Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիլիկիա» առեւտրի կենտրոնի աշխատակիցներ. Մեր վնասները ուղղակի կործանարար են, անգամ արտագաղթի համար անհրաժեշտ միջոցներ չունենք

Հունիս 16,2013 22:22

Նամակ ՀՀ ԱԺ նախագահին

ՀՀ Ազգային Ժողովի մեծարգո նախագահ, հարգելի ժողովրդի ընտրյալ պատգամավորներ,

Մեր առջեւ ծառացած խնդրի առնչությամբ արդեն իսկ նամակներ ենք հղել հանրապետության նախագահին, կառավարությանը, բարձրաձայնել ենք խնդիրը մամուլի էջերում եւ հեռուստատեսությամբ:Որպես ժողովրդի հավաքական ձայնն ու վստահությունը ներկայացնող կառույցի Ձեզ դիմում ենք աջակցության մեծ ակնկալիքով: Մեր խնդիրը չունի որեւէ քաղաքական ենթատեքս, այլ բացառապես բխում է ինչպես մեր` թվով 118 ձեռնարկատերերիս, այնպես էլ պետության շահերից, հուսով ենք, որ հրատապ եւ օբյեկտիվ միջամտություն կցուցաբերեք Ձեր իրավասության սահմաններում:

Նախկինում առեւտուր ենք իրականացրել «Հրազդան» տոնավաճառի տարածքում: Այնուհետեւ,  ընդհանուր որոշում ենք կայացրել առեւտուրը տեղափոխել Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում տեղակայված` քաղաքակիրթ եւ ներկայանալի առեւտրի կենտրոն ստեղծելու եւ մարդավայել պայմաններում աշխատելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով օժտված տարածք: Տարածքի սեփականատեր «ԼԱՆ» ՍՊ ընկերությունը ինչ-ինչ պատճառներով հայտնվել է սնանկության գործընթացում եւ մեր նախաձեռնության կազմակերպիչ «Մադէլինա-Լենա» ՍՊ ընկերությունը բնականաբար  անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի ինչպես նաեւ սնանկության գործերով կառավարչի անմիջական մասնակցությամբ եւ ուղղորդմամբ:

Ընկերությունը դատարանին ներկայացրել է առողջացման ծրագիր, ստացել է համապատասխան լիցենզիա,կնքվել են համապատասխան պայմանագրեր:Մեզնից յուրաքանչյուրը գրանցվել է հարկային տեսչության համապատասխան մարմնում, ստացել ենք հսկիչ դրամարկղային մեքենաներ, որոնք GPRS-ով  միացվել են ընդհանուր համակարգին:

Այն որ ներկայացված առողջացման ծրագիրը կենսունակ է ապացուցվեց նորաստեղծ «Կիլիկիա» առեւտրի կենտրոնի մեծ հանդիսավորությամբ կատարված, ԶԼՄ-ներով լուսաբանված բացման իսկ պահից: Այս հաջողությունը պայմանավորված էր նաեւ նրանով, որ մեր խմբում չկան ոլորտի նորեկներ, յուրաքանչյուրս ունի այս ոլորտում աշխատանքների արդյունավետ կազմակերպման բազմամյա փորձ եւ տարիների ընթացքում ձեւավորված հաճախորդների հոծ բազմություն:

Ըստ էության մենք` 118 ձեռնարկատերերով հավելյալ ֆինանսական բեռ վերցրինք մեր ուսերին վարկերի տեսքով եւ մեր իսկ միջոցներով տարածքը վերածեցինք շքեղ առեւտրի կենտրոնի:  Ամենահոռետես հայացքով գնահատելիս անգամ մեր հաջողության հաստատուն գրավական ունեցող նախաձեռնությունը լուծեց միանգամից մի քանի կարեւոր խնդիր բացի սկզբնական մեր նպատակներից: Մասնավորապես, մեր ուժերով հիմնված աշխատատեղերը մեր բոլորի ընտանիքների, ինչպես նաեւ մեր կողմից աշխատանքի ընդունված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելով շատերին ետ պահեցին արտագաղթի անհրաժեշտությունից, հիմնվեց պետությանը կանոնավոր եւ զգալի հարկ վճարելու ունակ բիզնես, դատարանին հնարավորություն ընձեռնվեց խելամիտ եւ արդյունավետ լուծում տալ ձգձգվող սնանկության վարույթին, «ԼԱՆ» ՍՊ ընկերությանը հնարավորություն տրվեց դուրս գալ սնանկության ճիրաններից:

