Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆիապաշտ գյումրեցիները, 5 հազարանոց ընտրակաշառքն ու Սերժ Սարգսյանի 90 միլիարդ դրամի ներդրումը

Փետրվար 15,2013 23:08

Ըստ Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի պատասխանատուի, Սերժ Սարգսյանը ընտրակաշառք բաժանելու կարիք չունի, քանի  որ 90 միլիարդ  դրամի ներդրում է  արել այս մարզում  

 

Մի քանի օր  է`  Գյումրու տարբեր  թաղամասերից ու լրատվամիջոցներից ահազանգեր  են հնչում այն մասին, որ ՀՀԿ-ականների կողմից  ներկայացող որոշ մարդիկ, տնտետուն ընկած, ի օգուտ Սերժ Սարգսյանի ցուցակագրում ու ցանկացողներից ամեն մեկին 5000 դրամ ընտրակաշառք են խոստանում: Նույնիսկ կան պնդումներ, թե որոշակի  գումար մի քանի թաղերում արդեն իսկ  բաժանվել է:

Նշենք, որ գյումրեցիներից ոմանց  ծայրաստիճան  վիրավորել է ոչ այնքան  ընտրակաշառք բաժանելու ավանդական մեթոդը, որքան  ընտրակաշառքի համար սահմանված գումարի չափը` 5000 դրամ, որով , ըստ բողոքավորների,  նույնիսկ 10 օրվա հաց չես գնի: Նրանց ասելով`« էս երկրում ամեն ինչ թանկանո՞ւմ է, ձայնը էժանանո՞ւմ»:

Aravot.am-ը այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեց Գյումրու ՀՀԿ կենտրոնական   գրասենյակ:  Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանին հիշեցնելով, որ   դեռևս երկու ամիս առաջ  Aravot.am-ին  տված հարցազրույցում խոստացել էր անկաշառ ընտրություններ կազմակերպել մարզում, հարցրեցինք` հիմա ի՞նչը փոխվեց,  արդյոք որոշ մարդկանց պահանջա՞րկը ծնեց նման առաջարկ, թե՞ Սերժ Սարգսյանի օգտին աշխատող տարբեր կազմակերպիչներ իրենց ուրույն ծառայություն են մատուցում  կամ միգուցե րաֆֆիապաշտ քաղաքում իրենց թեկնածուին ձայներ ապահովելու համար այլ  ելք չի մնո՞ւմ:

«Քարոզարշավի ավարտին մնացել են հաշված օրեր, և սպասելի է, որ լինելու են շահարկումներ, փորձեր են արվելու, որպեսզի կարողանան ստվերել ու բիծ  դնել  նախագահական ընտրությունների ընթացքի վրա, սա սպասելի է: Ես կարծում եմ` սա սպասելի է այն պարզ պատճառով, որ մեր թեկնածուի ակնհայտ առավելությունը զգալով,  հաղթանակը ոչ թե շոշափելի, այլ երևի թվային տեսքով կանխատեսելով, փորձ է արվում նման խոսակցություններով ստվերել մեր նախագահական ընտրությունները: Սա մեկ, երկրորդ. եթե խոսքը վերաբերում է ազգաբնակչությանը շահագրգռելու այս կամ այն ձևին, կամ ինչ-որ ուժեր պատկերացնում են, որ դա պարտադիր պայման է լինելու մեր ընտրարշավի ժամանակ, մոռանում են  մի շատ պարզ վերլուծության մասին: Եթե ինչ-որ  խնդիր լուծվում է , որպեսզի ազգաբնակչությանը շահագրգռի, բնականաբար  էդ խնդիրը նպատակ պետք է ունենա սոցիալական մակարդակի բարձրացման կամ սոցիալական ինչ-որ խնդիրներ լուծելու համար: Արդյոք ձեր կարծիքով կարիքը կա մի մարզում այդպիսի խնդիրներ լուծել, երբ անցյալ տարիների ընթացքում գործող նախագահը, մեր կուսակցության նախագահի թեկնածուն ոչ ավել, ոչ պակաս 90 միլիարդ  դրամի ներդրումներ է արել նույն մարզի ազգաբնակչության սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար: Ի՞նչ է, մտածում են, թե գյումրեցին, շիրակցին պարզ տրամաբանական հաշվարկ անել չգիտի՞, գյումրեցին,  շիրակցին չունի՞ երախտիքի զգացում, չունի՞ նախաձեռնություն, չունի՞ սեփական ապագայի նկատամամբ խնդիրներ, հարցեր լուծելու արժեքային կայուն համակարգ: Ես կասեմ  ունի ավելին, քան պատկերացնում են  ոմանք: Մոռանում են, որ սա մտավորական Հայաստանն է` Հյուսիսային Հայաստանը, էստեղ մարդկանց արժեքային համակարգը բավականին կայուն, մնայուն արժեքների հիման վրա է ստեղծված», -նեղվեց պաշտոնյան:

Մեր ճշգրտող այն հարցին , թե փաստորեն դուք հերքո՞ւմ եք, որ ընտրակաշառք կա, դրանք մտացածին խոսակցություննե՞ր եք համարում, մեր զրուցակիցն ասաց.  «Այո, դրանք մտացածին խոսակցություն են, և առանձին ուժեր փորձում են ինչ-որ կերպ խաթարել բնականոն ընթացքը, կամ հնարավոր է նաև սադրանքի տեսակ է : Բայց էդ ամեն ինչը էնքան մանր երույթ է,  շահարկման էլեմենտներ են, որ ընդհանուր տպավորություն ստեղծել և ընտրությունների բնականոն  թափանցիկ, օրինական ընթացքը խաթարել չեն կարող»:

