Լրահոս
Օրվա լրահոսը

Վեզիրյանին մեղադրում են մի գործով, որտեղ չկա տուժող

Սեպտեմբեր 05,2012 17:41

«Չկա տուժող, բայց ես մեղադրվում եմ հանցագործության մեջ՝ ծեծ, ում եմ ծեծել՝  չկա»,- զարմանում է  «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան Արման Վեզիրյանը:

Այսօր Շենգավիթի վարչական շրջանի դատարանում նրա դեմ հարուցված քրեական  գործով դատավարության ժամանակ պարզվեց, որ իրավապաշտպանին մեղադրում են մի գործում, որտեղ չկա տուժող: «Օրենսդրական բաց էր, ինձ համար նորություն էր, նոր էի բացահայտում, որ նույն գործով կարող են մարդիկ փոխադարձաբար լինել ե՛ւ տուժող, ե՛ւ մեղադրյալ:  Պարզվում է՝  դատախազության համար նորություն չէր , դատախազությունը այդ բացի մասին գիտեր, եւ ոչինչ չէր ձեռնարկել: Անտրամաբանական եմ համարում  մեղադրանք առաջադրել եւ մարդուն մեղավոր ճանաչել մի գործում, որտեղ չկա տուժող: Չկա տուժող, չկա մեղադրյալ, մյուս կողմի հետ տուժողի  կարգավիճակի պարզաբանման խնդիր ունենք, նրանք առաջարկեցին կամավոր ներկայանալ տուժող»,- բացատրեց Վեզիրյանի իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Նա նաեւ դատարանին միջնորդեց դատավարությունը հետաձգել՝ մյուս կողմի հետ իրենց դիրքորոշումները հստակեցնելու համար: Այսօր գործով դատարան չէր ներկայացել վկա Լենա Բադալյանը, որը ժամանակին ստացել էր ծանուցումը, բայց դատարանին գրավոր տեղեկացրել էր, որ երեխային խնամելու պատճառով չի կարողանա ներկայանալ: «Եթե նիստը շարունակվի, պետք է Արման Վեզիրյանին հնարավորություն տալ հարցեր ուղղել, որովհետեւ իրականում այդ վկան ոչինչ չի ասել, ինչը  հիմնավորում է Արման Վեզիրյանի մեղքը »,- ասաց տիկին Կարապետյանցը:

Հարցին, թե հնարավո՞ր է  մյուս կողմի հետ հաշտության եզրեր գտնեն, տիկին Կարապետյանցը հավելեց. «Եթե լինեն որոշակի պայմաններ,  որոնք կապահովեն, մենք,  ըստ էության,  դեմ չենք, որովհետեւ մեր այսօրվա վեճն ու պատերազմը Տիգրան Մանուկյանի դեմ չէ, այլ ոստիկանության արած բացառիկ խախտումների եւ դատախազության կողմից դրանք պարտակելու դեմ է , այսօր Տիգրան Մանուկյանը զոհ է դարձել այդ նույն պատմությանը, ինչին մենք ենք դարձել»:

Վեզիրյանի գործով դատավարությունը նշանակվեց սեպտեմբերի 12-ին: Հիշեցնենք, որ իրավապաշտպանի դեմ քրեական գործ էր հարուցվել՝  ապրիլի 30-ին՝ ԱԺ նախընտրական շրջանում, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչների կողմից քարոզչանյութեր բաժանելու ընթացքում տեղի ունեցած միջադեպի առիթով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930