Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդանիկականե՞րն էլ ձայն կտան դաշնակցականին

Սեպտեմբեր 09,2012 20:31

Օրեր առաջ Գյումրիում լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր վրեժը Սերժ  Սարգսյանից լուծելու համար  ՏԻՄ ընտրություններում որոշել է սատարել  ՀՅԴ-ական  թեկնածու Հովսեփ Սիմոնյանին: Ու թեև 13 տարվա քաղաքագլուխը այժմ Գյումրիում չէ (նա, որպես բողոքի նշան,  իր մտերիմներով մեկնել է  հարևան Վրաստան), սակայն, ըստ տարածված խոսակցությունների,  իր թաղի`Սլաբոդկայի բնակիչներին հրահանգել է, որպեսզի գնան  ու  իրենց ձայնը տան կա’մ  դաշնակցական թեկնածուին,  կա’մ  ջնջեն 4 թեկնածուների անուններն էլ ու քվեաթերթիկի վրա «Վարդան Ղուկասյան» գրեն:

Մենք եղանք Գյումրու քաղաքապետի թաղում, մասնավորապես,  թիվ 6-րդ դպրոցում, որտեղ տարիներ շարունակ ընտրությունները կառավարել է քաղաքապետի որդին` Սպարտակ  Ղուկասյանը, ու այստեղ անընդմեջ սկանդալներ են գրանցվել:  Նշենք, որ քաղաքապետի թաղում, ինչպես և Վարդանանց հրապարակում, որտեղ և գտնվում է Գյումրու քաղաքապետարանի շենքը, այնպիսի ամայություն էր, որ մի պահ թվում էր, թե քաղաքը սգի մեջ է (տես լուսանկարներում):

Թիվ 6-րդ դպրոցում տեղակայված 34/25 ընտրատեղամասի ավագանու անդամի թեկնածու Վարդան Եդիգարյանի վստահված անձ  Սուսաննա Պապիկյանը մեզ հետ զրույցում ասաց . «Կյանքում առաջին անգամ է, որ էս ընտրատարածքում  էսպես խելոք են, կազմակերպված, չափած-ձևած,  բոլորը համարյա ակտիվ գալիս են: Պատկերացնո՞ւմ եք, որ այստեղ ոչ մի խախտում չի արձանագրվել, խելոք-շնորհքով սպասում են դրսում: Էսօր գոհ եմ, անկեղծ ասած, էսպիսի ընտրություն առաջին անգամն է, ո՞նց ասեմ, ոնց որ սանատորիայում  լինենք, ընտրություն չլինի: Աստծուց շնորհակալ կլինենք, եթե երեկոյան մինչև ժամը 8-ը այսպես լինի»:

Սամվել Բալասանյանի վստահված անձ Հակոբ Սարգսյանն էլ ապշել էր այս ընտրատեղամասում տիրող անդորրից: «Կուտակումներ էդքան չի լինում, լինելու դեպքում էլ կազմակերպված անցկացնում ենք մարդկանց, դժգոհություններ չկան , կամաց-կամաց ընտրությունները մեզ մոտ քաղաքակիրթ մթնոլորտում են  անցկացվում», -ասաց վստահված անձը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930