Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Զադոյան. «Հերիք էր, Վազգեն Սարգսյանը մի քիչ խոսեր, հիպնոսանում էի»

Մարտ 05,2013 14:51
Davit Zadoyan

«Վազգեն Սարգսյանը մեր ազգի մնայուն արժեքներից մեկն է, որի թողած ավանդը հայ ժողովրդի համար շատ մեծ է: Առաջինը, որ մեզանից յուրաքանչյուրը, լսելով Վազգեն Սարգսյանի անունը, հասկանում է բանակ, ազատագրական շարժում, ֆիդայիներ: Նա այն մեծ անձն էր, որ կարողացավ բոլորիս համախմբել, մի բռունցք դարձնել և խփել ճիշտ նշանակետին»,- այսօր` Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, «Զարկերակ» ակումբում լրագրողների հետ հադիպման ժամանակ ասաց սպարապետ Վազգեն Սարգսյանի մարտական ընկերը՝ Դավիթ Զադոյանը:
Դ. Զադոյանի պատմելով՝ «Երբ վարչապետ էր, ես այդ ժամանակ տարածքային կառավարման նախարար էի, ինձ տեղափոխեց էներգետիկայի նախարարություն, ես էներգետիկ եմ:
Ընդամենը մեկ ամիս էր անցել, ինձանից պահանջեց ոլորտի խնդիրները ներկայացնել: Բաներ կան, որ ինձ թվում էր, նա պետք է չիմանար, բայց ինքը ասում էր՝ այստեղ սխալ կա: Մյուս նախարարների հետ էի խոսում, բոլորի հետ նույնն էր»:

Նրա խոսքերով, ազգային ազատագրական շարժման տարիները պատմության մեջ մեր փառահեղ ձեռքբերումներից են. «Եթե հետադարձ նայենք, բազմաթիվ ժամանակներ միայն հող ենք կորցրել, միայն պարտություն ենք կրել: 20-րդ դարի վերջը հայ ժողովրդի զարթոնքն էր, իսկ սրա համար պետք էր մեկը, որ ղեկավարեր այդ ազատագրական շարժումը, եւ Վազգենը կարողացավ դա կազմակերպել»:
Պարոն Զադոյանի հիշողություններում սպարապետը մնացել է հետաքրքիր ու հզոր առաջնորդի կերպարով. «Հետաքրքիր հատկություն ուներ, հերիք էր, մի քիչ խոսեր, հիպնոսանում էի, մոգական ուժ, հզոր ծիծաղ ուներ` բարձր քահ-քահ,, վարակում էր բոլորիս: Համոզված եմ, որ եթե այսօր կենդանի լիներ, բանակի վիճակը լավանալու էր, որովհետև նա ավելին էր ուզում, ուզում էր, որ երկու երեք քայլ առաջ լինեինք»:

Նա նաեւ ասաց, որ սպարապետը քաջության օրինակելի կերպար էր.

«Երասխի ճակատի հրամանատարն էի, մեր ֆիդայիների 90%-ն անցնում էր Երասխով, մկրտվում էին , նոր գնում այլ ճակատներ: Մի անգամ մեր թնդանոթների արկերը պակասել էին, ուժեղ մարտ էր գնում, զանգ տվեցի, Վազգեն Սարգսյանն այդ ժամանակ պաշտպանության նախարար էր ու խնդրեցի, արկ ուղարկեն: Իսկ պայմանավորվածություն ունեինք, որ մեր ճակատի համար ես պետք է ճարեի: Զանգեցի, բարկացավ, բայց մտածեցի` կուղարկի:Անցավ մեկ ժամ, շտաբից զանգում են՝ հրամանատար նախարարը եկել է ու մի ավտո էլ սնարյադ ա բերել: Ասացի բաժանեք, բայց չթողեք ինքը գա մեզ մոտ: Որովհետև մեր դիրքը վտանգավոր էր.. Բնական էր` պահել չէր լինի, եկավ, հասավ …»
 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031