Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես լավայի պես տրաքում եմ». Արամո

Հուլիս 07,2013 17:04

«Ֆիլմը համամարդկային պատմություն է, զոհաբերում են սպիտակին, մաքուրին, թանկին: Տեւողությունն է 13 րոպե 50 վայրկյան, նկարահանել ենք 5-6 օրում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացված իր  ֆիլմի մասին պատմեց ռեժիսոր Հրանտ Վարդանյանը:

Ֆիլմում իշխում են գրոտեսկը, աբսուրդը եւ տրագիֆարսը: Սա հայացք է աշխարհին գառան աչքերով, մի հայացք, որն առաջ է քշում կյանքի իմաստին, հավատարմությանը, ընկերությանը, սիրուն եւ դավաճանությանը առնչվող փիլիսոփայական հարցադրումներ: Ով ենք մենք, մարդիկ, թե համր, երազկոտ անասուններ: Ֆիլմը ժամանակակից չար աշխարհում ստեպ-ստեպ հանդիպող այն երեւույթի մասին է, թե ինչպես նա, ով ժողովրդին առաջնորդվելու կոչված հովիվ է, հաճախ դառնում է 30 արծաթ դրամի դիմաց վաճառվելու պատրաստ Հուդա:

«Սպիտակ գառան երազը» ֆիլմի գլխավոր դերակատար Արամոյի խոսքով, երբ նա ծանոթացավ սցենարի հետ միանգամից բռնկվեց, երգը թողեց ու գնաց դեպի կինո. «Ես լավայի պես տրաքում եմ, երջանիկ եմ, որ վերադարձա կինո: Պետք է իմանալ, որ Արամոն կիսվում է  2 մասի` երգիչ եւ դերասան: Ֆիլմը լավ կյանք է ունենալու, շատ մարդկանց ու ժողովրդի սրտի մեջ է մտնելու: Մեր խմբում կար սեր, արեւ, փոթորիկ, կայծակ, ամեն ինչ կար: Կարծում եմ ֆիլմը ստացված է»:

Ամերիկահայ սկսնակ ռեժիսոր Սարո Վարժապետյանը «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում նույնպես պատրաստվում է ներկայացնել իր «Ջրից հետո ավազ է մնում» ֆիլմը: Ֆիլմում 80-ամյա մի այրի` Թամարը, այցելում է իր հայկական հայրենիքը, որպեսզի կատարի վերջերս մահացած ամուսնու վերջին կամքը` ընտանիքով լուսանկարվի Արարատ լեռան դիմաց: Արարատ հասնելուն պես` նրանք անակնկալի են գալիս` պարզելով, որ Թամարի ցանկությունը` լուսանկարվելը, այնքան էլ հեշտ չի լինի, ինչպես հույս ունեին:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031