Իսկ եթե այս ամենը խոսակցությունների մակարդակից  վերածվեն կոնկրետ փաստերի, ու մարդիկ նման փաստերը հայտնաբերեն,  դուք ռիսկով խորհուրդ կտա՞ք  դիմել իրավապահներին: «Այո, խորհուրդ կտամ , որ անպայման դիմեն իրավապահներին, բացի այդ իրավապահները իրենք նախևառաջ  նախաձեռնություն հանդես կբերեն և փաստերը կարձանագրեն: Եթե նկատել եք,  ես ԶԼՄ-ների հետ հարցազրույցներում իմ ոչ մի խոսքի մեջ ոչ մի անգամ չեմ զբաղվել հակաքարոզով, կամ ասել, որ նման արհեստածին խոսակցությունները կարող են տարածվել նաև  ընդդիմադիր որևէ ուժի կողմից : Այսօր էլ դա  չեմ ասի, բայց  գործընթացը, որին մասնակցում է շուրջ 100-120 հազար մարդ , ցանկացած տեսակի շահարկում հնարավոր է մտածել ու տարածել: Բայց այն, որ դա չի կարող խաթարել մեր բնականոն գործընթացը, միանշանակ է: Միգուցե այս ամենը արվում է նրա համար, որ ազգաբնակչության մի հատված մտածի` վայ էսպիսի բան կա, ինքը իրազեկ չէ ու չգնա՞ ընտրության , սա էլ է տարբերակ»:

ՀՀԿ կառույցի ղեկավարի ասելով, որևէ լուրջ կազմակերպիչ թույլ չի տա իրեն մտածելու, որ այդ մեթոդով կկարողանա հասարակությանը  ուղղորդել այս կամ այն թեկնածուի օգտին: «Ես նորից եմ կրկնում , մարզ, որտեղ վերջին տարիների ընթացքում մեր թեկնածուն  90 միլիարդին  համարժեք ներդրումային ծրագրեր է իրականացրել, արդյոք հնարավո՞ր է, որ դա ազգաբնակչության մոտ ավելի քիչ տպավորություն թողնի, քան ինչ- որ մանր-մունր բաների բաժանումը», -ասաց ՀՀԿ կառույցի պատասխանատուն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Gayane says:

    Ինչպես կարելի է?Ամոթ Ձեզ…չնայած ինչ եմ ասում..Ձուկը գլխից է հոտած…ես ուղղակի զարմանում եմ, թե ոնց եք կարողանում բոլորդ սրբի դիմակներ հագնել և այսպես պրոֆեսիոնալ ձևով ստել… Հաաաա…երևի ասյօր մեր թաղում ես էի 5000 դրամ ընտակաշառք բաժանում հա? մի բան էլ վերցնողները բողոքում էին, որ 5000-ը քիչ է, գոնե 10000լիներ… Պարոն Մինասյան, պաշտոնյա մարդ եք, գոնե միջնորդեիք 10000 բաժանեին էլի,ինչ կլիներ որ, մեկ է դուք կապ չունեք դրա հետ..երևի մեր թաղի լույսի մարդը իր գրպանից էր բաժանում գումարը))..ամոթ է ամոոոթ…ոնց կարող ենք մենք նման իշխանություն ունենալ….

    Հարգելի ,և շաատ սիրելի Արևշատյան ջան, ես Ձեր ուսանողն եմ եղել և հպարտ եմ դրա համար..

  2. HAYK says:

    Բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ ընտրությունների համար մասսայական փող չի բաժանվում, ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆ են… իրենք էլ գիտեն, որ ոչ սերժը, ոչ հանրապետականը էնքան չկան, որ մարդիկ իրենց ձայնը տան, դրա համար էլ մի տեղ փողով, մի տեղ վախեցնելով ուզում են թիվ ապահովեն: իսկ էն “վստահ” 100-ից 90 խփողը …. արջն ահիցն ա գոռում …

  3. artashi says:

    Նյութը լավն էր, բայց չհասկացա ուսանողի մեկնաբանությունը, ինչի համար է շնորհակալ նա, ոնց որ նման իշխանություններ ունենալու համար շնորհակալ ու հպարտ է դասախոսին:

  4. Համլետ says:

    Գյոմրեցու ասածը սխալ է մեկնաբանվել…Ճիշտ ձևը՝ «էս երկրում ամեն ինչ թանկանո՞ւմ է, Սերժը էժանանո՞ւմ է»

  5. mamo says:

    Սահակ, ասում ես փող չի բաժանվո՞ւմ, Երևանցունմ կխափես, ես էլ հո Գյումրեցի եմ, կարծում ես պատահմամբ իմ տուն չեն եկել, չեն առաջարկել ու տանիցս դուրս չեն արվել: Սա էն դեպքն է, երբ բոլորն էլ գիտեն, որ Սերժը 100%ից -100% խփում է, իր նման էժան թեկնածու մեկ էլ պատգամավորներն էին, որ ձեն առան: Ձեր նման տականքների պատճառով էմ, որ թասիբով Գյումրեցին էսօր դառել է մուրացկան:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728