Չնայած այս ամենին, սույն թվականի հունիսի մեկին առեւտրի կենտրոնում ընթացող ակտիվ առեւտրին զուգահեռ ղեկավարության կողմից կազմակերպված մանուկների օրվա առթիվ միջոցառման պահին ժամանեց հարկային տեսչության աշխատակիցների եւ ուղեկցող անհայտ պաշտոնական պատկանելության անձանց մի խումբ եւ շատ կոպիտ ձեւով պահանջեցին մեզ լքել տաղավարները, քանի որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանից իրենք գրություն են ստացել այն մասին, որ առողջացման ծրագիրը մերժվել է, եւ մեր աշխատանքն այլեւս օրինական հիմքեր չունի:

Մեզ ստիպեցին  լքել տաղավարները, այնտեղ թողնելով փաստաթղթերն ու վաճառքի ենթակա ապրանքը, զայրացած ու զարմացած: Առանց որեւէ արձանագրություն կազմելու փակեցին եւ կնքեցին տաղավարները:

Եվ ահա արդեն 15 օր է պարապուրդի ենք մատնված պարոն Վարդազարյանի վերջին պահին ի հայտ եկած քմահաճույքի հետեւանքով: Զարմանալին այն էր, որ նախապատրաստական աշխատանքների երկար պրոցեսի ընթացքում մշտապես ամեն ինչից տեղյակ եւ ուղեցույց հանդիսացած դատարանը հանկարծ այնպես է իրեն պահում, կարծես ոչնչից տեղյակ չէր:Եվ հարկային մարմինը, որը փաստորեն պատանդի կարգավիճակում հայտնվեց Վարդազարյանի գրության արդյունքում, որովհետեւ չարձագանքել երեւի թե չէր կարող, հիմա հաշվում է պետության վնասները:

Այո, չարաբաստիկ գրության արդյունքում բոլոր կողմերին միայն օգուտ բերող նախաձեռնությունը Վարդազարյանի թեթեւ ձեռքով սկսեց իսկապես վնաս հասցնել պետությանը` շրջանառության հարկերց զրկելով եւ մեր` ձեռներեցներիս  ընտանիքներին հացից զրկելով: Մեր վնասները ուղղակի կործանարար են, քանի որ վարկային պարտավորություններ ունենք, գնորդներ ենք կորցնում, մատակարարներին ստիպված ենք լինելու փոխհատուցել, ու անորոշ ժամանակով պարապուրդի ենք մատնվել:

Ներկայումս առողջացման ծրագրի ժամկետանց, անտրամաբանական որոշումը վիճարկվում է վերաքննիչ ատյանում: Պարոն Վարդազարյանի ջանքերով ստեղծված այս արհեստական դատական քաշքշուկի արդյունքում ամեն անցնող օրվա հետ մեր վնասները կրկնապատկվում են:

Հարգելի խորհրդարան, մենք հայտնվել ենք այնպիսի վիճակում, որ անգամ արտագաղթի համար անհրաժեշտ միջոցներ չունենք: Խնդրում ենք Ձեր գործուն միջամտությունը, որպեսզի վերաքննիչ ատյանում հնարավորինս արագ եւ արդարացիորեն շտկեն Կենտրոնի դատարանի նախագահի ստեղծած քաոսը: Բոլորիս համար էլ հասկանալի է, որ Վարդազարյանը տարածքի հետ կապված անձնական շահագրգռվածություն ունի: Մեր թախանձագին խնդրանքն այն է, որ գոնե միջանկյալ կարգով կայացված որոշման միջոցով մեզ թույլ տրվի աշխատել, որպեսզի մեր արդեն իսկ կրած հսկայական վնասները չկործանեն մեր ընտանիքները:

Կարծում ենք մեր կողմից պետությանը հարկեր տալն ու աշխատելը շատ չի խանգարի ամենակարող պարոն Վարդազարյանին տարածքի սեփականատերերին այսուհետ էլ դատական ճամարտակությունների միջոցով ստիպել իրեն զիճելու տարածքը:

Հարգանքներով եւ արդարացի լուծման ակնկալիքներով` «Կիլիկիա» առեւտրի կենտրոնի աշխատակիցներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930