Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ոչ մեկի մարդն էլ չեմ, ես իմ կնոջ մարդն եմ». Կատակում է Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված ամենաերիտասարդ թեկնածուն

Օգոստոս 18,2012 17:20

Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Գյումրու քաղաքապետի պաշտոնին հավակնող 4 թեկնածուների գրանցումից հետո այս քաղաքի բնակչությունը ավելի շատ է սկսել ճշգրտումներ անել, թե նրանցից որ մեկը՝ ի՞նչ «խաղ է խաղում», ի՞նչ շահ ունի, եւ ամենակարեւորը՝ ո՞ւմ դրդմամբ է առաջադրվել, կամ այլ կերպ ասած՝ ո՞ւմ մարդն է: Թեկնածուներից երեքը՝ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանն ու գլենդելաբնակ նախկին բարձրաստիճան պաշտոնյան՝ Շիրակի շրջկոմի առաջին քարտուղար Սպարտակ Պավլովիչը, գյումրեցիների համար քիչ, թե շատ, հայտնի դեմքեր են: Իսկ ահա չորրորդ թեկնածուին՝ Անդրանիկ Ավետիսյանին, որն ամենաերիտասարդն է՝ 44 տարեկան, քաղաքի բնակիչներից շատերը դեռ չեն բացահայտել, թե ո՞վ է:

Գյումրեցիների հետաքրքրությունը բավարարելու համար, մենք անձամբ այս թեկնածուից փորձեցինք պարզել, թե ո՞ւմ մարդն է, ինչո՞ւ այսքան տարիներ չէր առաջադրում իր թեկնածությունն ու հանկարծ Վարդան Ղուկասյանի ոտքը քաշելուն պես, նա էլ որոշեց տեր կանգնել ավերակ քաղաքին, փոխել քաղաքի բարոյահոգեբանական կեղտոտ մթնոլորտը: Նշենք, որ թեկնածուն«դե յուրե» ձեւակերպված, բայց «դե ֆակտո» գոյություն չունեցող «Ադո Վուլֆ» ՓԲԸ տնօրենն է, որը զբաղվել է մետաղի ջարդոնի ընդունմամբ:
Մեզ հետ զրույցում Անդրանիկ Ավետիսյանն այսպես պարզաբանեց, թե ում «մարդն» է ինքը.«Ես պարզ ասեմ՝ ինձ ճանաչողներին, իմ ընկերներին եթե հարցնեք, նրանք կարող են ձեզ ասել, որ ես չեմ կարող լինել որեւէ մեկի մարդը, որովհետեւ առաջին հերթին ես իմ կնոջ՝ Ասրյան Զարուհու մարդն եմ, իհարկե, կատակի ձեւով ասած: Բացառված է, որ ես որեւէ մեկի մարդը լինեմ, այս անսովոր անորոշությունն էլ իմ օգտին է աշխատում»: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ մի քանի տարի է՝ ուզում էր առաջադրել իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնի համար, սակայն հոգեպես պատրաստ չէր: Իսկ թե ո՞վ էր խանգարում թեկնածուին, Վարդան Ղուկասյա՞նը, նա՞ էր պատճառը, որ կաշկանդվում էր առաջադրվել, որովհետեւ քաղաքապետը մրցակիցներ չէր հանդուրժո՞ւմ, մեր այս հարցերից հետո Անդրանիկ Ավետիսյանը խոստովանեց, որ քաղաքապետի՝ լուրջ մրցակից լինելու գործոնն էլ իր դերկատարությունն է ունեցել: Մեր զրուցակցի հավաստմամբ՝ քաղաքապետ ընտրվելիս առաջին գործը, որը ինքը կցանկանար անել, Գյումրիում մարդկանց մտածելակերպը փոխելն է, գյումրեցիներին սկզբունքային դարձնելն է, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց շահերը: Ավելին, ընտրվելու դեպքում այս թեկնածուն խոստանում է իր թիմը հավաքել քաղաքի ողջ բնակչությունից, համախմբել ժողովրդի մեջ եղած լավագույն մասնագետներին ու մեծատառով մարդկանց: Կհաջողվի՞ երիտասարդ ձեռներեցին մրցել իշխանական ֆավորտի՝ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի հետ, այս հարցին Անդրանիկ Ավետիսյանը պատասխանեց. «Բնական է, ինձ համար դժվար կլինի, քանի որ երկու հզոր կուսակցություններ են կանգնած մրցակիցներից մեկի թիկունքին, իրոք դժվար կլինի: Թեեւ ես պայքարից չեմ խուսափում, ես ուժ եմ ստանում դրանից: Ուղղակի կուզենայի ժողովուրդը իր մտածելակերպը փոխեր, եթե որեւէ մեկն ասում է, որ էդ մարդն արդեն ընտրված է քաղաքապետ, որ ասում են, էլ լսողը չի մտածո՞ւմ, որ ինքն է ընտրողը: Ի՞նչ է նշանակում՝ ընտրված է, եթե ընտրված է՝ եկեք նշանակովի դարձնենք էդ պաշտոնը ու նստենք սպասենք, թե ում պետք է նշանակենք: Ես ուզում եմ պայքար սկսել հենց այդ մտքի դեմ, իմ առաջադրմամբ ժողովրդին ուզում եմ ապացուցած լինել, որ էդպես չէ, մի հանձնվեք, հանձնվողական մտածելակերպը հանենք ձեր մեջից, ձեր ձեռքն է, շատ էլ, որ վերեւներից թելադրում են, հոգեբանորեն ճնշում են, թե՝ ա՜յ էս մարդն է արդեն քաղաքապետը, բայց ավելի օբյեկտիվ նայեք՝ մեր ձեռքում է, պետք է ազատ լինել»:

