Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը փակուղուց դուրս գալու ելքերի մասի՞ն են խոսել

Մարտ 16,2013 18:20

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի գնահատմամբ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երեկվա այցը Րաֆֆի Հովհաննիսյանին փակուղուց ելքեր գտնելու նպատակ է ունեցել: Ըստ նրա, թե  իշխանությունները, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնած են փակուղու առջեւ: «Իշխանությունները  հասկացել են, որ  հացադուլը կարող է երկարատեւ լինել, ինչը իրենց ձեռք չի տալիս: Իրենց պետք է ստաբիլ իրավիճակ, որովհետեւ առջեւում ավագանու ընտրություններ են, որ շարժումը մարեն: Չնայած, ես սա դեռ շարժում չէի անվանի: Կա ակտիվություն, որոշակի քաղաքական ուժերի մասնակցություն այս գործընթացներին, բայց բոլորի մոտ կա անորոշություն եւ չեն  տեսնում՝ ուր է տանում այս ճանապարհը: Հետընտրական այսպիսի զարգացումները չեմ կարծում, որ  ինչ-որ դրական արդյունք կտան կամ կնպաստեն իրավիճակի փոփոխության: Սա փակուղի է, որից փորձում են դուրս գալ ե՛ւ իշխանությունները, ե՛ւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այդ այցելությունը զուտ այդ նպատակի մեջ եմ տեսնում»,- Aravot.am-ին ասաց տիկին Սարգսյանը:

Նրա  կարծիքով, իշխանությունները փոխզիջումների չեն գնալու, ինչպես երեկ Ր. Հովհաննիսյանի այցելությունից հետո հայտարարել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Հաջորդ քայլը չեմ կարող ասել՝ ինչ կլինի, գուցե Սերժ Սարգսյանը նույնպես գա այստեղ, երեւա ժողովրդավար, զիջող…  ու քիչ-քիչ մեղմեն տրամադրությունները եւ գնալով մարման կգնա այս  ամեն ինչը»:

Տիկին Սարգսյանի համոզմամբ, թեեւ Ր. Հովհաննիսյանը քննադատում է 2008-ի հետընտրական զարգացումները, բայց իրական հետընտրական զարգացումներ եղել են 2003 եւ 2008 թվականներին. «Եթե նման իրավիճակ ստեղծվեր հիմա, դա կարող էր արդյունք տալ: Վստահ եմ, որ այս անգամ զոհեր չէին լինի, մենք էլ այն ժամանակ չէինք մտածում, որ իշխանությւոնները նման քայլի կգնային:

Րաֆֆին շատ կտրուկ բաներ է ասել, որից կարելի է հետեւել, որ իրավունք չունի փոխզիջումների գնալ, բայց մյուս կողմից, երբ նայում ես՝ ինչ ընթացք են ստանում այդ գործընթացները, տեսնում ես, որ այլընտրանք էլ չունի:  Կամ պետք է սուսուփուս վեր կենա, գնա իրենց տուն, ինչը չի ներվի նրան, իսկ մյուս կողմից ՝ ինչ պետք է անի: Նա դիակ չի լինի, իսկ հացադուլն էլ վաղ թե ուշ կավարտվի»:

ՀԱԿ պատգամավորի խոսքերով, Ր. Հովհաննիսյանը ուզում էր հավատալ, որ իր հացադուլն ու ծայրահեղ հայտարարությունը իրավիճակ կփոխի, բայց. «Կարեւոր է՝ կողքինները հավատան, եւ նա իրագործի այն, ինչ ասաց, բայց կարծում եմ՝ անիրագործելի է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031