Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական օդանավակայաններում ՀՀ քաղաքացիներին ստորացնում են ու հետ ուղարկում

Մարտ 21,2013 21:41

Aravot.am-ի տեղեկություններով այսօր նույնիսկ քաշքշուկ է տեղի ունեցել հայերի եւ Իտալիայի օդանավակայանի ոստիկանների միջեւ:

Մոտ երեք շաբաթ է՝ Եվրոպական միության տարբեր երկրներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները օդանավակայաններում եւ օդանավակայանների մաքսային կետերում անհասկանալի եւ ընդգծված կոպիտ վերաբերմունքի են արժանանում: Վերջին թարմ դեպքը տեղի է ունեցել երեկ` մարտի 20-ին «Ալ Իտալիա» ավիաընկերությունով Հռոմ մեկնած հայաստանցիների հետ, որոնց մի մասը երեկվանից պատանդ է Իտալիայի էմիգրացոն ծառայությունների կողմից:

ՀՀ քաղաքացիներին փակել են մի սենյակում եւ նրանց որեւէ պահանջ` հրավիրելու թարգմանիչ, իրավաբան, դեսպանատան աշխատակից, չի բավարարվել:

Aravot.am-ի տեղեկություններով՝ այսօր նույնիսկ քաշքշուկ է տեղի ունեցել հայերի եւ Իտալիայի օդանավակայանի ոստիկանների միջեւ. ոստիկանները մարդկանց հրել գցել են գետնին: Մեր տեղեկություններով, պատանդ մնացած անձանցից անգամ հեռախոսներն են վերցրել եւ չեն թողնում որեւէ ուղղությամբ զանգել: Պատճառը եղել է այն, որ ՀՀ քաղաքացիներից ոմանք Հռոմի օդանավակայանի ոստիկանների եւ էմիգրացիոն ծառայությունների աշխատակիցների կոպիտ վերաբերմունքի վերաբերյալ տեսանկարահանում են արել եւ տեղեկատվությունը տեղադրել ինտերնետում: Իտալացի իրավապահներին հունից հանել է նաեւ այն, որ համացանցում հայտնվել են լուսանկարներ նաեւ այն «մեկուսարանից», որտեղ հայերը պատանդ են պահվում:

Այս պահի դրությամբ դեռեւս 13 ՀՀ քաղաքացի Հռոմի օդանավակայանում է: Տեղեկություններ ստացանք նաեւ, որ Իտալիայի էմիգրացիոն ծառայության աշխատակիցները հորդորել են փաստաբան վարձել: Նշենք, որ պատանդների թվում կան նաեւ սիրիահայեր, որոնք վերջերս են ստացել ՀՀ քաղաքացիություն: Պատանդ մնացած քաղաքացիները հայտնեցին, որ մինչ այս պահը Իտալիայում ՀՀ դեսպանությունից որեւէ մեկն իրենց չի այցելել:

Aravot.am-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հետաքրքրվեց, թե որեւէ քայլ նախաձեռնե՞լ է, կամ նախաձեռնելո՞ւ է՝ պարզելու, թե ինչով է պայմանավորված ՀՀ քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունքը եվրոպական երկրների օդանավակայաններում, եւ կոնկրետ երեկվա դեպքի համար նախարարությունն ի՞նչ է արել: ԱԳՆ-ից ստացանք «դիվանագիտական» պատասխան`«Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն իրենց գործառույթների համաձայն հետամուտ են ընդունող երկրներում ՀՀ քաղաքացիների օրինական շահերի պաշտպանությանը։ Խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք առաջին հերթին տեղեկացնել տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը, որոնց ամբողջական ցանկը եւ կոնտակտային տվյալները զետեղված են ԱԳՆ կայքում՝ www.mfa.am հասցեով։ Միեւնույն ժամանակ հորդորում ենք քաղաքացիներին ճամփորդության մեկնելիս իրենց մոտ ունենալ մուտքի արտոնագրի հարցաթերթիկի հետ ներկայացված բոլոր անհրաժեշտ օրինական փաստաթղթերը»:
Մեր հարցին, թե կոնկրետ Հռոմի օդանավակայնում պատանդ մնացած քաղաքացիների մասով ի՞նչ է արվել, ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն ասաց. «Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը պարբերաբար կապի մեջ է ոստիկանապետի հետ, որը մեր դեսպանին հայտնել է, որ արգելափակված ՀՀ քաղաքացիները ապահովված են սնունդով եւ որեւէ խնդիր չունեն: Ըստ իտալական իշխանությունների՝ օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների փաստաթղթերում հայտնաբերված անճշտությունների պատճառով է, որ նրանց չեն թողնում մուտք գործել շենգեն գոտի: Հայաստանի դեսպանը նաեւ հայտնել է, որ իրենք որեւէ ՀՀ քաղաքացուց ահազանգ չեն ստացել, այդ պատճառով չեն գնացել օդանավակայան»:

