Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն քննարկել է «Շիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքը

Հունիս 12,2026 17:22 Share

Այս շաբաթ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն անցկացրել է իր եռամսյակային նիստը, որի ընթացքում քննարկվում է, թե ինչպես են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած վճիռները։ Որոշումները հրապարակվել են այսօր:

Օրակարգում ընդգրկված հայկական գործը՝ «Շիրխանյան (խումբն ընդդեմ Հայաստանի)», վերաբերում էր կալանքի ընթացքում ոչ պատշաճ բժշկական օգնության տրամադրմանը։

Այս գործով ամբողջական որոշումը կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝

Որոշումներ

Նախարարների կոմիտեի պատգամավորները

  1. Հիշեցրին, որ գործերի այս խումբը հիմնականում վերաբերում է կալանքի ընթացքում պատշաճ բժշկական բուժման և խնամքի բացակայությանը, ինչպես նաև այդ հարցով արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների բացակայությանը։

Անհատական միջոցառումների վերաբերյալ

  1. Համարեցին, որ Գրիգորյանի գործով այլևս անհատական միջոցառումների անհրաժեշտություն չկա։ Հետևաբար որոշեցին փակել այդ գործի կատարման վերահսկողությունը և ընդունեցին CM/ResDH(2026)134 վերջնական բանաձևը։
  2. Կրկին կոչ արեցին իշխանություններին արագ ավարտել Ոսկանյանի գործով դեռևս ընթացող քննությունը և կոմիտեին տեղեկացնել դրա արդյունքների մասին։

Ընդհանուր միջոցառումների վերաբերյալ

  1. Գոհունակությամբ արձանագրեցին, որ կալանավայրերում բժշկական օգնությունը բարելավելու ուղղությամբ իրականացվել են կարևոր միջոցառումներ, մասնավորապես՝ Կենտրոնական բանտային հիվանդանոցի փոխարինումը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նոր բժշկական հաստատությամբ, հատուկ հոգեբուժական բաժանմունքի ստեղծումը, հեռաբժշկության ծառայությունների ընդլայնումը և քաղաքացիական հիվանդանոցների հետ համագործակցության հաստատումը, ինչպես նաև համապատասխան սարքավորումներով հագեցած տրանսպորտային միջոցների ձեռքբերումը։
  2. Ողջունեցին քրեակատարողական բժշկական ծառայության բյուջեի աճը, անձնակազմի հավաստագրման հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև բժշկական սարքավորումների և դեղորայքի մատակարարման բարելավումը։ Խրախուսեցին իշխանություններին շարունակել այդ բարեփոխումները, այդ թվում՝ լուծելով բուժանձնակազմի և դեղորայքի պակասի մնացած խնդիրները, և այս նպատակով լիարժեք օգտվել Եվրոպայի խորհրդի «Կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդում» ծրագրի աջակցությունից։
  3. Հետաքրքրությամբ նշեցին կանխարգելիչ և փոխհատուցման իրավական պաշտպանության միջոցների գործարկման վերաբերյալ ներկայացված տեղեկությունները և իշխանություններին հրավիրեցին շարունակել ներկայացնել թարմացված վիճակագրական տվյալներ երկու տեսակի միջոցների վերաբերյալ, մասնավորապես՝ վարչական և դատական մարմիններ ներկայացված բողոքների ընդհանուր թվի, դրանց ընդունելիության և հաջողության ցուցանիշների, ինչպես նաև համապատասխան դատական պրակտիկայի վերջին օրինակների մասին։ Կոչ արեցին իշխանություններին ապահովել, որ ոչ նյութական վնասի համար հատուցվող գումարները համադրելի լինեն նմանատիպ գործերով ՄԻԵԴ-ի կողմից սահմանված փոխհատուցումների հետ։
  4. Իշխանություններին կոչ արեցին՝
  • ներկայացնել մանրամասն տեղեկություններ, որոնք կվկայեն ձեռնարկված միջոցառումների արդյունավետության մասին, ներառյալ բուժանձնակազմի և դեղորայքի պակասի խնդիրների լուծմանն ուղղված քայլերը,
  • ներկայացնել վիճակագրական տվյալներ առողջական հիմքերով ազատ արձակման դիմումների քննության վերաբերյալ, ինչպես նաև տեղեկություններ այդ դիմումների քննարկման ձգձգումները վերացնելու նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին,
  • տեղեկություններ տրամադրել կալանքի պայմանները կալանավորված անձանց առողջական կարիքներին համապատասխանեցնելու համար ընդունված կամ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ,
  • արագացնել օրենսդրական բարեփոխումները՝ ապահովելու համար ՄԻԵԴ-ում նրանց շահերը ներկայացնող, սակայն փաստաբանական արտոնագիր չունեցող իրավաբանների մասնավոր տեսակցությունները կալանավորված անձանց հետ։
  1. Հաշվի առնելով ընդունված նշանակալի միջոցառումները և արձանագրված առաջընթացը՝ որոշեցին գործերի այս խմբի վճիռների կատարման վերահսկողությունը տեղափոխել ստանդարտ ընթացակարգի շրջանակ և իշխանություններին հրավիրեցին մինչև 2027 թվականի հունիսի 30-ը ներկայացնել թարմացված տեղեկատվություն՝ Քարտուղարության վերլուծության մեջ նշված հարցերի վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930