Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքում տեղակայված 8/08 եւ 8/09 ընտրական տեղամասերում, որոնք տեղակայված են 179 հիմնական դպրոցում, լարված իրավիճակը դեռեւս շարունակվում է:
Քիչ առաջ ընտրատեղամասի մոտ մի քանի թաղային հեղինակություններ փորձում էին խոչընդոտել Lragir.am եւ Aravot.am կայքերի լրագրողների աշխատանքը: Այն պահին, երբ լրագրողները զրուցում էին տեղամասերում գտնվող վստահված անձանց հետ տեղամասի մուտքի մոտ, փորձելով հասկանալ, թե ինչ իրավիճակ է տիրում, թաղային հեղինակություններից մեկը մոտեցավ եւ սկսեց բջջային հեռախոսով տեսանկարահանել զրույցը: Լրագրողները սույն անձին խնդրեցին ներկայանալ եւ բացատրություն տալ, թե ինչու է տեսանկարահանում զրույցը: Վերջինս բավականին լկտի պահվածքով հայտարարեց. «Լավ եմ անում, ազատ երկիր ա, ոնց կուզեմ, տենց էլ կանեմ»: Լրագրողները սույն անձին փորձեցին բացատրել, որ չպետք է խառնի իր իրավունքներն ու պարտականությունները: Վերջինս սկսեց գոռգոռալ, որ ինքը ոնց կուզի, այնպես էլ կվարվի եւ ոչ ոք էլ իրավունք չունի նրան դիտողություն անել:
Այդ միջադեպին լուռ հետեւում էին նաեւ 2 ոստիկան, որոնցից մեկը Կարեն Մինասյանն էր, մյուսը հրաժարվեց ներկայանալ: Լրագրողները ոստիկաններին խնդրեցին կարգի հրավիրել սույն անձանց: Նրանցից մեկը անտարբեր հայացքով շարունակում էր հետեւել վիճաբանությանը, իսկ մյուսը նման արտահայտություն թույլ տվեց իրեն. «Ստեղ ոնց որ կռիվ ա հասունանում, գնացեք էն կողմը կռվեք»:
Լրագրողների հետ վիճաբանության մեջ մտած սույն անձը այլ թաղային հեղինակությունների հետ շարունակում է պտտվել ընտրատեղամասի մոտակայքում եւ անարգել մուտք ու ելք անել ընտրատեղամասեր: Որեւէ մեկը չի փորձում սաստել նրան:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































