Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Երբեք չեմ եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակը»

Հոկտեմբեր 05,2012 17:54

«Ռուբեն Հակոբյանն առաջին իշխանության մաս է կազմել, եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը: Եթե բումերանգ է, ապա այդ բումերանգը պիտի գա Ռուբեն Հակոբյանին կպնի”,- այսպես պատասխանեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի` լրագրողների հետ ճեպազրույցում արած հայտարարությանը, թե օրինաչափություն է, որ իշխանություններն անձեռնմխելիությունից զրկում են պատգամավորների` նախագահական ընտրությունների«շրջանակներում», եւ օրինաչափություն է, որ անձեռնմխելիությունից զրկում են ընդդիմադիր քաղաքական գործիչների: Սակայն դա ունենում է բումերանգի էֆեկտ: Ռուբեն Հակոբյանը նշել էր, որ ժամանակին ՀՀՇ-ն էր, հետո ՀՀՇ-ի նկատմամբ եւս իրականացվեց դա:

Ի պատասխան Արամ Մանուկյանի արձագանքին` Ռուբեն Հակոբյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց. «Ցավում եմ, որ կան մարդիկ, ում մի քանի անգամ պետք է կրկնես, որ հասկանան: Չնայած հիմա էլ համոզված չեմ, որ կհասկանան, բայց կրկնեմ` ես երբեք չեմ եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակը, ես եղել եմ Գերագույն խորհրդի պատգամավոր եւ, միեւնույն ժամանակ, Գերագույն խորհրդի հասարակայնության հետ կապերի վարչության պետ` հասարակական հիմունքներով: Ինձ մոտ գալիս էին մամուլի ասուլիսների Վազգեն Առաջինը, Սոս Սարգսյանը, ուժային կառույցների ղեկավարները եւ գրեթե բոլոր նրանք, ովքեր այդ ընթացքում ասելիք ունեին: Եվ շատ բնական է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն առավել հաճախ էր մասնակցում մամուլի ասուլիսների, որովհետեւ այդ վարչությունը ստեղծված էր ԳԽ շրջանակներում: Անկախությունից հետո առաջինը Հայաստանում մամուլի ծառայություն ես եմ ստեղծել եւ ղեկավարել: Ես իսկապես չէի ամաչի, եթե եղած լինեի Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարը, ամաչելու բան չկա, բայց իրենք, դա հորինելով, հավանաբար ենթադրում են, թե ամոթ է, որ մեկն ու մեկը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Դա էլ իրենց խնդիրն է»:

Արամ Մանուկյանը նաեւ նշել էր, թե ՀԱԿ-ը «Ժառանգությանը», Դաշնակցությանը եւ ԲՀԿ-ին չի մեղադրում, որովհետեւ պետք չէ ընդդիմության մեջ սեպ խրել, քննադատել միմյանց, մանավանդ որ խորհրդարանական ընդդիմության թիվը փոքր է: Մեր այն հարցին, թե պե՞տք է թերությունների ու սխալների մատնանշումից խուսափել` հարաբերություննեը չփչացնելու համար, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Դա կապ չունի քաղաքականության հետ: Այդ դեպքում գուցե ՀԱԿ-ը չանդրադառնա՞ մարտի 1-ի դեպքերին: Սա անհեթեթություն է: Եթե հարցն այն է, որ հատվածաբար պետք է անդրադառնանք` մինչեւ 98 թվականը ներկայացնելով հրաշալի, դրանից հետո` ահավոր, խնդիրն այլ է դառնում: Ճշմարտությունը պետք է լինի ամբողջական, կիսաճշմարտությունն առավել վտանգավոր է, քան բացարձակ սուտը: Իմ գործընկերները որդեգրել են հատվածական ճշմարտության սկզբունքը, որը կապ չունի քաղաքականության հետ եւ ընդամենը մի հատվածի շահն է ներկայացնում:

Ես խոսում եմ ընդհանուր երեւույթի մասին, ես ասում եմ, որ համակարգի դեմ պայքարելու համար պետք է հասկանանք` որտեղ է շան գլուխը թաղված: Ես ասացի, որ այս ամենի պատճառը վերջին 20-22 տարիների ընթացքում ձեւավորված համակարգն է, եւ այսօրվա Հայաստանում ստեղծված տխուր իրավիճակը պետք է դիտարկել այդ ժամանակահատվածում ստեղծված պատճառահետեւանքային կապի մեջ: Ես անդրադարձա ե’ւ 1996 թվականի, ե’ւ 2008 թվականի, ե’ւ հոկտեմբերի 2-ի իրադարձություններին, իսկ մարդիկ ցավ են զգում, որ ասում ես` ինչու էիք խոշտանգում Սեյրան Ավագյանին կամ Դավիթ Վարդանյանին, երբ պայքարում էին կեղծված ընտրությունների դեմ: Վիրավորվում են: Ու մարդկանց հետ քաղաքականությունից խոսելը դժվար է դառնում»:

 

Ս. Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031