 2013 թվականի նախագահական ընտրություններին  ո՞ւմ պետք է պաշտպանեն, ո՞ւր մնաց Բալասանյանը, կամ դա ի՞նչ կապ ունի հանդիպման թեմայի հետ, եթե քաղաքապետի պաշտոնը ապաքաղաքական է», ասում է Վահան Թումասյանը: Ըստ նրա, եթե  հ/կ ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ իրենց կօտագործեն   PR նպատակով, ապա հանդիպումը կարող են   անցկացնել  առանց ԶԼՄ-ների ներկայության :

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031