Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի համար ոչ տաք, ոչ սառը

Սեպտեմբեր 14,2012 10:40

Հունգարիայի խորհրդարանի ընդդիմադիր այս պատգամավորը ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի կացինը խորհրդանշող կացնով է մասնակցում օրինաստեղծ աշխատանքին:

Եվրախորհրդարանը երեկ բանաձև է ընդունել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի և Ադրբեջանում ազատ արձակման վերաբերյալ: Բանաձևը, բնականաբար, դատապարտում է տեղի ունեցածը` արձանագրելով, որ այն կավելացնի լարվածությունը հայ-ադրբեջանական հակամարտության գործընթացում և չի նպաստի երկու հասարակությունների միջև վստահությանը:

Ընդհանուր առմամբ, Եվրախորհրդարանի բանաձևը կարելի է համարել Հայաստանի համար ոչ տաք, ոչ սառը: Դա մի գոլ բանաձև է, որտեղ մեր դիվանագիտությունն, անշուշտ, կարող է մատնանշել հաջողություններ, սակայն միևնույն ժամանակ հազիվ թե կարողանա ցույց տալ, թե այդ հաջողությունները, ըստ էության, ինչ են փոխելու տարածաշրջանային առկա իրավիճակում, եթե Եվրախորհրդարանը հերթական անգամ շեշտել է երկու կողմերից բանակցությունը շարունակելու անհրաժեշտությունը: Ըստ էության, այդ հավասարության նշանը, որ դրվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, կարծես թե չեզոքացնում է բանաձևի մյուս բոլոր դրույթները, որոնք կարող են հաճո լինել Հայաստանին և լինել շահեկան: Բանն այն է, որ Ադրբեջանի որոշումը՝ ազատ արձակել մարդասպանին, հենց հետևանքն է այն բանի, որ Եվրոպան մշտապես փորձել է գրեթե բոլոր կառույցներում և ինստիտուտներում հավասարության նշան դնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Եվ թերևս սա ամենաէական պահն է, ամենաէական բացթողումը, որի պատասխանատվությունը թե՛ Հայաստանի դիվանագիտության վրա է ընկնում, թե՛ ընկնում է եվրոպական քաղաքականության վրա, որը այդ տեսանկյունից գալիս հանգում է բավականաչափ լղոզված մի կետի, որն էլ արձակում է Ադրբեջանի ձեռքերը:

Այս տեսանկյունից, Եվրախորհրդարանի բանաձևը կարելի է համարել թույլ բանաձև, որովհետև դրանով մի կողմից դատապարտվում է սաֆարովյան դեպքը, մյուս կողմից, սակայն, Ալիևին կարծես թե նոր նմանօրինակ դեպքի համար քարտ-բլանշ են տալիս` այս կամ այն կերպ դնելով այդ հերթապահ հավասարության նշանը: Ի վերջո, այստեղ, իհարկե, հայաստանյան դիվանագիտությունն ունի իր անելիքը, իր բացը, սակայն մյուս կողմից` Եվրոպան էլ, ի վերջո, պետք է իրեն պարտավորված զգա սկզբունքային դիրքերից պաշտպանել սեփական արժեքները և հավասարության հերթապահ ձևակերպումներով չփորձել անհասկանալի տոլեռանտություն ցուցաբերել եվրոպական, համամարդկային արժեքները ոտնահարող Ադրբեջանի հանդեպ:

Այլապես ստացվում է, որ Եվրոպան կամ ինքն է դեմ գնում իր արժեքներին, կամ էլ ուղղակի եվրոպական քաղաքականության ճգնաժամի հետ գործ ունենք, երբ այդ քաղաքականությունն այդպես էլ չի կարողանում որևէ կերպ կոնկրետանալ հարավկովկասյան ուղղությամբ, թեև կարծես թե ոչ միայն Հայաստանի, այլ նաև Եվրոպայի համար ստեղծված իրավիճակը տալիս է դրա լավ հնարավորությունը:

«Ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930