Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտն» ու «Հայկական ժամանակը» հաղթեցին վերաքննիչում էլ

Հունիս 06,2013 16:18

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Գոհար Մատինյանը հրապարակեց «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերի դեմ նախկինում 9 տարվա ազատազրկման դատապարտված Ռազմիկ Աբրահամյանի բողոքի հիման վրա կայացրած որոշումը:

Դատարանը մերժեց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող սուտ տեղեկություններ տարածելու համար նյութական եւ բարոյական վնասի հատուցման համար 2-ական միլիոն դրամ յուրաքանչյուր լրատվամիջոցից բռնագանձելու Ռ.Աբրահամյանի պահանջը եւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մարտի 7-ի կայացրած վճիռը թողեց ուժի մեջ:

Ռազմիկ Աբրահամյանից հօգուտ պետբյուջեի կբռնագանձվի 30 000 ՀՀ դրամ, որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի գումար: Հիշեցնենք, որ առաջին ատյանում էլ այդ գումարը 80 000 դրամ էր կազմում:

Նախկինում անառակաբարո գործողություններ կատարելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Աբրահամյանը հայտնել էր դատարանին, որ «Առավոտ» թերթում 9 տարի առաջ տպագրված «Պեդոֆիլը կստանա՞ 2 տարի», եւ 9 տարի առաջ «Հայկական ժամանակում» տպագրված «62-ամյա պեդերաստը խոստովանել է իր մեղքը» հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը, որ լրատվամիջոցները իրեն զրպարտել են  այնպիսի գործողությունների կատարման համար, որոնք ինքը չի կատարել:

Մինչդեռ, նա դատարանում հաստատեց, որ իր նկատմամբ Ավան եւ Նոր-Նորք համայնքի դատարանը դատավճիռ է կայացրել:

Ըստ 29.03.2004թ. դատավճռի՝ Ռազմիկ Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով, 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

ՀՀ վերաքննիչ դատարանը որոշման պատճառաբանություններ հատվածում անդրադարձել էր լրագրողական ազատությանը, տեղեկություններ տարածելու լրագրողի ազատությանն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին:

Հղում անելով «Շաբանովն  ու Տրենն ընդդեմ Ռուսաստանի» ԵԴ որոշմանը, դատարանը նշել էր. «Եթե լրագրողը գործում է բարեխղճորեն եւ ճշգրիտ փաստացի հիմքերի վրա ու տրամադրում է «վստահելի» եւ «ճշգրիտ» տեղեկություն, պաշտպանված է ըստ էության Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով:

Դատարանը նաեւ հանգել էր այն հետեւության, որ Ռազմիկ Աբրահամյանի փաստարկները անհիմն են, որոնք բավարար հիմք չեն նրա վերաքննիչ բողոքը բավարարելու եւ վճիռը բեկանելու համար:

Ինչ վերաբերում էր Ռազմիկ Աբրահամյանի պետական տուրքին, դատարանը տեղեկացրել էր, որ նա դիմել էր դատարան, պետական տուրքի վճարումը տարաժամկետելու միջնորդությամբ: Եվ քանի որ բողոքաբերը վիճարկել էր դատական ակտն ամբողջությամբ, որը կրում էր գույքային բնույթ, նրա բողոքը մերժելով՝ դատարանը պետական տուրքի գումարը՝ նախատեսված 30 000 դրամի չափով, բռնագանձելու է:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Sona says:

    Էդ տեսակ մարդիկ ինչու՞ են ապրում աշխարհի երեսին, ինչպե՞ս են նայում իրենց ընտանիքի անդամների երեսին: Դեռ առանց ամաչելու էլ դատի՞ է տալիս:
    Շնորհավորում եմ Ռուզան ջան…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930