Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ր մի գյումրեցին չի ուզի Իրինա Ալեգրովային երկու օր իր հարկի տակ պահի»

Հունվար 25,2013 22:34

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետը համոզված է, որ եթե քաղաքի հյուրանոցները   քչություն անեն, ապա հյուընկալ գյումրեցիները աստղերին իրենց տանը կհյուընկալեն

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետարանի մշակույթի  բաժնի պետ Արտաշես Կարապետյանից հետաքրքրվեց, թե 2013 թվականի ԱՊՀ մշակութային  մայրաքաղաք հռչակված Գյումրին պատրա՞ստ է  արդյոք հունիս ամսից  հյուընկալել  մեծ թվով ճանաչված արվեստագետների, գիտնականների:

Այս հարցը քաղաքապետարանի պաշտոնյային ուղղելիս, բնականաբար ի նկատի ունեինք այն, որ  հետերկրաշարժյան   Գյումրին 24 տարի անց այդպես էլ ներկայանալի  տեսք չունի, փողոցները քարուքանդ են, ցեխոտ, քաղաքի հյուրանոցները քիչ են, չհաշված, որ ոչ բոլորն են պիտանի անվանի հյուրեր ընդունելու: Իսկ Գյումրու ավերակ տեսքից հայրենի կառավարությունը ամենևին վատ չի զգում, Գյուրջիև, Մերկուրով և այլ հանճարներ ծնած այս քաղաքի որոշ թաղեր հիշեցնում են աֆրիկյան հետամնաց երկրները:

Քաղաքապետարանի պաշտոնյան քաղաքի խնդիրների մասին խոսելուց առաջ, նախ   ոգևորված ներկայացրեց Գյումրին ԱՊՀ մշակութային  մայրաքաղաք հռչակելու իմաստը: «Դարեր շարունակ Գյումրին եղել է Հայաստանի մշակութային մայրաքաղաքը, փաստորեն ԱՊՀ երկրների դեկտեմբերի 5-ին Աշխաբադում կայացած խորհրդակցության ժամանակ նախկին խորհրդային, ներկայիս ԱՊՀ տարածքում սա պաշտոնական տեսք ստացավ: Սա շատ ուրախալի է, բայց ինչքան որ ուրախալի է,  տասնապատիկ անգամ պարտավորեցնող է  ու պատասխանատու: Ամբողջ տարին լինելու է միջոցառումների, հանդիպումների, հյուրընկալումների,  ի՞նչ ասեմ` տոնական տարի: Ամբողջ տարին գյումրեցին զգալու է, որ ինքը մշակութային  մայրաքաղաքի բնակիչ է: Ճիշտ է`  շատ կչարչարվեն մշակութային ոլորտի աշխատողները, արվեստի բնագավառի մարդիկ, նաև Երևանի ու մեր քաղաքի ուժերը, բայց սա հաճելի տանջանք է, հաճելի չարչարանք է: Այս ամենի վերջնահաշվում 2013 թվականը Գյումրու պատմության մեջ կմնա,   որ նա եղել է մշակութային  մայրաքաղաք: Պատկերացրեք ԱՊՀ տարածքը` Կալինինգրադից մինչև Կամչատկա, ու դրա մեջ՝ Գյումրին մշակութային  մայրաքաղաք: Շատ ուրախալի է, որ 21 հոգուց բաղկացած կազմկոմիտե է ստեղծվել Գյումրիում, քաղաքապետարանում, սրան գումարած միջգերատեսչական հանձնաժողովը: Մի քանի օր առաջ  Գյումրի այցելեցին ԱՊՀ երկրների հանրահայտ գործիչներ, հանրահայտ աստղեր: Նրանք ծանոթացան Գյումրուն, դրանից հետո արդեն աշխատանքային այցերով  կայցելեն մեր քաղաք: Ամեն ինչ դրականորեն  Գյումրուն բերելու է մի առավելություն, մի շնորհ, մի լուրջ քայլ, և վերջնահաշվում մենք  անպայմանորեն կունենք մի կոթող, մի մշակութային  օբյեկտ, մի մշակութային լուրջ ձեռքբերում մեր քաղաքում, որը կմնա մերը: Միայն քանդակագործների համար, մոտավորապես մենք հաշվարկել ենք բերել 20-25 մեծ քարաժայռեր, քարակտորներ,  և ամբողջ ԱՊՀ տարածքից հանճարեղ տաղանդավոր քանդակագործներ քանդակելու, աշխատելու են մեր գյումրեցիների աչքի առաջ, Գյումրու տարածքում և թողնելու են այդ քանդակները Գյումրուն նվեր: Շատ խելացի, լուրջ առաջարկություն եղավ. Գյումրին եղել է աղբյուրների քաղաք, Հեղնար   աղբյուրի քաղաքն է եղել, ինչու չէ էդ 25 քարակտորներից 5-ը թող լինեն աղբյուրներ և գեղեցիկ կոլորտով` մեկը ուկրանիական երկրի, մյուսը` ռուսական, մյուսը` ղազախական երկրի,  4-րդը հայկական ոճի, նման աղբյուր-հուշարձաններ ունենաք: Նկարիչների սիմպոզիում. նկարելու են մեր Գյումրու տեսարժան վայրերը , էդ ամբողջ նկարները մնում են մեզ, մի պատկերասրահ հաստատ կլինի, դա մեր սեփականությունը կլինի: Մտադիր ենք վերականգնել կենտրոնական այգում գտնվող ժողովրդական տունը, որտեղ 1812 թվականին «Անուշ» օպերայի բեմադրությունն է եղել Արմեն Տիգրանյանի ժամանակ, կարողանանք դա վերականգնել և դարձնել մշակութային  կոթող, մշակութային մի շենք, սա էլ է հրաշք»,- այսպես մանրամասնորեն ներկայացրեց ծրագիրը քաղաքապետարանի պաշտոնյան:

