Այսօր առավոտյան ժամը 11-ից սկսած Կոմիտասի անվան պանթեոնում հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի շիրիմին այցելեցին կոմպոզիտորի հարազատներն, ընկերներն ու Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթի հյուրերը, ժյուրիի անդամներն եւ մասնակիցները:
Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ կոմպոզիտորի մասին կարելի է երկար խոսել ու ասաց.
«Ես ամեն տարի լինում եմ Երեւանում, լինում եմ հորս շիրիմին, բայց իմ հիշողության մեջ թարմ է այն մայիսյան օրը, երբ ամբողջ Հայաստանն եկել էր հորս հողին հանձնելու, մարդիկ եկել էին տարբեր շրջաններից, իսկ ապրող Արամ Խաչատրյանի մասին կարելի է շատ երկար պատմել»:
Լոնդոնից ժամանած հայագետ Ասատուր Գյոզալյանն, չնայած կոմպոզիտորի ճանաչել է նրա կյանքի վերջին տարում միայն, բայց կոմպոզիտորից որոշ հիշողություններ պատմեց.
Կարդացեք նաև
« Իմ հուշերն Արամ Խաչատրյանի մասին անսահման են: Նա գրքերի մի հրաբուխ էր: Մի օր ասաց՝ իր ամբողջ երաժշտությունը ժողովրդին է պատկանում, հայ ժողովրդից է եկել ու հայ ժողովրդին էլ պիտի մնա»:
Նշենք, որ այսօրվանից մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթը, որն այս տարի ուղղված կլինի տաղանդավոր թավջութակահարների բացահայտմանը: Մրցույթը կավարտվի հունիսի 13-ին, իսկ հունիսի 14-ին կկայանա մրցույթի գալա համերգն ու պարգեւատրման արարողությունը:
Մանրամասները՝ տեսանյութում
Աշոտ ԱԹԱՅԱՆ


















































