Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը եւ Արփինե Հովհաննիսյանը հանդես են եկել ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմում իշխանության տեղերն ավելացնելու նախաձեռնությամբ

Դեկտեմբեր 12,2012 11:19 Share

ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը դեկտեմբերի 7-ին դռնփակ նիստում որոշում էր կայացրել վարույթ ընդունել Արմեն Ռուստամյանի դիմումը ՀՀԿ-ական 83 պատգամավորների կողմից պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նիստն անցել էր սկանդալով։ Հանձնաժողովի նախագահի ՀՀԿ-ական տեղակալ Դավիթ Հարությունյանը, ում անունը նույնպես կար այդ 83 պատգամավորների ցանկում, հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանի կողմից զրկվել էր հարցի քննարկմանը մասնակցելու իրավունքից՝ համաձայն Կանոնակարգ օրենքի 24.4 հոդվածի առաջին մասի ժբ կետի։ Այսքանից հետո պատգամավորն ասել էր, որ այդ հարցն այդպես չեն թողնելու եւ հանդես են գալու օրենսդրական նախաձեռնությամբ։ Եւ ահա պատգամավորներ Դավիթ Հարությունյանը եւ Արփինե Հովհաննիսյանը հանդես են եկել ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախաձեռնությամբ։ Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պատգամավորները պայմանավորել են էթիկայի հանձնաժողովում քաղաքական հավասարակշռություն հաստատելու հանգամանքով։

Նախաձեռնությունը հետեւյալ նպատակն է հետապնդում։ Էթիկայի հանձնաժողովը կազմված է 6 պատգամավորից, յուրաքանչյուր խմբակցությունից՝ 1-ական պատգամավորով, հավասար 3-3 հարաբերակցությամբ, այսինքն՝ երեք ընդդիմադիր (ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն»), երեք ոչ ընդդիմադիր (ՀՀԿ, ՕԵԿ եւ «այլընտրանք» ԲՀԿ): Ամեն ինչ ճիշտ էր, մինչեւ որ մի օր Դավիթ Հարությունյանի սրտով չեղավ։ Նա հիմա առաջարկում է նախ ԱԺ Կանոնակարգ օրենքի 14-րդ հոդվածում այնպիսի փոփոխություններ անել, որի ընդունումից հետո ընդդիմադիր, ինչպես նաեւ ԲՀԿ-ի ստատուսով խմբակցությունները համարվեն «ոչ իշխանական»։ Ավելի պարզ լեզվով՝ ի՞նչ է նշանակում սա։ Որպեսզի Էթիկայի հանձնաժողովում էլ հարաբերակցությունը բերվի իրենց ուզած «ճիշտ» հարաբերակցության, Հարությունյանը եւ Հովհաննիսյանն առաջարկում են Կանոնակարգ օրենքի թե 14-րդ հոդվածում, թե 24.1-ում, «ոչ ընդդիմադիր» բառերը փոխարինել «իշխանական» բառերով, իսկ «ընդդիմադիր» բառերը՝ «ոչ իշխանական» բառերով։ Հետեւաբար, օրենքի ընդունումից հետո կստացվի, որ էթիկայի հանձնաժողովի ներկայիս հարաբերակցությունը սխալ է. երկու «իշխանական» ՀՀԿ եւ ՕԵԿ պատգամավորների դեմ գործում են 4 «ոչ իշխանական» ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները ներկայացնող պատգամավորներ։ Իսկ օրենքը պահանջում է, որ այդ հարաբերակցությունը հավասար լինի։ Օրենքի ընդունումը հնարավորություն է տալու Էթիկայի հանձնաժողովում ընդգրկել եւս երկու «իշխանական» պատգամավոր, հարաբերակցությունը կգա 4-ը 4-ի դեմ, եւ ինչպես բոլոր հանձնաժողովներում է՝ հավասար քվեարկության դեպքում հանձնաժողովը կտա բացասական որոշում։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31