Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալաբանդյանը հանդիպել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին

Մայիս 15,2013 21:53

Մայիսի 15-ին Ստրասբուրգ ժամանելուն պես ԱԳ նախարար Էդվարդ Նալաբանդյանը ուղևորվեց Եվրոպայի խորհրդի կենտրոնակայան, ուր հանդիպում ունեցավ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ։

Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ ԵԽ գլխավոր քարտուղարը նշեց, որ Հայաստանի նախագահությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում լավ նախապատրաստված է և կազմակերպության գործունեության տարբեր ուղղություններին առնչվող կարևոր միջոցառումներ են նախատեսված, ինչի մասին նա համոզվեց դեռ ապրիլ ամսին Երևան կատարած այցելության ժամանակ։

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ԵԽ-ին անդամակցությունից 12 տարի անց նման հեղինակավոր կազմակերպության նախագահությունը ստանձնելը լավ հնարավորություն է, մարտահրավեր, բայց նաև պատասխանատվություն։ Հնարավորություն, որովհետև Հայաստանը լինելու է առաջատար դիրքերում, առաջնորդելու է ԵԽ անդամ երկրների ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական Եվրոպայի զարգացմանը: Մարտահրավեր, որովհետև եվրոպական մայրցամաքը այսօր բազմաթիվ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք կարող են դժվարացնել ընդհանուր արժեքների ամրապնդումը և պատասխանատվությունը, քանի որ ԵԽ հաջողությունը կախված է ոչ միայն կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկրի ներդրած ջանքերից, այլ նաև այդ ջանքերի ճիշտ առաջնորդությունից։

«Հայաստանի նախագահության ընթացքում մեր լիակատար աջակցությունն ենք բերելու Եվրախորհրդում նախաձեռնված բարեփոխումների գործընթացին։ Նախագահության շրջանակներում նախատեսված են մի շարք կարևոր միջոցառումներ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի, անդամ երկրների խորհրդարանների, սահմանադրական դատարանների և խորհուրդների, տարածքային ինքնակառավարման մարմինների մակարդակներով, նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջմշակութային, միջկրոնական երկխոսությունը, տեղական ժողովրդավարությունը, կրթությունը, երիտասարդական քաղաքականությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու խտրականության, անհանդուրժողականության, այլատյացության դեմ պայքարին»,- շեշտեց նախարար Նալբանդյանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԽ օրակարգային մի շարք հարցերի, մայիսի 17-ին Կրակովում կայանալիք Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանը քննարկվելիք հարցերին։

ԵԽ գլխավոր քարտուղարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող համատեղ ջանքերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031