
«Առավոտ»-ի հետ զրույցում ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի պատասխանատու Գեւորգ Ալեքյանը այսպես մեկնաբանեց իրենց նպատակը. «Մենք ՏԻՄ ընտրություններից հետո մեր ընկերական հանդիպումների միջոցով կուսակցության ակտիվի նախաձեռնությամբ որոշեցինք ստեղծել քաղաքական հանձնախումբ, որը մասնակցելու է Գյումրու ավագանու բոլոր նիստերին, իր առաջարկություններն է անելու, որը, իրոք, մեր պատկերացմամբ՝ բխում է ժողովրդի շահերից: Այդ ամեն ինչը արվում է նրա համար, որ մարդիկ հասկանան՝ քաղաքական կուսակցություն կա քաղաքում, մարզում, եւ եթե մեր առաջարկությունները, որոնք բխում են ժողովրդի շահերից, քաղաքապետարանի կողմից չկատարվեն, կհնչեն սուր քննադատություններ, բոլորին տեղյակ կպահենք, կասենք՝ ժողովուրդ, ձեր շահերից ելնելով, ձեզ համար, մեր ընդհանուր քաղաքի համար էս առաջարկությունն է եղել, բայց, կներեք, էսօր քաղաքային իշխանությունները չեն կատարում»: Իսկ ո՞վ կգլխավորի հանձնախումբը, չլինի՞ քաղաքապետի նախկին թեկնածու Հովսեփ Սիմոնյանը՝ մեր այս հարցին Գեւորգ Ալեքյանը պատասխանեց. «Խումբը, բնականաբար, կունենա իր նախագահը, քարտուղարը, կկազմվեն արձանագրություններ, բայց քանի որ տարբեր ոլորտի մասնագետներ են ընդգրկվելու, ապա յուրաքանչյուրը ավագանու նիստի ժամանակ հանդես կգա ըստ իր պաշտոնի, իր ոլորտի, ակտիվ կլինի իր բնագավառում: Տեսեք՝ էսօր մանկապարտեզներում ինչ-որ թերացումներ կան, ջեռուցման խնդիր կա. սրանք թեթեւ խնդիրներ են, որոնք կարելի է արագ լուծել, բայց էսօր դրանք դարձել են հիմնախնդիրներ, կարելի է մանկապարտեզամերձ հրապարակը ասֆալտապատել, բայց ներսում ջեռուցում չունենալ: Այստեղ ասելիք կունենա կրթական ոլորտի մասնագետը»:
ՀՅԴ մարզային կոմիտեի պատասխանատուի պարզաբանմամբ՝ հանձնախմբի ձեւավորումից անմիջապես հետո կուսակցության գրասենյակը կհայտարարի բնակիչների ընդունելության օրեր, կֆիքսի նրանց բողոքը ու այն կներկայացնի Գյումրու ավագանուն: «Էդ հանձնախումբը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների պես է աշխատելու. աշխատանքային գրաֆիկ է կազմվելու, ու ընդունելության ժամեր են լինելու: Մենք հանձնախումբը չենք ստեղծում նրա համար, որ մեր թեկնածուն ՏԻՄ ընտրություններին քվեի տեսքով պարտվեց Սամվել Բալասանյանին, թեեւ մենք դա պարտություն չենք համարում, բարոյապես մենք հաղթանակել ենք, եւ չենք ստեղծում Սամվել Բալասանյանին հսկելու, ինչ-որ սխալներ գտնելու համար: Ես չեմ ուզում անձնավորել Բալասանյանին, որովհետեւ նա ընդամենը, մեր պատկերացմամբ, կատարելու է ավագանու որոշումները, ու գտնվելով ավագանու նիստերին՝ այնտեղ պարզ կերեւա, թե քաղաքապետը ինչպիսի հարաբերությունների մեջ է ավագանու հետ: Ես վերջերս Բալասանյանի ելույթը տեսա հեռուստատեսությամբ, երբ նա, դիմելով Գյումրու դեռեւս գործող ավագանուն, Վարդան Ղուկասյանի պարտքերի վերաբերյալ փորձեց աուդիտորական խումբ հրավիրել, եւ երբ ավագանին դեմ քվեարկեց նրա առաջարկին, նա ասաց՝ լավ, մյուս ավագանին կգա՝ էդ ժամանակ կհրավիրենք աուդիտորական խումբը: Դա ինձ ամենեւին դուր չեկավ, չի կարելի ավագանու փոխարեն նախապես որոշել: Բալասանյանը մեզ համար խնդիր, պրոբլեմ չի հանդիսացել եւ չի էլ հանդիսանա, ուղղակի մեզ հետաքրքիր է նա՝ որպես գործող քաղաքապետ, ու առհասարակ՝ հետաքրքրված ենք քաղաքի գործող իշխանությունների աշխատաոճով»,- պարզաբանեց ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի պատասխանատուն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































