Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճծառայության պետը ԱԺ-ում բացատրում է տանգոն, քոչարին եւ սուրճ եփելու բաղադրատոմսը

Մայիս 29,2013 13:39

Այսօր ԱԺ-ում 2012-ի բյուջեի կատարողականի հաշվետվությունը քննարկելիս պատգամավորների մոտ մի քանի հարցեր առաջացան, որոնց կարող էր պատասխանել Ազգային վիճծառայության պետը՝ Ստեփան Մնացականյանը:

Մինչ զանգեցին եւ կանչեցին նրան, արդեն հարց ուղղող պատգամավորները սրահում չէին, դուրս էին եկել:

Այնուամենայնիվ, Ստեփան Մնացականյանը սկսեց բացատրություններ տալ: Հայտնի է, որ պարոն Մնացականյանը խոսում է շատ բարդ տերմիններով եւ նրան հասկանալու համար հաճախ թարգմանիչների կարիք է զգացվում: Այսօր նա իր խոսքի սկզբում զգուշացրեց՝ «Ես չեմ խոստանում, որ կարող եմ մատչելի լեզվով բացատրել, թե ինչ բան է ՀՆԱ ինդեքս դեֆլյատորը: Կարճ սահմանումը հետեւյալն է՝ ՀՆԱ-ի ինդեքս դեֆլյատորը ՀՆԱ ընթացիկ եւ համադրելի ժամանակաշրջանի գներով գնահատված ծավալների տոկոսային հարաբերությունն է: Յուրաքանչյուր երկրում ՀՆԱ-ի ցուցանիշը ենթարկվում է մի քանի վերանայումների»:

Պարոն Մնացականյանի մի շարք բացատրություններից հետո Գագիկ Մինասյանը ուրախությամբ արձանագրեց՝ փաստորեն դա սպառողական գների ինդեքսի նման ցուցանիշ է: «Ոչ,- չհամաձայնեց վիճծառայության պետը՝ վստահեցնելով, որ դրանք լրիվ տարբեր բաներ են,- տանգոյի երաժշտության տակ քոչարի մենք չենք կարող պարել: Ես հասկանում եմ, շատ հարցեր կան, բայց եթե մենք հարցերի տեխնոլոգիական շղթայի միջնամասից սկսենք, մենք երբեք հասկացված չենք լինի: Եթե մենք ուզում ենք սուրճ խմենք, սուրճի փոշին, շաքարավազը լցնենք մեր բերանը, հետո եռման ջուր, ասենք սուրճ խմեցինք՝ չի ստացվի: Պետք է կառուցենք, պատրաստենք սուրճը»:

Ավելի ուշ պարոն Մնացականյանը պատգամավորներին բացատրեց, որ կյանքը փոխվել է, արագացել է. «Աշխարհը շատ արագ է փոխվում: Ժամանակը խտացել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031