Արտաշես Կարապետյանը,  մեր բուն հարցադրման  կապված, խոստովանեց, որ Գյումրին որոշ առումով այնքան էլ պատրաստ չէ  հյուընկալելու հանճարների: «Այս օրերին շատ լուրջ աշխատանքներ են տարվում  մեր կողմից, ընդհուպ միջոցառումների հետ կապված այս օրերին,  ամոթ էլ է ասել բիոզուգարանների հարցն էլ ենք փորձում լուծել, էսքան մարդ, որ հյուրընկալենք քաղաքում, ոչ մեկիս համար գաղտնիք չէ,  որ մեր քաղաքը չունի հասարակական զուգարաններ, դա շատ կարևոր խնդիր է: Էդ ամբողջ միջոցառումները ջուրը կլցվեն,  եթե մարդը չկարողանա  իր տարրական կարիքները փողոցում կարգավորել: Մենք հիմա հաշվարկ ենք կատարում` ի՞նչ հյուրանոցներ ունենք, ի՞նչ ծավալներով, ինչքա՞ն մարդ կարող է հյուրընկալել տվյալ հյուրանոցը, ի՞նչ հնարավորություններ ունի, կոնֆերանս-դահլիճներն են այստեղ հաշվառվում, ամեն, ամեն ինչ: Մեր գույքագրումն է կատարվում նաև քաղաքի, թե ի՞նչ քանակի հյուրեր կարող ենք ընդունել, կարող է վերջը   արդյունքները ցույց տան, որ մենք 500 հոգուց ավել չենք կարող ընդունել հյուրեր քաղաքում, դե ուրեմն էդ ծավալով հյուրեր մենք կհրավիրենք, կարող է ցույց տալ, որ մենք ավելի շատ կարող ենք ընդունել: Ինչու չէ,  նաև մեր հյուրընկալությունը, որ մենք էդպես թմբկահարում ենք, որ մենք հյուրասեր ու հյուրընկալ  գյումրեցի  ենք, էդ մեր հյուրասեր ու հյուընկալ գյումրեցին թող իր լավ, շքեղ առանձնատներում  մի 4-5 հոգի տանի տեղավորի: Սա պատիվ է չէ՞, հո՞ հասարակ մարդ չէ եկողը , վերջը աստղեր են գալիս, էդ ո՞վ երջանիկ չի լինի, որ Ալեգրովային կամ Եվգենի Պետրոսյանին իր հարկի տակ երկու օր պահի: Ինձ թվում է,  գյումրեցները իրենց խոսքը էստեղ էլ կասեն»,- վստահորեն ասաց Արտաշես Կարապետյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031