Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ պետը՝ ոստիկանության համակարգում ֆինանսական բուրգի եւ այլ աղմկահարույց գործերի մասին

Մայիս 22,2013 18:29

Հատված «ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալությանը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի տված հարցազրույցից: 

Օրերս հայտնի դարձավ մի աղմկահարույց գործի մասին, խոսքը ոստիկանության համակարգում ֆինանսական բուրգի մասին է, որի համատեքստում շատ է շրջանառվում Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը։ Ընդ որում, քրեական գործի մասին սկսվեց խոսվել նրա պաշտոնանկությունից հետո եւ մամուլում քննադատություն հնչեց ուղղված Հատուկ քննչական ծառայությանը, թե ինչու ժամանակին չէր բացահայտում։ Ինչու Ներսիկ Նազարյանի պաշտոնավարման ժամանակ Հատուկ քննչական ծառայությունը չբացահայտեց այս գործը։

– Նախ՝ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործերով նախաքննություն իրականացնող մարմին է և օպերատիվ-հետախուզական գործառույթների իրականացման լիազորություններ չունի, իսկ քրեական գործի հարուցման առիթները հանդիսանում են հանցագործության մասին ֆիզիկական, իրավաբանական անձանց և լրատվական միջոցների հաղորդումները, ինչպես նաև հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործությունների մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը։ Հատուկ քննչական ծառայությունը հիշատակված հանցագործության մասին նախկինում որևէ հաղորդում չի ստացել, իսկ հատուկ քննչական ծառայության քննիչների ամենօրյա գործառույթների իրականացման ընթացքում հիշյալ անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել, ուստի Ծառայության հասցեին մամուլում հնչեցրած քննադատություններն անհիմն են։

Հարցում նշված քրեական գործը հարուցվել է ֆիզիկական անձի հաղորդման հիման վրա և գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելուց անմիջապես հետո Հատուկ քննչական ծառայությունը ձեռնամուխ է եղել նախաքննության կատարմանը։

– Ի վերջո, ինչ կարգավիճակով են այդ գործի շրջանակներում անցնում Ներսիկ Նազարյանը եւ Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, քանզի մամուլի համաձայն նրա անունը նույնպես շոշափվում է այդ գործում։

– Անմեղության կանխավարկածից, նաև՝ նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով, առայժմ ձեռնպահ կմնամ գործի մանրամասներին անդրադառնալուց, միայն կարող եմ ասել, որ նախաքննության ներկա փուլում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք դեռևս չկան։ Բայց վստահեցնում եմ, որ ոչ միայն այս, այլ նաև մյուս բոլոր քրեական գործերով բոլոր այն անձինք, ովքեր կատարել են քրեական օրենքով արգելված արարք, անկախ դիրքից, նախկին կամ ներկայիս զբաղեցրած պաշտոններից՝ օրենքով սահմանված կարգով կենթարկվեն քրեական պատասխանատվության։

– Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը տեւական ժամանակ հերքում էր չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի առկայությունը, մինչդեռ Հատուկ քննչական ծառայությունը ոչ միայն հաստատեց, այլ նաեւ տեղեկացրեց, որ նա արդեն հրավիրվել է հարցաքննության։ Ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը եւ արդյոք Ս.Բագրատյանին մեղադրանք առաջադրվել է։

– Իրոք, Հատուկ քննչական ծառայությունում քննվում է Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի և մի շարք այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Խոսքը պետական աջակցության ծարագրի շրջանակներում ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի թիվ 75-Ն որոշմամբ ՀՀ Վայոց Ձորի մարզի համայնքներին հատկացված դիզելային վառելիքի բաշխման ընթացքում թույլ տրված չարաշահումների և ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ սուբսիդավորված գումարների հափշտակության մասին է։ Քրեական գործով դեռևս որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան, նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողություններ և ձեռնարկվում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Օգտվելով առիթից, կցանկանայի պետական բյուջեից հատկացված միջոցներն օգտագործելու լիազորություն ունեցող բոլոր անձանց զգուշացնել, որ լինեն ավելի շրջահայաց, այդ միջոցներն օգտագործեն միայն նպատակային նշանակությամբ, հակառակ դեպքում լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք անխուսափելիորեն կհայտնվեն Հատուկ քննչական ծառայության տեսադաշտում և կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության։

Ի վերջո, ոչ մեկը որևէ մեկին ստիպողաբար չի նշանակել այդ պաշտոնում, այլ ցանկացած պաշտոնատար անձ, պետական ծառայող իր ցանկությամբ է անցել աշխատանքի այն աշխատավարձով, որքան պետությունն ի վիճակի է այսօր վճարել, ուստի ոչ-ոք չպետք է փորձի իր պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ։

Հատուկ քննչական ծառայության վարույթում է գտնվում նաեւ սփյուռքահայ ներդրող Էդմոն Խուդյանի քրեական գործը, եւ սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, քննիչը անհրաժեշտ նյութերը չի տրամադրում փորձագետներին՝ փորձաքննություն իրականացնելու համար։ Ինչու է ընդհանրապես այս գործը քննվում Հատուկ քննչական ծառայությունում, քանի որ ոչ Խուդյանը եւ ոչ էլ այդ գործով կալանքի տակ գտնվող Մանգասարյանը կարծես թե Հատուկ քննչական ծառայության սուբյեկտները չեն։ Արդյոք այս քրեական գործով կա՞ն այլ մեղադրյալներ։

– Հարցը շատ տեղին է, այն արծարծվել է նաև «Առավոտ» օրաթերթի 2013թ. մայիսի 21-ին լույս տեսած համարում։ Կարծում եմ լրագրողը պատշաճ չի ուսումնասիրել խնդրո առարկան և առաջադրված հարցադրումների հասցեատերը ակամա դարձել է Հատուկ քննչական ծառայության քննիչը, մինչդեռ մեղադրյալ Վլադիսլավ Մանգասարյանի վերաբերյալ քրեական գործը Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել բոլորովին վերջերս և ընդամենը մեկ հարց պարզելու համար՝ ընդդեմ Վլադիսլավ Մանգասարյանի և մյուսների Էդմոն Խուդյանի ներկայացրած հայցի կապակցությամբ քննված քաղաքացիական գործով Խուդյանը կամ այլ անձինք դատավորին կամ իրավապահ մարմինների այլ աշխատակիցներին կաշառք տվե՞լ են, թե՝ ոչ, քանի որ Մանգասարյանն իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդության քննարկման ժամանակ դատարանում նման հայտարարարություն էր արել։ Ծառայությունում այդ ուղղությամբ շատ կարճ ժամկետում կատարվել է քննություն, որի արդյունքներով Վլադ Մանգասարյանի նշած՝ քրեադատավարական օրենքով ամրագրված՝ Հատուկ քննչական ծառայության քննիչների քննությանը ենթակա հանցագործությունների հատուկ սուբյեկտների արարքներին տրվել է իրավական գնահատական, և քրեական գործն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն։

Հավատացնում եմ, Հատուկ քննչական ծառայությունը կարևորում է իր նկատմամբ հասարակության վստահության ամրապնդումը, ակնկալում է հասարակության աջակցությունը՝ երկրի ղեկավարության կողմից Ծառայության առջև դրված խնդիրների լուծման գործընթացում, իսկ այդ դեպքում բոլորս միասին կարող ենք մեր ավանդը ներդնել Հայաստանի Հանրապետությունում օրինականության, հասարակական և սահմանադրական կարգի ամրապնդման, ինչպես նաև հանցավոր ոտնձգություններից մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առավել պաշտպանվածության ապահովման գործում:

Սոնա ՄԱՇՈՒՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031