Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Նիկոլյան. «Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին սպանել է Ղուկասյանի որդին` Սպարտակը» (Տեսանյութ)

Հուլիս 09,2013 19:13 Share
Աջակցեք aravot.am-ին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի`27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ մարդասպանության մեջ կասկածվում է Անիի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը: Դատական նիստի սկզբում դատավորի քարտուղարը զեկուցեց, որ դատարանը հարցում է կատարել Գյումրու «Ճերմակ» հիվանդանոց, որտեղից և պատասխանել են, որ Վարդան Ղուկասյանը դեռ բուժման ընթացքի մեջ է, և նա այդ վիճակով չի կարող ներկայանալ դատարան:

Դատավորը նորից փորձում էր ընթերցել հայր ու դուստր Ղուկասյանների նախաքննական ցուցմունքները, երբ կոտրված, վիրահատված, գիպսի մեջ դրված ոտքով որպես վկա դատարան ներկայացավ ամբաստանայլի մայրը` Անահիտ Նիկոլյանը: Տիկինը, սպանության օրվա հետ կապված որոշ մանրուքներ պատմելուց բացի, ասենք՝ ինչպես են իրենց ոստիկանություն տարել, ինչպես են ոստիկանները գրոհել իրենց տունը` խուզարկություններ կատարելով, նաև մի քանի սենսացիոն հայտարարություններ արեց: Ամբաստանյալի մայրը իր կասկածները հայտնեց, որ այդ սպանությունը կատարել է Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակը, քանի որ վերջինս չի ուզել, որ իր քույրը` Մանյան, ամուսնանա դասընկերոջ՝ Կարեն Եսայանի հետ:

«Հարգելի դատարան, ինձ ասացին, որ Սպարտակը դեմ է եղել Մանյայի ամուսնությանը, լրատվամիջոցներն էլ գրեցին, «Արմենիան» էլ անոնս տվեց ու հետո դա անհետացավ: Այդ անոնսների մեջ սպանությունը կապում էին Սպարտակի ու Շեկոյի անվան հետ: Իսկ այդ դեպքից առաջ Շեկոն ու Տանկը, թեև չգիտեմ` Տանկո էր, Մանգո է, այդ երկուսն էին կռվել Տեքստիլ թաղամասում: Երբ մեզ հրավիրեցին ոստիկանություն ու սկզբում ասացին, թե Վարդան Ղուկասյանի աղջկան են սպանել, հետո ասացին փեսացուին, մենք մտածեցինք, որ հենց այդ կռվի շարունակությունն է: Բայց ես գիտեմ, որ Սպարտակը ասել է, թե չպիտի տանք քրոջս դրանց, Վարդան Ղուկասյանն էլ, աչքի առջև ունենալով եղբոր` Գևորգ Ղուկասյանի դստեր` Անիի ինքնասպանությունը, ասել է` պիտի տանք: Անին ինքնասպան եղավ, որովհետև սիրում էր մի տղայի, որին վերացրեցին Սպարտակի գլավարությամբ: Կարեն Եսայանը ևս մոլորված է եղել այս պատմությունից» , -ասաց Անահիտ Նիկլոյանը:

P2182295

Դատավոր Մարտին Սարոյանը հետաքրքրվեց, թե նման տեղեկատվություն ո՞վ է տվել այս տիկնոջը, ու ասաց` անուններ տվեք: «Ով որ ինձ ասել է, անձամբ ներկա է եղել հայր ու որդի Ղուկասյանների վեճին, բայց չեմ ասի անունը»,- անմիջապես հրաժարվեց տիկինը: Ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը, չըմբռնելով Անահիտ Նիկոլյանի ասածը, հարցրեց. «Ասացիք ի՞նչ տարաձայնություն է եղել Վարդան Ղուկասյանի և Սպարտակ Ղուկասյանի միջև»:

Տիկինը, նորից համոզված, կրկնեց իր ասածը. «Սպարտակը հորն ասել է` աչքերս կքոռանան ու չեմ տեսնի, թե ինչպես ես Մանյային տալիս Կարենին: Իսկ սովորական մահկանացուն չէր կարող տանել Կարենին ու սպանել Սև Ղուլ է, թե Սպիտակ, չգիտեմ, այդտեղ, դա Ղուկասյանների տարածքն է: Իսկ էդ լավ տղերքը եթե տեղյակ չէին, թե ինչ է կատարվել, ինչո՞ւ առավոտյան ժամը 11-ին դիսկեր էին հանում, Կարենի սպանությունից էին խոսում, ի՞նչ գիտեին սպանվա՞ծ է , թե՞ գողը սիրտը`դող»,- բորբոքվեց Անահիտ Նիկոլյանը:

Այս խոսքերի վրա դահլիճում նստած տեղից միջամտեցին Կարեն Եսայանի ընկերները, ովքեր, ըստ Անահիտ Նիկոլյանի, շուրթերով հայհոյում էին իրեն: Տիկինը նրանցից մեկին անվանեց «երջանիկ եզ»` պնդելով, որ իրեն հայհոյում է, այդ երիտասարդն էլ տիկնոջը հակադարձեց` ասելով «Լռի, այ չոլախ»:

Գործին խառնվեց ամբաստանյալ Հարություն Սարգսյանը, ով իր հերթին նախազգուշացրեց, որ հավերժ չի մնալու բանտում, դուրս կգա ու նրանց հարցերը կլուծի: Դատական նիստը վերածվեց իսկական դժոխքի, բոլորը ճչում էին, ամբաստանյալն ու Կարեն Եսայանի ընկերները հայհոյում էին մեկը մյուսին: Անկառավարելի մթնոլորտի պատճառով դատավորը ստիպված էր ընդմիջում հայտարարել:

Տեսանյութը՝ ԳԱԼԱ-ի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Vrdo says:

    Վերջապես ասեցին թե ինչ է եղել գևորի աղջկա հետ.ամբողջ քաղաքն է խոսում ,որ ինքնասպան է եղել.առանց հերձելու թաղեցին,թե իբր քրիստոնյա է.բայց լռիվ սուտ էր.ճիվաղ սպարտակչիկի արածների պատձառով բենզինիստ կոլիկի քուրը կյանքին վերջ տվեց.

  2. Կամո says:

    Յա Անահիտ ջան, հիմնական գործդ պրծել ես, դատարան ես եկել? որ հերթական անգամ ձեր ընտանիքի բողկածները ուրիշների վրա կախեք? , վայ Անո ջան, փաստորեն տղուդ չես բաշարում հա ազատել, լավ էլ սկսել ես վրեցիքդ ցրել, մոլոդեց ձեզի, էն ձեր տան վազը հըլը տեղն է, օր գուզեիր մլիցա մարդուդ գլխին տալ