Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական դատարանը նյութական միջոցների բռնագանձման վճիռ էր կայացրել «Ազգ»-ի դեմ

Հունվար 22,2013 10:43

Կամքից անկախ պատճառներով ձգձգվեց մեր թերթի ամանորյա «արձակուրդը»: Պատճառըՙ հարկային իսկապես ծանր պարտավորությունները նյութական համապատասխան միջոցների չգոյության պատճառով համարժեք չկատարելու համար դեռեւս հունիս ամսին «Ազգի» դեմ վարչական դատարանում գործ է հարուցված եղել պետեկամուտների կոմիտեի կողմից: Վարչական դատարանը, արդեն հուլիս ամսին, առանց թերթին պատշաճ կերպով ծանուցելու, այսինքն պատասխանող կողմի բացակայության պայմաններում, նյութական միջոցների բռնագանձման վճիռ է կայացրել թերթի դեմ եւ այն հանձնարարել է, բնականաբար, ԴԱՀԿ ծառայությանը: Իսկ վերջինս, նույնպես առանց պատշաճորեն նախազգուշացնելու, դեկտեմբերի 21-ին կալանք է դրել դրամատնային մեր հաշիվների վրա, փաստորեն անդամալուծելով թերթի գործունեությունը, թերթին զրկելով իր բաժանորդների, ընդհանրապես ընթերցողների եւ պայմանագրային գործընկերների նկատմամբ պարտականությունները կատարելու հնարավորությունից:

Ստեղծված ծանր պայմաններում, ամանորյա տոների նախօրեին գումարվեց «Ազգ օրաթերթ» ՍՊԸ-ի բաժնետերերի խորհրդի արտահերթ նիստ, որը որոշեցՙ ա) մշակել եւ իրականացնել թերթի ծախսերի խնայողական ծրագիր, բ) նյութական օժանդակության խնդրանքով կրկին դիմել մեր բարերարՙ Ռուսաստանի հայերի միության եւ Հայկական համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին, գ) վարչական վերաքննիչ բողոք հարուցելՙ առանց համապատասխան ծանուցագիր ներկայացնելու (ծանուցագիրն իբրեւ ներկայացվել է թերթի տնօրենի բնակությանՙ այն էլ նախկին հասցեով, մինչդեռ «Ազգը» 22 տարի անընդհատ գործում է իրավաբանական եւ գործունեության նույն եւ նույնական հասցեում) ԴԱՀԿ-ին կալանքի հանձնարարական տալու եւ դրանով իսկ թերթի գործունեությունը խափանելու համար:

Նույնհետայն, թերթի տնօրենությունը ձեռնարկեց բաժնետերերի խորհրդի որոշումների կատարումըՙ խնայողական ծրագիր մշակվեց ու գործադրության դրվեց, դիմում կատարվեց բարերար Արա Աբրահամյանին, որը, գոհունակությամբ ընդգծենք, բաժնետիրոջ միջոցով ներդրում կատարեց հարկային մասով պարտքերի վճարման համար, եւ, երրորդ, փորձառու փաստաբան տկն Անահիտ Սարդարյանին լիազորեց վերաքննիչ բողոք ներկայացնելՙ թերթին հասցված նյութական ու բարոյական վնասների վերականգնման պահանջով:

Մենք դատարան-հարկադիր այդ պրոցեսին ու զանցառությանը այսքան երկար չէինք անդրադառնա, եթե այսքան փնթի ու անհոգի չլիներ դատարանի վերաբերմունքը: Փոխանակ ստուգելու պատասխանող կողմի բացակայության պատճառը, դատարանը, փաստորեն, շարժվել է «հուպ տուրՙ թող գնա» սկզբունքով: Եվ եթե նույն դատարանն այսպես է վարվում անկախ Հայաստանի հնագույն թերթերից մեկի նկատմամբ, ապա ինչպես կվարվի սովորական, շարքային քաղաքացու նկատմամբ, որն առանց այդ էլ, իրավամբ, վստահություն չունի մեր դատարանների արդարամտության նկատմամբ:

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031