Լրահոս
Օրվա լրահոսը

Բազալտի հանքի՞, թե՞ նախագիծ չլինելու պատճառով չեն կառուցում

Մայիս 25,2013 13:10

b-eritasardakan-palatՃարտարապետ Հրաչիկ Պողոսյանի խոսքերով՝ Երիտասարդական պալատի տակի հանքն էլ վերջացավ, բայց տեղում նոր շենք կառուցելու նախագիծը չեղավ:

Մոտ 10 տարի առաջ, երբ իրացվեց Երիտասարդական պալատի շենքը (Կուկուռուզնիկ)՝ իր տարածքով, կառուցապատողները՝ «Ավանգարդ մոթորսը», խոստանում էին տեղում ավելի հզոր ու գեղեցիկ համալիր կառուցել, սակայն մինչ օրս նոր շենքի անգամ նշույլը չի երեւում. ճարտարապետները պնդում են, որ նույնիսկ նախագիծ չկա, որպեսզի պարզ դառնա, թե իրականում ինչ է կառուցվելու:

Դեռեւս խորհրդային տարիներին Երիտասարդական պալատի տարածքում բազալտի պաշարներ են հայտնաբերվել, եւ ըստ շրջանառվող լուրերի՝ կառուցապատողները համալիրի շինարարությունը չեն սկսում, քանի որ բազալտի ապարի արդյունահանմամբ են զբաղված:

«Առավոտի» հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի անդամ Հրաչիկ Պողոսյանն ասաց, որ կառուցապատողները Երիտասարդական պալատի տարածքում մոտ 9 մետր փորելով իջել են եւ այդ փորելու ընթացքում էլ բազալտի ապար են հանել. «Մոտ 9 մետրով իջեցրել են, պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան խորանարդ մետր բազալտ է դուրս եկել: Հետո սկսել են մշակել, խիճ դարձրել ու վաճառել, ենթադրում եմ՝ վաճառել են, թե չէ՝ ի՞նչ պիտի անեին այդ խիճը: Ամենափոքր հաշվարկներով՝ մոտ 20 հազար քառակուսի մետր իջեցրել են, 200 հազար խորանարդ մետր բազալտի ապար են հանել»:

Որեւէ տեսակի հանք շահագործելու թույլտվությունը տրամադրում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, իսկ նախարարությունից «Առավոտին» տրամադրած փաստաթղթում, որտեղ նշված են հանրապետության եւ մայրաքաղաքի հանքերն ու շահագործողների անունները, «Ավանգարդ մոթորսի» անունը չկա: Այսինքն՝ այս ընկերությունը բազալտի ապար արդյունահանելու եւ վաճառելու իրավունք չուներ:

Երբ «Առավոտն» օրերս այցելեց Երիտասարդական պալատի տարածք, շինարարական ոչ մի աշխատանք այնտեղ չէր ընթանում, հանք շահագործելու, բազալտի ապար դուրս հանելու աշխատանքներ եւս չնկատեցինք. համենայնդեպս՝ այդ տարածքում կեսօրին ոչ մի տեխնիկա չէր աշխատում:

«Ոնց ես հասկացա՝ այդ հանքն էլ վերջացավ, էդ 9 մետրը իջավ, հո դրանից հետո չի՞ սկսելու փոս փորել ու իջնել ավելի ներքեւ, քան շրջապատի ճանապարհն է»,- նման դիտարկում կատարեց ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը:

Նոր համալիր կառուցելու փոխարեն՝ հանքով տարվելն ու շահագործելը  «Ավանգարդ մոթորսի» տնօրեն Գեւորգ Գեւորգյանը մեզ հետ զրույցում համարեց իրականությունից եւ տրամաբանությունից հեռու վարկած. «Չեմ ուզում ճարտարապետների ասածները մեկնաբանել, որովհետեւ կան իրականությանը չհամապատասխանող վարկածներ՝ սկսած շիբինի արտադրությունից եւ այլն, եւ այլն: Բազալտի հանքի նկար որեւէ մեկը տեսե՞լ է, որ նման արտահայտություններ են անում, մի հատ թող տեսնեն, հետո խոսեն՝ նմանատիպ բան կա՞, թե՞ ոչ»:

Պարոն Գեւորգյանի վստահեցմամբ՝ այդ փոքր տարածքում բազալտի հանք շահագործելը տնտեսապես ձեռնտու չէ: Ինչ վերաբերում է տարածքում բազալտի ապարի գոյությանը, ապա տնօրենն ասաց. «Հողաքարային հումք  է եղել, պետք է դուրս բերվեր տարածքից,  քանի որ շինարարական աշխատանքների նախապատրաստում է գնում: Լավ, բա ի՞նչ պետք է անեին, եթե պետք է այդ հատվածում հիմք լցվի, այդ հողաքարը պետք է դուրս բերվեր, փորում էին հիմքի համար եւ հանդիպել են այդ ապարին»: Մեր այն հարցին, թե իսկապես ապարը վաճառե՞լ են, ինչի թույլտվությունը չունեն, պարոն Գեւորգյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել հարցը, բայց նաեւ ավելացրեց. «Խիճը մանրացնելու համար հատուկ հաստոցներ, մեքենաներ են անհրաժեշտ, հսկայական փոշի է տարածվում շրջապատում, նման բան որեւէ մեկը նկատե՞լ է: Կոռեկտ չէ նման հայտարարություններ անել»:

Ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը մեզ հետ զրույցում նաեւ մտահոգություն հայտնեց, որ Երիտասարդական պալատի տեղում մոտ ապագայում դժվար էլ նոր համալիր կառուցվի. «Հույս էլ չկա, որ վաղը կամ մյուս օրը կբերեն նախագիծ, չեն էլ սկսել նախագծային աշխատանքները: Այդ ամենն ի սկզբանե օրենքի խախտումով է եղել, այսինքն՝ Երիտասարդական պալատը քանդելու թույլտվություն են տվել առանց նախագծի»:

Նախագծի առնչությամբ «Ավանգարդ մոթորսի» տնօրենը մեր այն հարցին, թե ի վերջո՝ կա՞ նախագիծ, ասաց. «Այն, ինչ որ հստակ ներկայացվել է հանրությանը, դրանից ավելի բան չեմ կարող ասել»: Իսկ թե ինչ էր հստակ ներկայացվել հանրությանը՝ ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանն ասաց. «Ես շենքի նախագիծ չեմ տեսել, մի անգամ մրցույթ արեցին, որ նախագիծ լինի,  բայց մինչեւ հիմա չեմ տեսել: Ըստ օրենքի՝ սկզբում պետք է լիներ էսքիզային նախագիծ, որից հետո քաղաքապետարանը թույլտվություն պետք է տար քանդելու, իսկ այն ժամանակ քաղաքապետարանը թույլտվությունը տվել է առանց նախագծի»:

Նոր համալիրի կառուցման հետաձգման պատճառը, ըստ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հանրային կապերի պատասխանատու Անահիտ Եսայանի՝ «Առավոտին» տրամադրած պարզաբանման, հաղթած նախագծում ճարտարապետի առաջարկած փոփոխություններն են, որը, սակայն, այդպես էլ չի կատարվում. «Նախկին Երիտասարդական պալատի  սեփականատիրոջ հետ հանդիպումներ եւ քննարկումներ եղել են։ Խնդրո առարկա 3 հա մակերեսով տարածքի համար մի քանի անգամ առաջադրանքներ են տրվել, կառուցապատողի կողմից մրցույթներ են հայտարարվել: Արդյունքում առայսօր չկա հաստատված նախագիծ, եւ չկա որեւէ շարժ այդ տարածքի շինարարության առումով:

Այստեղ կա մի կարեւոր խնդիր՝ կառուցվելիք երկու շենքերի բարձրության հետ կապված։ Հաղթած նախագծով մասնաշենքերից մեկի բարձրությունը մոտ 150 մետր է, մյուսինը՝ 90։ Քաղաքապետարանը առաջադրանք է տվել՝ 150 մետրի  փոխարեն 122 մետր, իսկ 90-ի փոխարեն՝ 70 մետր բարձրության շենք կառուցելու համար։ Առաջադրանքը տրամադրվել է տարիներ առաջ։ Ըստ կառուցապատողի՝ նախագծող կազմակերպության հետ առաջացել է խնդիր։ Նախագծողը սեփականատիրոջից պահանջել է պահպանել հաղթած նախագծի չափորոշիչները։ Սակայն դա չափից ավելի բարձր է, մանավանդ որ՝ բարձունքի վրա է։ Հետեւաբար քաղաքապետարանը պնդում է իր առաջարկությունը»։

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031