Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես պարտավոր եմ հաղթանակ տանել նշանակված ընտրություններում: Ես համարում եմ, որ դա հնարավոր է». Րաֆֆի Հովհաննիսյան

Դեկտեմբեր 12,2012 17:37

«Եթե 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրություններին ունենանք միջազգային չափանիշներին եւ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ընտրություններ, ինչը արդեն 20 տարի է` չենք տեսել, ապա մենք կունենանք նոր նախագահ»: Այդ մասին այսօր Վանաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն»  կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Չեմ ուզում թվաբանական կանխատեսումներ անել, բայց շատ եմ ուզում, որ շարքային հայ մարդը, քաղաքացին ասի` ինչ էլ լինի ընտրությունների արդյունքը, ես ընդունում եմ դա: Մինչեւ հիմա դա տեղի չի ունեցել եւ մեր հիմնական ախտերից մեկը հենց այդ է»:

Ըստ նրա` այսօր ցեղասպանության, Արցախի ճանաչման համահայկական խնդիրներից նվազ համահայկական խնդիր չէ նաեւ ժողովրդին պատկանող երկիր, ընտրություն ունենալը:

«Արտաքինը չի լինի, եթե սա չլինի, եւ դրա համար մենք հիմա հիվանդ վիճակում ենք»:

«Ժառանգության» առաջնորդը նշեց, որ մտադիր է 2013 թվականի նախագահական ընտրություններում հանդես գալ որպես նախագահի թեկնածու:

«Ես առաջադրվելու եմ որպես ՀՀ նախագահի թեկնածու: Մինչեւ հիմա չեմ մասնակցել, բայց որպեսզի 2018 թվականին ունենաք որակապես նոր Հայաստան, երիտասարդ ղեկավարների նոր սերունդ, ես պարտավոր եմ մասնակցել եւ ժողովրդի զորակցությամբ նաեւ հաղթանակ տանել փետրվարի 18-ին նշանակված ընտրություններում: Ես համարում եմ, որ դա հնարավոր է»:

Սակայն, առաջադրման մասին պաշտոնական հայտարարությունը տեղի կունենա օրեր անց` դեկտեմբերի 22-ին, երբ վերջնական տեսքի եւ բովանդակության կբերվի նոյեմբերի 2-ին արված նախնական հայտարարությունը:

Անդրադառնալով ընդդիմության կողմից ընտրություններում մեկ միասնական թեկնածուով հանդես գալու խնդրին, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ պատրաստ է ողջունելու ցանկացած ընդդիմադիր կուսակցության, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության զորակցությունը:

«Եթե ցանկացած այլ կուսակցություն, կուսակցապետ, հասարակական շարժման պատասխանատու, ուզում է զորակցել հավաքական թեկնածությանը եւ իմ մարմնավորած, իմ պատկերացրած Հայաստանի ծրագրին, ես կարծում եմ, որ դա առավել շոշափելի կդարձնի առաջիկա հաղթանակը: Ես կողջունեի այդ քայլը: Իսկ եթե չլինի համատեղ միասնական թեկնածության մոտեցումը, ես վստահ եմ, որ արդար մրցակցության միջոցով մենք կունենանք առաջին անգամ իրական մրցապայքար, որը բերելու է իշխանության փոփոխության»,- եզրափակում է «Ժառանգության » առաջնորդը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31