Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներքաղաքական իրավիճակը կապ չունի ԱՄՆ-ի` Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը կրճատելու հետ»

Ապրիլ 11,2013 18:15

Թաթուլ Մանասերյան. «Օբամայի վարչակազմը ստանձնել էր բյուջեի դեֆիցիտի կրճատման պատասխանատվությունը»:

Հայաստանին տրամադրվող տնտեսական օգնությունը 38 %-ով կրճատելու Ամերիկայի Միացյալ նահանգների մտադրությունը պայմանավորված չէ Հայաստանում ՀՀ նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակով: Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Մեր երկրին տրվող օգնության կրճատման մասին տեղեկատվությունը հրապարակված է  ԱՄՆ 2014 թվականի բյուջեի նախագծում, որտեղ, Միացյալ Նահանգների նախագահը Հայաստանի տնտեսական աջակցությանն այժմ առաջարկում է հատկացնել մոտ 25 միլիոն դոլար, ինչը զգալիորեն պակաս է նախորդ տարի հաստատված 40 միլիոն դոլարից:

Մեր հարցին, թե ԱՄՆ-ի խնայողությունից ինչպիսի՞ վնասներ կկրի Հայաստանի տնտեսությունը, պարոն Մանասերյանի կարծիքով, «ավելի շատ դա բարոյական նշանակություն կունենա քան` թե ինչ որ ռեալ մեծ կորուստներ կլինեն»:
Տնտեսագետը ԱՄՆ-ի այդ քայլը մեկնաբանեց այդ երկրում ծագած տնտեսական խնդիրներով. «Միայն Հայաստանը չէ, որին ԱՄՆ-ից, ավելի նվազ չափերով է տրամադրվելու արտաքին օգնություն, այնպես որ այստեղ, կարծում եմ չարժե հեռու գնացող ենթադրություններ անել, կան բազմաթիվ այլ երկրներ, որոնց օգնությունը նույնպես կրճատել է: ԱՄՆ-ն ունի իր խնդիրները, բյուջեի դեֆիցիտը բավական մեծ է եւ Օբամայի վարչակազմը ստանձնել էր բյուջեի դեֆիցիտի կրճատման պատասխանատվությունը: Շատ ամերիկացիների համար հասկանալի չէ, թե ինչու պետք է այդքան շատ գումարներ ծախսեն արտաքին օգնության համար: Ես կարծում եմ, որ տրամաբանական է, մանավանդ, որ դա վերաբերում է բոլորին, եթե միայն Հայաստանին վերաբերվեր, այստեղ կարելի էր ինչ-ինչ եզրակացություններ անել»:
Թե ինչ վնասներ կկրենք ամերիկյան օգնության կրճատումից, պարոն Մանասերյանը համոզված է, որ «էական նշանակություն չի ունենա»:
«Մեր տնտեսության համար այլեւս այն ժամանակները չեն: 10-20 տարի առաջ այդ օգնությունը շատ ավելի մեծ էական նշանակություն ուներ եւ նաեւ ֆինանսական ռեսուրսների առումով շատ քիչ աղբյուրներ կային, որոնց մենք կարող էինք ապավինել: Մենք պետք է երախտապարտ լինենք ԱՄՆ-ի կառավարությանը, որը շարունակաբար իր օգնությունը ցուցաբերել է: Հիմա այդպիսի մեծ վնասներ Հայաստանին չեն կարող լինել: Դրանք հսկայական գումար չեն, որ մենք անհանգստանանք: Այնուամենայնիվ ԱՄՆ-ն իր քաղաքական կուրսը չի փոխել եւ արտաքին օժանդակության մեջ Հայաստանին եւս այդ գումարները նախատեսում է»:
Նշենք, որ Վրաստանի համար առաջարկվող ֆինանսական օգնությունը գերազանցում է Հայաստանին եւ Ադրբեջանին տրվող օգնության չափը միասին վերցրած` կազմելով 43 միլիոն դոլար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930