Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները` Արզաքանցյանի մասին

Հոկտեմբեր 12,2012 18:55

Ոստիկանությունը չի զինաթափել նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանի թիկնապահներին, այլ կասեցրել է նրանց գործողությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Նախ, չենք զինաթափել, այլ կասեցրել ենք նրանց գործողությունները, այն է` շարասյունով եւ երթեւեկության կանոնները կոպտորեն խախտելով  երթեւեկելը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Տիգրան Արզաքանցյանի մատնանշած շոուին, ապա, Ահարոնյանի խոսքով, ոստիկանության պաշտոնական կայքում կա տեսագրություն, որտեղ «հստակ երեւում են իրական շոու մասնակիցների գործողությունները. 4-5 անձանց կողմից պարոն Արզաքանցյանի առաջ մեքենայի դուռը բացելը, երթեւեկության մյուս մասնակիցների հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթեւեկության հանդիպակաց գոտիով երթեեւեկելը»: «Ընդ որում` ոստիկանների գործողությունները, կարծում եմ, հենց պարոն Արզաքանցյանի կյանքի եւ առողջության անվտանգությունն ապահովելու նպատակ ունեին, քանի որ վիճակագրությունը փաստում է, որ երթեւեկության կանոնների այդ կարգի խախտումների հետեւանքով պատահարները բավական ծանր ելք են ունենում»,- ասաց նա:

Մեր մյուս հարցին, թե ճի՞շտ է, որ Տիգրան Արզաքանցյանի թիկնապահները հենց ոստիկանության աշխատակիցներ են, վարչության պետը նշեց, որ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ պարոն Արզաքանցյանը ունի համապատասխան պայմանագիր կնքած: «Ի դեպ, ցանկալի կլիներ, որ պարոն Արզաքանցյանը չխախտեր պայմանագրի պահանջները եւ ժամանակին վճարեր իր կյանքն ու ինչքը պաշտպանելուն կոչված անձանց աշխատավարձերը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Տիգրան Արզաքանցյանի կյանքին սպառնացող վտանգին, ապա Աշոտ Ահարոնյանը նշեց, որ  երթեւեկության կանոնները, երբեմնի պատգամավորական  համարանիշն օգտագործելը, համակեցության պահանջները խախտելը, չի կարծում, որ սեփական կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու լավագույն ձեւերն են: «Ինչ վերաբերում է իր կյանքին սպառնացող վտանգի մասին, պարզաբանումների համար ճիշտ կլինի դիմեք հենց իրեն, չնայած կարծում ենք, որ նրա օրենսդրական գործունեությունը այդպիսի հետեւանքներ չպիտի հարուցեր»,- ասաց Աշոտ Ահարոնյանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանը NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել էր, թե դեպքը տեղի է ունցել Սայաթ-Նովա փողոցում: «Նախ իմ թիկնապահները ոստիկանության աշխատակիցներ են, եւ իրենք կարող էին զանգ տալ իրենց աշխատակիցներին ու հրավիրել բաժին: Ստացվում է, որ իրենք զինաթափել են իրենց աշխատակիցներին: Սա շոու է, բայց, թե ո՞ւմ համար են այս շոուն իրականացնում, ես չգիտեմ: Եթե իրենց ցանկանում են այս կերպ ցույց տալ, որ աշխատում են, թող ցուցադրեն: Մենք պայմանագիր ունենք եւ օրինականության շրջանակներում ենք աշխատում նրանց հետ»,- ասել էր նա: Նախկին պատգամավորի խոսքով` իր  դեմ 3 մահափորձ է տեղի ունեցել,  իր ընտանիքի միակ տղան է, «6 զավակների հայր եմ, եւ հիմա, որ այդ փորձանքը լինի, իր երեխաներին ո՞վ է պահելու»:

News.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել