Լրահոս
Օրվա լրահոսը

Դատաքննությունը հետաձգվեց, բայց գործերը չմիավորվեցին

Ապրիլ 27,2013 13:46

Ապրիլի 30-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության կառնի Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ՝ 2008թ.-ի մարտի 1-ի քրեական գործով ազատազրկման դատապարտված և հետագայում վաղաժամկետ ազատ արձակված Աշոտ Մանուկյանի և Արամ Բարեղամյանի դիմումների հիման վրա միավորված գործը:

Դիմումատուները վիճարկում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը: Ըստ այդմ սահմանված է, որ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով` դատական ակտերի և գործերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր հանգամանքների հետևանքով, նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:

Գործով զեկուցողը ՍԴ անդամ Վոլոդյա Հովհաննիսյանն է: Որպես պատասխանող կողմ դատաքննությանը ներգրավված է ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած Ազգային ժողովը:

Այս գործը պետք է քննվեր մարտի 26-ին, սակայն դատարանը, հաշվի առնելով դիմող կողմի միջնորդությունը, նույն օրվա աշխատակարգային որոշմամբ դատաքննությունը հետաձգեց մինչև ապրիլի 30-ը:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել էր ՍԴ-ում դիմող կողմի ներկայացուցիչներից իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, իրենք վիճարկվում են այն դրույթները, որոնք թույլ չեն տալիս Սահմանադրական դատարանի որոշումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա քրեական գործերով վերանայել դատական ակտերը և վերանայման արդյունքում դատական ակտերը բեկանել, ուղարկել նոր քննության կամ կայացնել նոր դատական ակտ:

Դատաքննությունը հետաձգելու միջնորդությունն էլ, ըստ նրա, պայմանավորված էր այն հանգամանքով, որ իր և ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արայիկ Ղազարյանի կողմից ՍԴ է ներկայացվել մեկ այլ դիմում` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի անունից, քաղաքացիական ոլորտում այս նույն նորմերի սահմանադրականության վերաբերյալ: Դիմող կողմի համոզմամբ, այս դիմումը վարույթ ընդունվելու դեպքում՝ ավելի արդյունավետ կլինի, եթե երկու դիմումները միավորվեն մեկ վարույթում:

Նշենք, որ ՍԴ-ն մարտի 26-ի աշխատակարգային մեկ այլ որոշմամբ երկրորդ դիմումը ընդունել է վարույթ, սակայն դրանք չի միավորել՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումի հիման վրա գործի դատաքննությունը նշանակելով հունիսի 4-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930