Թեկնածուն հպարտանում է իր անկուսակցական լինելով՝ պատճառաբանելով, որ անկախ, ազատատենչ քաղաքապետը ավելի ուժեղ կլինի. «Ես ավելի լավ է լինեմ բոլորից, քան մեկից»: Մենք Գյումրու քաղաքապետի թեկնածուին հիշեցրեցինք, որ հենց այդպես մտածում էր նաեւ Գյումրու անկուսակցական քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որին, սակայն, իր պաշտոնավարման կեսերից հարկադրելով «մկրտեցին» ՀՀԿ-ական, այնուհետ նույն ՀՀԿ-ն էլ՝ գահընկեց արեց նրան՝ ԱԺ ընտրություններում իշխող կուսակցության օգտին ի սրտե չաշխատելու, կուսակցությանը խայտառակելու, ԲՀԿ-ականներին պարտվելու համար:  «Չեմ ուզում անլուրջ մարդու տպավորություն թողնել, ժողովրդական խոսք կա, չէ՞. ասում են՝ երբեք մի ասա, երբեք, ես չգիտեմ` ի՞նչ պայմաններում կաշխատեմ, ի՞նչ հնարավորություններ կունենամ, բայց համենայնդեպս հնարավորություններիս չափ ձգտելու եմ անկախ լինել: Անկախության մեջ ավելի լավ կգործեմ, ավելի ուժեղ կլինեմ: Հավասարաչափ բոլորի հետ շփումներով ու համերաշխ մթնոլորոտով, երեւի թե ես ավելի մեծ օգուտ բերեմ քաղաքին, քան թե լինեմ որեւէ մի կուսակցության անդամ: Ժամանակն է բոլորով աշխատել այս քաղաքի համար, քաղաքը հիմա դրա կարիքն ունի»,- ասաց մեր զրուցակիցը՝ ամենայն հավանականությամբ աչքի առաջ ունենալով քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անընդմեջ «ռազբորկաները» ԲՀԿ-ականների ու որոշ կուսակից ընկերների հետ: Ի դեպ, նշենք, որ ազատատենչ երիտասարդը արվեստագետի ընտանիքից է. նրա հայրը՝ Հովհաննես Ավետիսյանը, քաղաքում հայտնի նկարիչ էր:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031