Պարոն Բալայանից հետաքրքրվեցինք, թե արդյոք մամուլի հրապարակումները  ահազանգ չե՞ն, որտեղ հենց պատանդ պահվածները պատմել են, թե ինչպիսի ստորացուցիչ պայմաններում են գտնվում մեր հայրենակիցները: ԱԳՆ մամլո խոսնակը պատասխանեց` անշուշտ ահազանգ են:

Նկատենք, որ մարտի 9-ին եւս Հռոմի օդանավակայանում մոտ 60 ՀՀ քաղաքացիներ էին հայտնվել նույնպիսի անելանելի իրավիճակում:

Վերջերս էլ ՀՀ քաղաքացիների մի խումբ էլ Պրահայի օդանավակայանից է հետ վերադարձվեել: Եվրոպական օդանավակայաններում տեղի ունեցած բոլոր այդ միջադեպերը, եվրոպական իշխանությունները պատճառաբանում են էմիգրացիոն վերահսկողությամբ, եւ որ ՀՀ շատ քաղաքացիներ կեղծ փաստաթղթերով մուտք են գործում շենգեն գոտի` որպես փախստական հանձնվելու նպատակով:

Եթե հարցը էմիգրացիոն խնդիրներն են, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ խնդիրներ չեն ունենում այն քաղաքացիները, որոնք Եվրոպա են մեկնում Ռուսաստանի եվրոպական երկրների դեսպանատներում ստացած շենգեն վիզաներով, որոնք Եվրոպա են մեկնում ոչ թե ՌԴ-ից, այլ` հենց Հայաստանի օդանավակայանից: Նշենք, որ բոլորովին վերջերս էլ մեկ այլ միջադեպ էր տեղի ունեցել. մարտի 12-ին Ֆրանկուրտ-Վիեննա-Երեւան չվերթի ուղեւորները, եղանակային պայմաններով պայմանավորված, 2 օր մնացել են Ֆրանկֆուրտի օդանավակայանում` առանց սննդի ու հյուրանոցի եւ Հայաստան են եկել Կիեւից: Այս դեպքում էլ հո միգրացիայի հարց չէ՞ր: ՀՀ քաղաքացիները ակնհայտ զգացել էին եվրոպացիների բացասական վերաբերմունքը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Եվրոպայով մեկ ՀՀ քաղաքացիների նկատմամբ արհամարհական վերաբերմունքն ավելի շատ պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը դեռ չի կողմնորոշվել գնալ Եվրասիակա՞ն միություն թե Եվրամիություն: Այս առնչությամբ Aravot.am-ն այսօր հարց ուղղեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային: Դեսպանից հետաքրքրվել ենք, թե եվրոպացիների այդպիսի վերաբերմունքն արդյոք քաղաքակա՞ն ենթատեքտ ունի: Տրայան Հրիսթեայի պատասխանը ստանալուն պես` կհրապարակենք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Աննա Վանաձորից says:

    Դե ինչ-որ կերպ ստրուկների փախուստը պետք է կանխեի՞ն։

  2. Anahit says:

    Վարվում են ճիշտ այնպես,ինչպես Մայր Հայրենիքում են վարվում սեփական ժողովրդի հետ:Հակառակ դեպքում ռիսկ չէին անի:Մոռացել եք,որ պարի խումբն էր գնում Իտալիա համերգների,դեսպանատանը առաջարկել էին պարեն,որ համոզվեն ,որ չեն խաբում:
    Դրսում ով է պաշտպանելու հայ քաղաքացու շահերը?Որ կառավարությունը?Իսկ ներսում ինչ է կատարվում?
    Երկկողմանի երթեւեկոթյուն է,հարմարվեք կանոններին:

  3. Ani says:

    Իսկ ով չգիտի, որ ՀՀ դեսպանատները դրանք ձրիակերների հավաքածուներ են, որոնք ոչ միայն մեր վճարած հարկերի հաշվին ձրի աշխատավարձ են ստանում, այլև շատ հաճախ հենց իրենք են կոպտում, վիրավորում ու ոտնահարում տվյալ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքները:

  4. aragast says:

    Ինչպիսին նախապահն է այնպիսին էլ իր նշանակած դեսպաններն են,հիշենք, Հունգարիայի հայ համայքի հորդորները մնացին անպատասխան և Սաֆարովին տարան Բաքու,Իշխանությունները էշի ակաջում քնած են, կամ էլ հակառակն։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031